Իլդարունի
հայկական բլեք ֆոլք մետալ
Իլդարունին՝ Հրազդան գետի հին ուրարտական սեպագրերի ժամանակվա անվանումն է: Մեր օրերի Իլդարունին հայաստանյան հեվի մետալ խումբ է, որի երգերի բառերի մեջ ընդգրկված են ընդարձակ հատվածներ ուրարտական սեպագրերի լեզվից:
Իլդարունի խմբի առայժմ միակ Beyond The Unseen Gateways
«Անտեսանելի դարպասներից» այն կողմ ալբոմը, թողարկվել է 2021 թվականին: Այս ալբոմը ստացել է շատ դրական ռեցենզիաներ մասնագիտացած կայքերում: Ռեցենզիա գրողներից մեկը նույնիսկ կոչել է դա վերջին տարիների լավագույն հայկական մշակութային էքսպորտ: Իսկ բենդքեմփ կայքում Իլդարունիի ալբոմը ընդգրկված է բոլոր ժամանակների ամենավաճառվող հայկական ալբոմների մեջ:
Իհարկե, ոճը որի մեջ նվագում է խումբն անսովոր է շարքային երաժշտասերի համար: Բլեք մետալը հեվի մետալի առավել էքստրեմալ համարվող ժանրերից է: Բայց իր գոյության 40 տարիների ընթացքում հասցրել է ինչպես և մետալի այլ ժանրեր բաժանվել բազմաթիվ կայացած ենթա և ենթա-ենթաժանրերի: Դրանց մեջ ֆոլք և բլեք մետալի խառնուրդ ժանրը նորություն չէ, այլ գոյություն ունի գրեթե ամենա սկզբից, ունի հարուստ ավանդույթ, և տարբեր մեկնաբանություններ: Առաջին հայացքից այս խառնուրդը շատ տարօրինակ է տեխնիկապես առավել էքստրեմալ մետալն ու ժողովրդական երաժշտությունը, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք ունեն բազմաթիվ հատման կետեր: Ի սկզբանե բլեք մետալիստներին ձգել է տարբեր ժողովրդական ավանդույթների հատկապես մռայլ, մութ կողմերը՝ հին ավանդույթներին բնորոշ ողբերգական և խորհդավոր մթնոլորտը: Ընդհանրապես զարմանալի կերպով բլեք մետալը տարիների ընթացքում շատ եվրոպական երկրներում դարձավ ազգային ինքնության, նույնիսկ ազգայնականության դրսևորման ձգողական կետերից մեկն արվեստում: Այդպես էր ի սկզբանե Նորվեգիայում, ուր բլեք մետալի կանոնները հղկվեցին
հաճախ վիկինգական ավանդույթին հղումներով, իսկ հետագայում այդ նույն միտումը դրսևորվեց Արևելյան Եվրոպայում Լեհաստան, Ուկրաինա, Ռումինիա, այլև Ֆրանսիայում, նաև
Կանադայի ֆրանսիախոս Քվեբեկում և այլն:
Իլդարունին այս ավանդույթի մեջ է: Նա հղում է ազգային հնագույն ակունքներին Վանի թագավորության ժամանակներին: Բայց երաժշտական տեսակետից նրանց ֆոլկ մետալն այն չի, ինչ կարող է պատկերացնել անպատրաստ լսողը: Դա ժողովորդականի ու էքստրեմալ մետալի մակերեսային խառնուրդ չի: Ժողովորդականն այստեղ ակնհայտ չէ, առաջին պլանում չէ, այլ խորը յուրացված, մարսված և ինտեգրված տարր է: Հնարավոր չէ այդ տարրը հստակ տարանջատել, և ասել
այստեղ ֆոլկն է, իսկ այստեղ՝ մետալը: Առավել հաճախ ֆոլկը նույնիսկ լսելի չէ, եթե բավականաչափ ուշադիր չես: Սա վկայում է երաժշտական բարձր ճաշակի և տաղանդի մասին, և այնքան էլ հաճախ չի ստացվում այս ենթաժանրի խմբերի մոտ:
Իհարկե, մետալի այս ժանրին ծանոթ մեկը, կարող է հեշտությամբ ճանաչել ծանոթ լուծումները, մոտիվները, կառուցվածքները: Սկսած մելոդիկ բլեք մետալի ակունք շվեդական Dissection-ից, և ինչ որ չափով նորվեգական վիկինգ մետալի պիոներներ Enslaved-ից մինչև ռումինական Negura Bunket, ուկրաինական Nokurnal Mortum և շատ-շատ այլ խմբեր, որոնք վերջին չորս տասնամյակի ընթացքում ստեղծագործել են մելոդիկ բլեք և ֆոլք բլեք ոճերում: Ի դեպ, մելոդիկից չխաբվեք դա մելոդիկ է միայն էքստրեմալ մետալին սովոր ականջի համար: Ընդհանրապես զգացվում է, որ Իլդարունիի երաժիշտները լավ ծանոթ են ոչ միայն մետալի և նույնիսկ ավելի լայն
ռոքի տարբեր ժանրերին և ենթաժանրերին: Օրինակ՝ գիթարի սոլոները, որոնք այդքան էլ բնորոշ չեն դասական բլեք մետալին ի տարբերություն մետալի մյուս ոճերի, ցույց են տալիս մետալի և ռոքի պատմության լավ իմացություն:
Այս իմաստով Իլդարունիի անդամները զրոյից նոր բան ստեղծած նորարարներ չեն: Բայց այն ոճում, որում իրենք նվագում են վաղուց արմատական նորարարությունը դարձել է շատ բարդ, եթե ոչ անհասանելի: Իլդարունիի կլասը` արդեն կայացած ֆորմաների բարձր մակարդակի և որակի մեկնաբանությունն ու կատարումն է: Շատ դժվար է իրոք ուշադրություն գրավել մետալի աշխարհում այսօր, երբ ամսվա մեջ հազարավոր նոր ռելիզներ են լույս տեսնում աշխարհի տարբեր երկրներից, և ոչ ոք բացի նեղ մասնագիտացված կայքերի աշխատողներից չի հասցնում դրանք լսել: Այս անվեր ու հիմնականում, իհարկե, անորակ հոսքի մեջ, Իլդարունին կարողացել է աչքի ընկնել իր որակով:
Եթե երբևէ չեք լսել այս ոճի երաժշտություն, մի վախեցեք: Միակ բանը, որին պետք է սովորեք սկզբում բլեքին բնորոշ վոկալն է: Բայց այս ոճի երաժշտության մեջ այսպես թե այնպես առավել կարևորը գործիքային մասն է, որի շուրջ էլ կառուցվում են երգերը: Վոկալն ինքն ավելի շատ գործիք է, քան դասական իմաստով վոկալ: Երգերը չեն կառուցվում վոկալի մեղեդիի, այլ գիթարային ռիֆֆերի շուրջ, որը ցանկացած մետալ երգի առանցքն է: