Մարտական Եղբայրություն միաբանության Նպատակների հռչակագիր

Երևան, 2024, սեպտեմբերի 3. Բուն թվական Հայոց 4517

Միաբանության գլխավոր նպատակն է հայոց ինքնիշխանության լիարժեք վերականգնումը և հանուն անկախության պայքարը բոլոր մակարդակներում՝ հոգևոր, քաղաքական, ռազմական

Ընդհանուր տեղեկություններ

Մարտական Եղբայրություն միաբանությունը Հայաստանի անկախությանը նվիրյալ մարտիկների երդվյալ միություն՝ ուխտ է:

Միաբանության գլխավոր նպատակն է հայոց ինքնիշխանության լիարժեք վերականգնումը և հանուն անկախության պայքարը բոլոր մակարդակներում՝ հոգևոր, քաղաքական, ռազմական:

Մարտական Եղբայրությունը հավատում է հայ ազգի ներուժին և խնդիր է դնում ճիշտ կազմակերպել այդ ներուժը՝ ստեղծելու համար իրապես հայկական քաղաքական կազմակերպություն, որը կառաջնորդի հանուն անկախության հայ ազգի պայքարը:

1. Ազգային հեղափոխություն

Մարտական Եղբայրությունը ձգտում է ազգային հեղափոխության՝ դա սահմանելով որպես պետական կյանքի շարունակական, արմատական և ոլորտ առ ոլորտ համապարփակ վերանորոգում՝ հիմնված ազգի ներուժի բացահայտման և անկախության բովանդակության կառուցման ծրագրի վրա:

Անկախության բովանդակության կառուցման ծրագիրը նախատեսում է, որ ազգային և պետական կյանքի ամեն ոլորտ պետք է վերակառուցվի՝ սպասարկելու Հայաստանի անկախության շահերը:

Ազգային հեղափոխությամբ պետք ձևավորվի հայ ազգի նոր արժեհամակարգը:

2. Հայ ժողովուրդը՝ ուժային գործոն

Իրական անկախության հասնելու համար հայ ժողովուրդը պետք է նորից վերածվի ուժային գործոնի, որի հետ, կամա թե ակամա, պետք է հաշվի նստեն արտաքին ուժերը: Ուժային գործոնի վերածվելու համար հայ ժողովուրդը մի կողմից՝ պետք է ինքնակազմակերպվի, մյուս կողմից՝ կառուցի արմատապես նոր և իր պայմաններին համապատասխան պաշտպանության համակարգ:

Իր կյանքը վերանորոգելով ազգային հեղափոխության սկզբունքներով՝ հայ ժողովուրդը պետք է ձգտի ոչ միայն պարզապես ուժային գործոն դառնալուն, այլև ռեգիոնալ տերության վերածվելուն, արտաքին խոշոր ուժերի համար տարածաշրջանային կարևորագույն գործընկերոջ կարգավիճակ ձեռք բերելուն՝ առանց որի հետ հաշվի նստելու անհնար կլինի որևէ տևական ստատուս քվոյի հաստատումը տարածաշրջանում:

Ռեգիոնալ տերություն դառնալը ոչ թե պարզապես երազանք կամ ցանկություն է, այլ նաև միակ և լավագույն միջոցը՝ ապահովելու սեփական անվտանգությունն ու հարաբերականորեն տևական խաղաղությունը:

3. Վտանգի և մարտահրավերների աշխարհ

Մարտական Եղբայրությունն ընդունում է, որ ազգերի և պետությունների հարաբերությունների աշխարհն ուժային է, որտեղ վտանգն ու մարտահրավերները մշտական են, իսկ հարատև կայունությունը՝ պատրանք: Վտանգներին և մարտահրավերներին պատասխանելով է ապահովվում ազգերի և մարդկության առաջընթացը:

Մարտական Եղբայրության պատկերացրած հայը ոչ թե ընկճվում, այլ ոգեշնչվում և ուրախանում է մարտահրավերի հեռանկարից: Աշխարհից արդարություն մուրացող խեղճ ու տխուր հայի կերպարը մեզ համար անընդունելի և գարշելի է: Մենք ընդունում ենք ստեղծագործ և ինքն իր ուժերին հավատացող հային:

4. Ազատության արժեքը

Հայ ժողովուրդն էությամբ ազատատենչ է: Ազգային հեղափոխության առանցքային նպատակներից պետք է լինի ոչ միայն արտաքին, այլև ներքին հարաբերություններում ազատության ապահովումը: Առանց ներքին ազատ հարաբերությունների՝ թերի է մնում արտաքին անկախությունը:

Հայ ժողովրդի՝ ազատություն սիրող բնույթն առավելություն է նաև արտաքին հարաբերություններում և ճիշտ օգտագործման դեպքում պետք է դառնա տարածաշրջանային մրցակցության մեջ գերակայության հասնելու գործիքներից մեկը:

Հայ ժողովուրդը պետք է դառնա զինված և զինավարժ, ինչը ներքին հարաբերություններում կշեշտի ազատ ժողովուրդ լինելու նրա կարգավիճակը, իսկ արտաքին հարաբերություններում կդառնա անկախության ապահովման կարևոր տարրերից մեկը:

5. Արմատապես վերափոխված պաշտպանության համակարգ

Հարատև մարտահրավերների աշխարհում իր անվտանգությունն ապահովելու և իր մեծ նպատակներին հասնելու համար հայ ժողովուրդը պետք է ունենա արմատապես վերափոխված պաշտպանության համակարգ:

Արմատական վերափոխման հիմքում պետք է ընկած լինեն Հայաստանի աշխարհագրական և ժողովրդագրական յուրահատուկ պայմանները, պատերազմներ վարելու հայ ժողովրդի սեփական փորձը, հայ ժողովրդի ազատասեր բնույթը: Համաշխարհային փորձը պետք է հարմարեցվի սեփական պայմաններին, այլ ոչ թե պատճենվի կուրորեն:

Ելնելով այդ պայմաններից՝ Հայաստանի ռազմական հայեցակարգի հիմքում պետք է ընկած լինի ակտիվ պաշտպանության գաղափարը. արագ գործողություններ, նախաձեռնողականություն, անսպասելիություն և ճկունություն, կանխարգելիչ հարվածներ, ըստ հնարավորության՝ ռազմական գործողությունների տեղափոխում թշնամու տարածք:

Հնարավորության դեպքում Հայաստանի զինուժը պետք է կարողանա ապահովել հայ ժողովրդի կենսատարածքի ընդլայնումը՝ հաշվի առնելով, որ՝

• որևէ պետական սահման չի եղել և չի լինելու հավիտենական ու անփոփոխ,

• Հայաստանի թշնամիների կողմից գծված ներկա սահմանները կենսունակ չեն:

6. Երևանակենտրոնության հաղթահարում

Հայաստանի գլխավոր ռազմավարական ներքին հարցը ժողովրդագրությունն է, այդ թվում՝ ոչ միայն փոքրաքանակ բնակչությունը, աճի ցածր ցուցանիշները և արտագաղթը, այլև բնակչության գերկենտրոնացումը մայրաքաղաքում:

Երևանակենտրոնության հաղթահարումը ստրատեգիական գերնպատակ է:

Հայաստանը պետք է ունենա նոր մայրաքաղաք: Նոր մայրաքաղաքը պետք է լինի նախևառաջ վարչական և կրթական կենտրոն, չունենա մեծաթիվ բնակչություն և պետք է տեղակայվի Հայաստանի աշխարհագրական կենտրոնին համեմատաբար ավելի մոտ։

7. Տոտալ քաղաքականություն և հոգևոր վերածնունդ

Երկրի իրական անկախության կառուցման ճանապարհին Մարտական Եղբայրությունն անհրաժեշտ է համարում առաջ քաշել տոտալ (ամբողջական) քաղաքականության գաղափարը: Ամբողջական քաղաքականությունն ընդգրկում է նաև սովորաբար ոչ քաղաքական համարվող ոլորտները՝ գրականություն, արվեստ, գիտություն, կրթություն, սպորտ և այլն:

Հայ ժողովուրդը պետք է իր առջև դնի հոգևոր մեծ վերածննդի՝ հայկական մշակույթի նոր ու նախորդողը գերազանցող ծաղկման նպատակ:

Երկրի ներսում հասնելով մշակութային ծաղկման՝ հայ ժողովուրդը պետք է նաև արտահանի ոչ նյութական արժեքներ՝ դառնալով ոչ միայն իր, այլև աշխարհի համար արժեք ստեղծող:

8. Տեխնոլոգիական առաջընթացի քաղաքականություն

Անկախության և ազատության համար անհրաժեշտ նախապայմանները հնարավոր է ապահովել տեխնոլոգիական առաջընթացի քաղաքականության որդեգրմամբ։

Տեխնոլոգիական առաջընթացի քաղաքականության դրսևորումը պետք է լինի ընդհանուր գիտակրթական ոլորտի զարգացման փիլիսոփայական հիմնասյուներից մեկը, այսինքն դրսևորվի ոչ միայն տեխնոլոգիական գիտակրթական միջավայրում, այլև ամենուր՝ հատկապես հումանիտար գիտություններում, տնտեսության մեջ և սոցիալական հարցերում։

9. Արտաքին կողմնորոշումների մերժում

Մարտական Եղբայրության համար մերժելի է քաղաքականության մեջ արտաքին կողմնորշման գաղափարը: Մենք կողմ ենք արտաքին կապերի զարգացմանը, դաշնակիցների ձեռքբերմանը, սակայն դեմ ենք այս կամ այն «-մետությանը»՝ որպես քաղաքական դիրքավորում, առավել ևս՝ որպես ներքին քաղաքական պայքարի գլխավոր ջրբաժան:

Մենք միջազգային հարաբերությունների ասպարեզը և տերությունների միջև հարաբերությունները դիտում ենք որպես ուժային մրցակցության դաշտ: Դրանում մենք ցանկացած պահի ազատ ենք ընտրել դաշնակից՝ ըստ իրավիճակի: Մենք համարում ենք, որ չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, այլ կան փոփոխվող քաղաքական իրավիճակներ, որոնցում պետք է գործենք՝ ուղենիշ ունենալով Հայաստանի ինքնիշխանությունը, հզորացումը և կենսական շահերը:

10. Օտար շահերը սպասարկողների պատիժ

Մարտական Եղբայրությունը վստահ է, որ Հայաստանի իրական անկախացման ճանապարհին կարևորագույն տեղ է զբաղեցնում արտաքին ուժերի ազդեցության գործակալների բացահայտումը և ի հաշիվ սեփական երկրի շահերի՝ օտար ուժերի շահերը սպասարկողների արդար, օրինական և խիստ պատիժը: Հայ ժողովրդին, նրա անկախությանը, հաղթանակներին դավաճանելը հայկական «էլիտաների» համար չպետք է լինի «ջրի ճանապարհ», ինչպես, ցավոք, բազմիցս տեղի է ունեցել առնվազն վերջին 100 և ավելի տարիներին: Օտար շահերը սպասարկողները պետք է գեթ մեկ անգամ խիստ և ցուցադրական պատիժ կրեն՝ որպես դաս ապագա սերունդներին: Այն օրը, երբ դա իրականություն կդառնա, կդրվի Հայաստանի իրական անկախության անկյունաքարերից մեկը:

11. Հարյուրամյակների քաղաքականություն՝ հնարավորությունների աշխարհ

Մարտական Եղբայրության քաղաքականությունն ուղղված է տասնամյակների և հարյուրամյակների։ Մենք մեզ համարում ենք մեծ պատմական շղթայի մասը, ինչը նշանակում է, որ մեր այսօրվա քայլերը կառուցում ենք այնպես, որ հարյուր և հազար տարի անց էլ մեր գործը ներկայանալի լինի գալիք սերունդներին: Մեկ անգամ ստեղծվելով՝ Մարտական Եղբայրությունը պատրաստվում է հայ ժողովրդի հետ լինել՝ մինչև ժամանակների կատարումը:

Այդ մեծ՝ տասնամյակների և հարյուրամյակների հեռանկարում բացվում է հնարավորությունների անսպառ աշխարհ: Մի կողմից՝ ընթացիկ խնդիրների լուծումն ավելի ակնհայտ է դառնում, երբ այդ խնդիրները դիտվում են ժամանակային մեծ հեռանկարի լույսի ներքո, մյուս կողմից՝ անընդհատ փոփոխվող պայմաններում հնարավոր է հասնել գրեթե ցանկացած՝ այսօր անիրական թվացող նպատակի, եթե այն ճիշտ ձևակերպվի և փոխանցվի սերնդե սերունդ:

Երևան, 2024, սեպտեմբերի 3

Բուն թվական Հայոց 4517

Social