ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՅԼ ԱՌԱՋ

Ինչպես ազատվել վարչական միավորի փիլիսոփայական շարունակությունը լինելուց

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը անկախացավ, սակայն շարունակեց ապրել այն նույն փիլիսոփայությամբ որով ապրում էր ՀԽՍՀ-ն, այսինքն մի վարչական միավոր, որը չէր կարող ունենալ պետության նպատակներ և խնդիրներ։

Տվյալ դեպքում փիլիսոփայություն նշանակում է՝ պետության հայացքը աշխարհին, պատմությանը և ինքն իրեն, այսինքն` որն է քո պետության դիրքը և տեղը աշխարհի նկատմամբ, որն է քո և աշխարհի պատմությունը և ինչպիսի միավոր ես հանդիսանում ինքդ։ Նշված բաղադրիչները մեկը մյուսի հետ ներթափանցված են և փոխազդեցության մեջ են։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը անկախացավ, սակայն շարունակեց ապրել այն նույն փիլիսոփայությամբ որով ապրում էր ՀԽՍՀ-ն, այսինքն մի վարչական միավոր, որը չէր կարող ունենալ պետության նպատակներ և խնդիրներ։

Տվյալ դեպքում փիլիսոփայություն նշանակում է՝ պետության հայացքը աշխարհին, պատմությանը և ինքն իրեն, այսինքն` որն է քո պետության դիրքը և տեղը աշխարհի նկատմամբ, որն է քո և աշխարհի պատմությունը և ինչպիսի միավոր ես հանդիսանում ինքդ։ Նշված բաղադրիչները մեկը մյուսի հետ ներթափանցված են և փոխազդեցության մեջ են։

Վերոնշյալ փիլիսոփայության վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանը հանդիսանում է ՀԽՍՀ փիլիսոփայական շարունակությունը։

Այսինքն, Հայաստանը որպես պետություն, ապրում է վարչական միավորի ծրագրավորմամբ, ինչը չի կարող պարբերաբար ձախողումների չհանգեցնել։

1․ՀԽՍՀ փիլիսոփայությունը

1․1 Հայացք աշխարհին

Համաձայն ՀԽՍՀ փիլիսոփայության աշխարհը վտանգավոր վայր է, որտեղ մեծ տերությունները խժռում են փոքրերին։

Աշխարհում կան մեծ տերությունների կողմից կառուցված մեկ կամ մի քանի համակարգեր՝ կանխորոշված կառույցներ, որտեղ փոքրերը իրենց շահերը ինքնուրույն չեն կարող պաշտպանել։

Անհրաժեշտ է պատսպարվել։

Այդ վտանգավոր և կանխորոշված կառույցներով աշխարհում, Հայաստանը հանդիսանում է յուրային մի մեծ համակարգի մաս, որը ապահովում է իր անվտանգությունը և գոյությունը։ Այն ժամանակ դա Սովետական Ռուսաստանն էր կամ ԽՍՀՄ-ը։

Հայաստանը չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել՝ ինքնուրույն նպատակներ դնել և լուծել իր շահերին առնչվող խնդիրներ։

Հայաստանը միայն կարող է տեղավորվել մեծ տերությունների շահերի հոսքի մեջ՝ փորձելով այդ հոսքի ընթացքում իրեն հարմար դիրք բռնել։

Այսինքն ՀԽՍՀ հայացքն աշխարհին բերում էր նրան, որ խնդիր էր դրվում՝ ոչ թե ինքնիշխանության, այլ մեծ տերության շահերի սպասարկման։

Եվ հատկապես 1960-ականներից 80-ականները հայերի համար դրվեցին այն արտաքին քաղաքական ուղենիշները, որոնք գործում են մինչ այժմ՝ Թուրքիայի էութենական թշնամացում և բացարձակ ժխտում, Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր, անվստահություն արևմուտքի նկատմամբ, և Ռուսաստանի միջոցով խնդիրների լուծում։

Դժվար չէ նկատել, որ վերոնշյալ բոլոր առանցքային գաղափարները ինքիշխանությունը ժխտող և արտաքին քաղաքական ազատությունը սահմանափակող գաղափարներ են։

1․2 Հայացք պատմությանը

ՀԽՍՀ փիլիսոփայության համաձայն՝ պատմությունը հայերի համար իրական չէ։ Կան խոշոր ժողովուրդներ, որոնք պատմությունը առաջ են տանում, և կան հայեր որոնք ենթարկվում են այդ գործընթացներին։

Պատմության ընթացքում Հայաստանը մշտապես եղել է թույլ և անօգնական միավոր, նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ, երբ Հայաստանը հանձնվում է Հռոմին։

Երբ որ Հայոց Պատմությունը կարդում ենք ու գալիս հասնում ենք Ռուսական կայսրության կողմից Հայաստանը գրավելու ժամանակ՝ շունչ ենք քաշում, որովհետև վերջապես Հայսատանը դարձավ պաշտպանված արտաքին հարձակումներից։ Պատմության նման ներկայացումը ազգի ենթագիտակցության վրա ազդելու հատուկ հնարք էր։

Հայոց պատմությունը՝ Հայաստանի հալածանքի պատմություն է, որին պատռում են գերտերությունները, քոչվորները, մահմեդականները։

ՀԽՍՀ կողմից շարադրված Հայոց պատմության մեջ գոյություն չունի գործոն Հայաստան և Հայաստանը միշտ կարիք ունի ուժեղ դաշնակցի։

ՀԽՍՀ ժամանակի պատմությունը անարդարությունների պատմություն է՝ երբ ճնշվել է ազնիվ, փոքր, քրիստոնեա, միամիտ հայ ժողովուրդը, որը զբաղված էր գրերի գյուտով, մատյաններ գրելով, հող մշակելով, եկեղեցիների կառուցելով։

Նույնիսկ հայկական պետականության դարաշրջանները ներկայացված են առանց պետականության շոշափելի զգացում տալու, այսինքն թվում է թե խոսվում է հայկական պետության մասին, սակայն այդ խոսքի մեջ չկա պետական կառավարում, կազմակերպում, միջպետական հարաբերություններ, ռազմաքաղաքական գործընթացներ, այլ կա միայն հեքիաթային հերոսականություն կամ վիպականացված հաղթանակներ ու պարտություններ։

Չկա պետության կողմից սեփական կամքի գործադրում։

Սա բերում է պատմության հեքիաթային ընկալման, իսկ նման ընկալումը բերում է պետականության և ինքնուրույնության զգացման թուլացման։

Համաձայն այդ պատմության՝ հայերը ըստ էության կրոնական համայնք էին, զուրկ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու կարողությունից, դիվանագիտական ձիրքից, ռազմական հմտությունից, պետական կառավարումից։

Եվ ոչ միայն հայոց պատմությունը, այլև համաշխարհային պատմությունը անարդարության պատմություն է, որտեղ ուժեղները շահագործում և գաղութացնում են փոքրերին։

1․3 Հայացք ինքն իրեն

ՀԽՍՀ փիլիսոփայության համաձայն՝ հայ ժողովուրդը ոչ միայն պատմության ընթացքում այլև ներկայում, փոքր ժողովուրդ է, որը ունի լավ մշակույթ, լավ բնություն, եկեղեցիներ, խաչքարեր, լավաշ և հաճույք է ստանում երբ մեծ ժողովուրդները գովում են իրեն, գրում են իր մասին, պաշտպանում իրեն։

Այսինքն հայերը սեփական էությունը ընկալել են ոչ թե որպես ազգերի ընտանիքի լիարժեք անդամ և ինքնուրույն անդամ, այլ որպես մեկ մակարդակ ցածր կազմավորում, որը կարիք ունի ավելի մեծի կողմից պաշտպանության և որը զուրկ է ազգերի կարգավիճակը որոշող հիմնական հատկանիշներից՝ արտաքին քաղաքականություն վարելու և ինքն իրեն պաշտպանելու հատկանիշներից։

ՀԽՍՀ փիլիսոփայության մեջ հայերի ինքնաընկալումը հանգեցնում է նաև այնպիսի գաղափարի, որի համաձայն հայ ժողովուրդը ի վիճակի չէ պետություն ունենալու։

Մենք չունենք բանակ կազմակերպելու հմտություններ, դիվանագիտական հմտություններ, պետական ապարատ պահելու մարդկային կարողություններ, անհատապաշտ ենք ու չենք կարող պետական համակարգի մեջ աշխատել, հարկեր չենք կարող հավաքել, քանի որ խաբեբա ենք, դավաճանները համաշխարհային միջինից շատ են և այլն։

Դպրոցական դասագրքերը լի են եղել հատկապես ռուս գործիչների արտահայտած գովասանքով հայերի մասին։ Սա դուրեկան էր և հայ ժողովուրդը հպարտությունը սրա մեջ էր տեսնում։

Հայ ժողովուրդը ինքն իրեն տեսնում էր թույլի դերում և թույլի դերը համարվում էր ազնիվ դեր։ Դա բնական վիճակ էր՝ <<հազարամյակների հալածանքից հետո վերջապես ապահովություն գտած ժողովրդի համար>>։

Հայ ժողովուրդն իրեն տեսնում էր որպես ներքին ուժ չունեցող միավոր, որը կարող է զարգանալ միայն արտաքին գործոնից ստացած ապահովությամբ։

Չկա ներքին ուժ, այդ ներքին ուժը մեծացնելու նպատակ։ Չկա ներքին ուժը դեպի աշխարհ մղելու գիտակցություն կամ ենթագիտակցություն։

2․ Հայաստանի Հանրապետության փիլիսոփայական խնդիրը և լուծումը

Ահա վերոնշյալ փիլիսոփայական հիմքերի վրա էր կառուցված ՀԽՍՀ-ն, որը հանդիսանում էր վարչական միավոր։

Վարչական միավորը չպիտի ունենար արտաքին քաղաքականություն, պետական նպատակներ, պաշտպանության խնդիր, սեփական կրթություն կազմակերպելու խնդիր, ինքնիշխանություն և հետևաբար չպիտի լինեին այնպիսի փիլիսոփայական գծեր, որոնք հատուկ են պետությանը և կենսական են պետության համար՝ որպես օրինակ՝ ներքին ուժի գիտակցումը, այն մեծացնելու ձգտումը, ներքին ուժի կատարելագործումը, դիմադրողականությունը, ինքնուրույնությունը, պայքարի ջիղը և վտանգի սովորական ընկալումը։

1991-ից հետո՝ վարչական միավորի համար նախագածված փիլիսոփայական ուրվագծերը սկսեցին օգտագործվել անկախ Հայաստանի համար, սակայն նման փիլիսոփայությամբ երկիրը պարտադիր պիտի ձախողվեր պետական խնդիրներ իրականացնելիս։

Հայաստանի հիմքում շարունակեց մնալ փոքրի և ներքին ուժի մերժման գաղափարը։ Հայաստանը շարունակեց իր քաղաքականությունը կառուցել մեծ տերության շահերի հոսքի մեջ տեղավորվելու ռազմավարությամբ։

Մերժվեց Հայաստանի ներքին ուժը, որը արտահատվեց ինքիշխանության նկատմամբ բավարար հավատի բացակայությամբ և արտաքին քաղաքական հարցերում ՀԽՍՀ ժամանակ ներդրված ուղենիշներին հետևելով։ Այսինքն չձևավորվեց սեփական պետության շահերի բավարարման համար անհրաժեշտ արտաքին քաղաքական ուղենիշներ։

Սրա հետևանքով, Հայաստանը որևէ էական քայլ չարեց Ռուսաստանից իր անկախության մակարդակը բարձրացնելու համար, շարունակեց Ռուսաստանի շահերի հոսքի մեջ տեղավորվելու քաղաքականությունը, չփորձեց սեփական ուժերին ապավինելու և այդ ուժերը կատարելագործելու միջոցով իր անվտանգությունն ապահովել, այլ ընդհակառակը մշտապես զիջեց իր ինքնիշխանությունը <<անվտանգության>> դիմաց։

Եվ իսկապես՝ դժվար չէ, թեկուզ դիվանագիտական հիմնավորմամբ, հրաժարվել ինքիշխանության բաղադրիչներից, եթե դու որպես պետության ղեկավար կամ հասարակություն, կրողն ես վարչական միավորի փիլիսոփայության։

Որովհետև վարչական միավորի փիլիսոփայությունը կրողի համար ինքնիշխանությունը կարևոր չէ, իսկ ինչը որ կարևոր չէ՝ կարելի է հրաժարվել դրանից, և հրաժարվել հանուն կարևոր բանի՝ մեծ տերության շահերի հոսքի մեջ գոյությունը պահպանելու։

Ահա մենք տեսնում ենք թե ինչպիսի փիլիսոփայական ազդակների մղմամբ է հնարավոր, որ անձը կամ հասարակությունը հրաժարվի ինքնիշխանությունից։

Հայաստանը իր առաջ չդրեց պետության ռազմավարական նպատակներ։

Որպեսզի Հայաստանը դադարի առաջնորդվել վարչական միավորի փիլիսոփայությամբ և ամրանա որպես պետություն, անհրաժեշտ է կատարել փիլիսոփայական քայլ առաջ, փիլիսոփայական վերափոխում, որի արդյունքում մեծ տերության շահերի հոսքում գոյատևելու ռազմավարությունը կփոխարինվի սեփական շահերի սպասարկման ռազմավարությամբ, անկախ նրանից՝ սեփական շահերի հետապնդումը որքան է հակասում մեծ տերությունների շահերին, կամ որքան է այն վտանգավոր։

Փիլիսոփայական վերափոխման արդյունքում Հայաստանը պետք է բացահայտի և կատարելագործի իր ներքին ուժը ու սկսի ապավինել դրան։

Անհրաժեշտ է փոփոխել Հայաստանի հայացքը աշխարհին, պատմությանը, և ինքն իրեն։

3․ Փիլիսոփայան վերափոխումը՝ վարչական միավորից դեպի պետություն։

3․1 Հայացքն աշխարհին

Աշխարհը որպես մեծ տերությունների կողմից կառուցված անփոփոխելի համակարգերի ամբողջություն և անհաղթահարելի վտանգավոր վայր դիտելու փոխարեն, անհրաժեշտ է այն ընկալել, որպես միավորների՝ ժողովուրդների ազատ փոխգործակցության վայր։

Եվ նման պարագայում անվտանգության արտաքին պաշտպան փնտրելու և մեծ տերությունների շահերի հոսքի մեջ տեղավորվելու փոխարեն, անհրաժեշտ է սկսել դավանել մի փիլիսոփայություն, որի համաձայն Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի նախևառաջ ինքնիշխանության բարձրացման և ներսի ուժի կատարելագործման միջոցով։

Հայաստանը պետք է դադարի փոքր լինելու մասին գաղափարը իր առանցքում դնելուց և դրա փոխարեն իր առաջ պետական ռազմավարական խնդիրեր դնելով փորձի հասնել պետության հզորացման։

Մեծ տերության շահերի հոսքի մեջ տեղավորվելը զարգացման քաղաքականություն չէ, և իր հիմքում ունի ինքնիշխանությունից հրաժարման գաղափարը։

Անհրաժեշտ է նկատել, որ սեփական պետությունը մյուս պետություններին հավասար միավոր դիտարկելը փիլիսոփայական իմաստով հակասության մեջ է գտնվում հիերարխիայում տեղավորվելու գաղափարից։

Առաջինը ազատության փիլիսոփայության հիմնադրույթներից է։

Ազատության փիլիսոփայությունը ենթադրում է համակարգի բաղադրիչների ինքնուրույնություն, ինքնակարգավորում և ներդրում համակարգի կառուցման ու գործունեության մեջ։

Ազատության փիլիսոփայության կարևոր տարր է պատասխանատվությունը և վտանգը, որի կառավարումը սեփական գործողություններից է կախված։

Սրան հակառակ մեծ տերության շահերի հոսքի մեջ տեղավորվելը բխում է՝ համակարգի ազատության փոխարեն, համակարգի նախագծվածությունը ընդունելուց։

Այսինքն երբ մեծ տերությունը նախագծել է համակարգ ու պետք է ընդունել այդ համակարգը և տեղավորվել դրա մեջ։Այդ համակարգն է քո փոխարեն որոշումներ կայացնում, ինչը նման դեպքում ընդունելի է։ Այդ համակարգն է քո անվտանգությունը ապահովում, այսինքն վտանգը և դրա համար պատասխանատվությունը /որոնք ազատության կարևոր տարրերն են/ վերցված են համակարգը նախագծողի կողմից։

Այսպիսով Հայաստանը պետք է դադարի աշխարհը դիտել որպես մեծերի կառուցած հիերարխիա ու հրաժարվի այդ հիերարխիայում տեղավորվելու քաղաքականությունից և դավանի ազատության փիլիսոփայություն, այսինքն ազատ աշխարհում /ոչ անփոփոխելի նախագծված աշխարհում/ սեփական կամքի վրա հենվելու քաղաքականություն։

3․2 Հայացք պատմությանը

Պատմությունը, այսինքն կյանքը, անարդարություններից անդին է։

Անհրաժեշտ է վերափոխել հայերի հայացքը պատմությանը՝ հալածվածության, անարդարության ընթացքից դեպի ազատ նավարկության գաղափարը, պատմության՝ անիրական, հեքիաթային բնույթից դեպի խիստ նյութական ու ներկայի պես շոշփաելի երևույթի։

Այսինքն ազգերը ազատ են ապրելու և այդ ազատության մեջ չի կարող լինել անարդարություն կամ հալածանք։ Չի կարող լինել նաև ուրիշի պաշտպանության ներքո գոյատևում, որովհետև դա ազատության ժխտում է, իսկ ազատության ժխտումը կյանքի մերժում է։

Ազատության մեջ կա պայքար, դիմադրություն, կատարելագործում, հետընթաց, քայքայում, ոչնչացում, բայց ոչ երբեք անարդարություն և տառապանք։

Ազատության հետևանքները անարդար չեն լինում։

Պատմության մեջ հայերի ոչ գործոն լինելու կեղծ գիծը, և պատմական գործընթացների ու դրանց հետևանքների հեքիաթային ներկայացումը պիտի փոխարինվի այդ ամենի հիմքում կամքի և կառուցվածքների երևակմամբ։

Անհրաժեշտ է հայերի՝ պատմության նկատմամբ հայացքը, ապահովության և արդարության փնտրտուքներից տեղափոխել դեպի ազգերի ազատ նավարկության գաղափարը։

3․3 Հայացք ինքն իրեն

Ինչպես նշվեց, ՀԽՍՀ փիլիսոփայության համաձայն, Հայաստանը կամ հայերը իրենք իրենց դիտարկում են որպես՝ ազգերի ընտանիքում մեկ մակարդակ ցածր կազմավորում, որը ի վիճակի չէ ունենալ պետություն և ինքն իրեն պաշտպանել։

Ինքնիշխանի փիլիսոփայությամբ Հայաստանը պիտի իր գիտակցության մեջ ընկալվի որպես համարժեք մնացած բոլոր ազգային միավորներին։ Համարժեք՝ կարողություններով։

Պետություն կազմակերպելու, համաշխարհային ազգային հարաբերություններում /ոչ միայն գիտական, մշակութային, խոհանոցային, սպորտային/ ներդրում անելու լիարժեք կարողություններ ունեցող, գործոն հանդիսացող ազգ։

Հայ ազգը պիտի հրաժարվի ինքն իրեն որպես թույլ դիտարկելու դիրքորոշումից և զարգացնի ներքին ուժը։

Հայերը ի վիճակի են իրենց առաջ դնելու և լուծելու արտաքին քաղաքական խնդիրներ, ինչպես նաև կարող են ունենալ պետություն և ինքնուրույնաբար զարգացնել այն։

Այս գաղափարը հակասության մեջ է գտնվում ՀԽՍՀ փիլիսոփայության հետ, որի համաձայն հայերը թույլ են և կարիք ունեն արտաքին պաշտպանության։

Նոր փիլիսոփայության համաձայն չպիտի լինի որևէ կառույց որը վեր է ազգից և պիտի պաշտպանի ազգը՝ լինի դա ներքին կառույց թե արտաքին։

Ազգն ինքնիշխան է, իսկ ինքնիշխանը իր խնդիրները լուծում է իր կողմից ստեղծված և ենթակա կառույցների միջոցով, այլ ոչ թե վերազգային կառույցների միջոցով։

***

Այսպիսով, անհրաժեշտ է կատարել վերոնշյալ փիլիսոփայական փոփոխությունները, որոնք պիտի կատարվեն քարոզչության, կրթական համակարգի միջոցով, ինչպես նաև պետական կառավարման համակարգը համապատասխան փիլիսոփայություն կրող մարդկանցով համալրելու միջոցով։

Աշոտ Տերտերյան

Կարող եք նաև դիտել ելույթի տեսահոլովակը ստորև՝

Social