«Եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի»
ինչու՞ թույլ չեն տալիս մուտք գործել Վերին Ոսկեպարի տարածք
2023թ․-ի գարնանից Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի արդյունքում ստեղծվել է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածք, որտեղ մարզումներ են իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար:
Երեկ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանին բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժին՝ Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար: Երբ վերջիններս մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության աշխատակիցները և ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չունեն: Նույնն է ասել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալը, ով ավելի ուշ է տեղ հասել։
«Մեր խնդիրը, առհասարակ, ոստիկանության հետ չէ: Տեղի ոստիկանությունն այս հարցի հետ որևէ առնչություն չունի, իրենց ուղղակի վերևից հրահանգ է եղել: Բայց մենք ենք հարկ վճարում, որ այդ նույն ոստիկանները մեզ ծառայեն, մեր ներքին կյանքն ու անվտանգությունը հսկեն: Այլ բան է, որ քաղաքական իշխանություններն իրավասություն ունեն հրաման տալու, ու այդ մարդիկ հրամանի տակ են, այլ բան անել չեն կարող:
Սա սկսվել է դեկտեմբերին, մինչ այդ մենք մշտապես մարզումներ ենք իրականացրել կրակակետում, որևէ խնդիր չի եղել: Էլի դեպքեր են եղել, երբ արգելել են մուտք գործել տարածք: Այս անգամ մեր տղաները գնացել են ուղղակի գիշերելու այնտեղ տեղադրված մեր վագոն-տնակում: Պատճառաբանել են, որ վերջինս անօրինական է, բայց եթե այն ժամանակավոր շինություն է, ինչպե՞ս կարող է անօրիանական լինել: Մենք պատրաստ ենք օրինականացնել, թող թույլտվություն, հողի նկատմամբ իրավունք տան», 1or.am-ի հետ զրույցում նշեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը:
Մեր դիտարկմանը, որ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Ավետիս Ավետիսյանը և Հենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար, Շիրոյանը պատասխանեց.
«Զենքի ստուգման թեմա չի եղել, քանի որ զենքն օրինական է: Ճիշտ է, հիմա ՆԳՆ-ն հերքում է, բայց նրանց սկզբնական պահանջը եղել է այն, որ մեր տղաների՝ այդ տարածքում գտնվելն անօրինական է: Ասել են՝ տարածքը մերը չէ: Ես հարցնում եմ՝ ու՞մն է, եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի, ինչու՞ են իրենք խոսում:
Հարցին՝ որոնք են լինելու նրանց հետագա քայլերն ու ինչ ճակատագիր է ունենալու կրակակետը, Շիրոյանը պատասխանեց, որ իրենք շարունակելու են մարզումները.
«Թող իրենք խանգարեն, այդ տարածքը հազար տեղից մուտք ունի, չեն կարող անընդհատ արգելել: Զենքի թույլտվության օրենքը կա, փոխարենը մարդկանց հորդորեն գնալ, քննություն հանձնել, զինվել՝ հատկապես սահմամամերձ շրջաններում, մեր ոստիկաններին հրամայում են մեր տարածքները մեզնից պաշտպանել: Մարդկանց, ում տները հարյուր-երկու հարյուր մետրի վրա են գտնվում ադրբեջանական դիրքերից, թույլ չեն տալիս նույնիսկ ամրաշինական աշխատանքներ կատարել, հետո էլ համապարփակ անվտանգությունից են խոսում»:
Նյութը Նոյեմ Սարգսյան-ի՝ 1or.am կայքից