Մի դեպք պատմեմ դիպուկահարների մասին
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը գրում է
2023թ. սեպտեմբերի 20-ն էր… Մեզ , ըստ հրամանի, հանձնարարված էր գտնվել Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասում, որպեսզի թույլ չտայինք հակառակորդի առաջխաղացումը դեպի քաղաք, ուր իրենց տներում էին գտնվում խաղաղ բնակիչները:
Ինչպես միշտ մեր հետախուզությունը էշի ականջում քնած էր, երբ բարձունքից սկսեցին ներքև իջնել 15-20 հոգի: Դե պարզ էր արդեն, որ ղոնախներն էին: Մեզ հետ նույն տարածքում էին նաև այլ ստորաբաժանումների մի քանի ծառայակիցներ:
Մինչ նրանք կփորձեին հասնել տներին, Մալոյանի վարորդ Արտյոմի հետ (ամեն մեկը դուխ չէր անի մեքենա վարել այդ ժամանակ) առանց խուճապի մատնվելու հինգ-վեց թաղերի բնակիչների տեղեկացրինք իրավիճակի մասին, իսկ քիչ անց արդեն Վարդանյան Սասունի և Մուսայելյան Արմանի հետ կարողացանք ապահովել բնակչության անվտանգ դուրսբերումը թաղամասից։ Այդ նույն ժամանակ էր, որ մեր Համզոյան Հարութը դրանցից մեկի ուղեղը թափել էր բուռը(նկարներում սաղավարտից երևում է)՝ կասեցնելով առաջխաղացումը:
Չկարողանալով առաջ շարժվել՝ ստիպված փոխեցին իրենց մարտավարությունը և սկսեցին կիրառել դիպուկահար հրացաններ։
Գործում էին երկու հոգի, ոչ ավել: Կարողացել էին հսկողության տակ վերցնել երկու կարևոր խաչմերուկները և կտրել մատակարարման ճանապարհները: Այդ ընթացքում էր, որ ամեն խաչմերուկում տվեցինք մեկական վիրավոր: Առաջինի վիրավորումը գլխից էր, բայց ողջ մնաց շնորհիվ մի ոստիկանի, ով օգնեց ինձ տեղափոխել նրան մոտ 300 մետր հեռու գտնվող մյուս խաչմերուկ, որտեղից հիվանդանոցն ավելի մոտ էր: Նոր էինք հասել երկրորդ խաչմերուկ, երբ ճանապարհը փորձում էին անցնել արդեն քաղաքացիական հագուստով զինվորներ: Փորձեցի զգուշացնել, սակայն ապարդյուն. նրանցից մեկն անցնելու պահին ոտքից վիրավորվեց(նա նույնպես հիմա ողջ է):
Ասածիս միտքն այն է, որ ընդամենը երկու միջին պատրաստվածության դիպուկահարներ, առանց մեծ ռեսուրսներ վատնելու, կարողացել էին կանգնացնել օդը՝ թույլ չտալով մեզ ոչ մի շարժ իրականացնել:
Կամք ու վճռականություն մեր հրամանատարական կազմին:
Կգա այն օրը, երբ բոլոր հատուկ ստորաբաժանումներն էլ կհասցնենք մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։