ԽՍՀՄ-ն ընդդեմ Անկախ Հայաստանի
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Ռուսաստանի համար ունի այնպիսի նշանակություն, ինչպիսին կարող է ունենալ Բուրյաթիայի և Տուվայի հանրապետությունների միջև սահմանազատումը, այսինքն ռուսները հարցը դիտարկում են որպես իրենց երկրի ներքին հարց, որի լուծումը մերթընդմերթ կարող է շահեկան լինել մեկ մի պետության համար, մեկ` մյուսի։ Որպեսզի ասածներս ավելի պատկերավոր լինեն, բերեմ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների օրինակները, որտեղ ռուս սահմանապահները տեղակայվել են, որպեսզի ԽՍՀՄ արտաքին սահմանների փոփոխություններ չլինեն։ Սա ցուցիչ է, որ Ռուսաստանի համար կարևոր է ԽՍՀՄ արտաքին սահմանների անքակտելիությունը, մնացածի շուրջ ինքը ժամանակ առ ժամանակ կարող է սիրաշահելու և ներքին կոնֆլիկտները հարթելու նպատակով մեկի հաշվին մյուսին լավություն անել, կարևորը, կողմերից ոչ մեկը հանկարծ չմտածի իրական անկախություն ձեռք բերելու մասին։
Իսկ մեր իրականությունը հետևյալն է` 1988 թ-ից սկիզբ առած համազգային շարժմամբ, 1990 թ-ի օգոստոսի 23-ին անկախություն հռչակած, 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին անկախությունը հանրաքվեով հաստատած, 1994 թ-ի մայիսի 12-ին հաղթած ու արյամբ սահմանազատված Հայաստանի Հանրապետության անկախությունը շատ կարճ ժամանակաընթացքում դարձրին կեղծ, ֆիկտիվ անկախություն։ Ու հենց անկախության զիջումով էլ դրվեց այսօրվա մեր բոլոր պարտությունների հիմքը։ Ու այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը հանուն Իրապես Անկախ Հայաստանի պայքարն է։ Մենք պետք է մեր պայքարը սկսենք այն կետից, որտեղից սկսվել է մեր պարտությունների շարքը։ Ու այս պայքարի համար կարևոր է, որ անկախական բոլոր անհատները, խմբերը, հասարակական ու քաղաքական գործիչները մեկտեղ ու միասնական ճակատով հանդես գան ընդդեմ էությամբ բոլշևիկների։
Հ.գ. Հիշեցնեմ , որ մինչև Հայաստանի անկախության տոնը` սեպտեմբերի 21-ը, ժամանակ ունեք դիրքորոշում հայտնելու Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի և հայ-ադրբեջանական խնդրի լուծման վերաբերյալ։ Դրանից հետո մենք կհայտնենք մեր դիրքորոշումը պատասխանողների և չպատասխանողների վերաբերյալ։
#Չեղարկելնոյեմբերի9ը