«Քաջ գիտակցություն»
Գաղափարական պարապմունքները Մարտական եղբայրության գրասենյակում
2023 թվականի հունվարի 21-ին Մարտական տեսական պարապմունքներին զուգահեռ Մարտական եղբայրության գրասենյակում մեկնարկել է նաև Գաղափարական դասընթացը, որը վարում են Եղբայրության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանը և Ավետիս Ավետիսյանը: Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: Փետրվարի 11-ին տեղի ունեցավ հերթական գաղափարական պարապմունքը, որը վարեց Հրանտ Տեր- Աբրահամյանը: Դասը կոչվում էր “Քաջ գիտակցություն”: Դասի տեսանյութը կարող եք դիտել Մարտական եղբայրության յութուբյան ալիքում՝
Դասի ընթացքում բանախոսը ներկայաացրեց Մարտական եղբայրության՝ արիություն մտքերում, խոսքերում, գործերում սկզբունքը: Վերլուծվեց հայերեն քաջ և վատ բառերի պատմությունը, որի միջոցով ցույց տրվեց, որ լեզուն պահում է իր մեջ հին հայկական բարոյական համակարգի հետքերը, համաձայն որի քաջությունը նույնանում է ընդհանրապես լավի, բարիի հետ, իսկ վատը նշանակում է վախկոտ: Դրանից հետո բանախոսը ներկայացրեց այդ հին համակարգի կապն այսօրվա հանրային և քաղաքական իրավիճակի հետ: Նրա պնդմամբ, այսօրվա իրավիճակից ելք գտնելու բանալին “քաջ գիտակցությունն է”, այսինքն՝ իրականությունը անսքող, սթափ տեսնելու և գնահատելու կարողությունը, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանականությունն անջատող վախը հաղթահարվում է: Բերվեցին կոնկրետ օրինակներ քաղաքական իրավիճակներից: Բանախոսի խոսքի ավարտին հետևեց մասնակիցների հետ թեմայի քննարկումը: