Վերլուծական տեղեկանք # 1: Ռուս-ադրբեջանական սառեցումը համակարգային չէ

Մարտական Եղբայրություն միաբանություն
«ՎիԿա» վերլուծական խումբ
2025 06 10

Վերլուծական տեղեկանք # 1
Ռ...

Մարտական Եղբայրություն միաբանություն «ՎիԿա» վերլուծական խումբ 2025 06 10

Վերլուծական տեղեկանք # 1

Ռուս-ադրբեջանական սառեցումը համակարգային չէ

2025 թվականը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում նշանավորվեց մի շարք զուգահեռ գործընթացներով, որոնք արտաքուստ ձևավորեցին տարածաշրջանային դինամիկայի փոփոխության պատրանք։ Մի կողմից՝ արձանագրվեց ռուս-ադրբեջանական փոխգործակցության ակնհայտ սառնություն՝ տեղեկատվական և դիվանագիտական մակարդակներում։ Մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվեց հրապարակային ակտիվացում՝ շնորհավորանքների, բարձրաստիճան այցելությունների և փոխադարձ հավաստիացումների տեսքով։ Ոմանց սա հույս ներշնչեց, թե Ռուսաստանը վերջապես «դասեր է քաղել»՝ վերագնահատելով իր «ռազմավարական գործընկերների» հիերարխիան և արժևորելով հայ-ռուսական «պատմական կապերը»։ Սակայն սթափ վերլուծությունը ցույց է տալիս հակառակը․ նոր թվացող դասավորությունը նախևառաջ իրադարձային է, բացի այդ՝ ժամանակավոր։ Նախկինում առկա քաղաքական կոնֆիգուրացիային թվացյալ վերադարձը՝ հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի հետ ընթացիկ գործնական տարաձայնություններով, այլ ոչ թե Հայաստանի նկատմամբ նոր վերաբերմունքով։

Զարգացումներ. առաջին հայացք

2025 թ. ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մի շարք հրապարակային դրվագներ վկայեցին դեռևս AZAL-ի ինքնաթիռի վթարից սկսած լարվածության շարունակության մասին. Փետրվարին կասեցվում է Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» («Ռուսական տուն») գրասենյակի գործունեությունը։ Հիմնավորումը գրանցման փաստաթղթերի բացակայությունն էր, թեև ռուսական որոշ աղբյուրներ դա որակեցին որպես քաղաքական քայլ։ Դրա օգտին է խոսում նաև այն, որ «Ռուսական տան» փակմանը նախորդել էր տեղեկատվական լուրջ արշավ ադրբեջանական մամուլում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա բացասական անդրադարձ են ունենում նաև Բաքվի և Կիևի համագործակցությունը՝ հումանիտար և էներգետիկ ոլորտներում։ Բացի դրանից, ռուսական տեղեկատվական դաշտում զգալի գրգռվածություն է առաջացնում ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի և արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարարությունները, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Որպես ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցման ազդակ (և նոր խթան) դիտարկվում է նաև Իլհամ Ալիևի բացակայությունը մայիսի 9-ի զորահանդեսից։ Պաշտոնական բացատրությունն այն էր, որ նույն օրը, Բաքվում անցկացվելու էին Հեյդար Ալիևի 101-ամյակին նվիրված միջոցառումներ։ Այդուհանդերձ, ռուսական որոշ գործիչներ բացասաբար վերաբերվեցին դրան, ինչի հետևանքով Ադրբեջանում նույնիսկ արգելափակվեց ռուսական ազգայնական դիրքավորում ունեցող «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը։ Ռուս-ադրեջանական հարաբերությունների հրապարակային սառեցման ֆոնին ընթանում էր հայ-ռուսական հարաբերությունների եթե ոչ ջերմացում, ապա առնվազն՝ զգալի ակտիվացում։ Մայիս-հունիս ամիսներին ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունեցան։ Նախ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա և մասնակցեց մայիսի 9-ի միջոցառումներին, ապա՝ Երևան այցելեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որին հաջորդեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը ՀՀ մայրաքաղաք։ Փոխադարձ այցերի ընթացքում հիմնական շեշտը դրվում էր տնտեսական համատեղ ձեռքբերումների, ինտեգրացիոն կառույցների շրջանակներում հարաբերությունների խորացման և «ընդհանուր պատմական հիշողության» վրա։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցումը համակարգային չէ

Վերը ներկայացված զարգացումները, որքան էլ կարող են տարանջատված իրադարձություններ թվալ, իրականում արտացոլում են խորքային գործընթացներ, որոնք ձևավորում են Հարավային Կովկասի ռազմաքաղաքական և գաղափարական հենքը։ Նախ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համակարգային սառեցման պատճառներ չկան։ Չնայած հրապարակային «սառը ժեստերին», ինչպես Ալիևի բացակայությունը Մոսկվայի շքերթից կամ «Ռուսական տան» փակումը, կողմերի միջև չեն վերանայվել ո՛չ անվտանգային, ո՛չ էներգետիկ, ո՛չ տրանսպորտային ռազմավարական հիմնադրույթները։ Ռուսական կողմը ամեն հարմար առիթով վերահաստատում է իր հավատարմությունը «2020-2022 թթ․ եռակողմ փաստաթղթերին»։ Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակում են գործել միևնույն ռազմավարական շրջանակում, որի առանցքային բաղադրիչներն են՝ գազային և նավթային համագործակցությունը (ռուսական գազը մատակարարվում է Ադրբեջան, վերաարտահանվում եվրոպական շուկա), տրանսպորտային շահերի համընկնումը (միջանցքային տրամաբանությունը), Թուրքիայի գործոնը՝ որպես համատեղ «բալանսավորող» գործընկեր և այլն։ Ինչ վերաբերվում է «Ռուսական տան» գործունեության դադարեցմանը կամ «Ցարգրադի» կայքի արգելափակմանը, հարկ է նշել, որ Ալիևի ռեժիմը զուգահեռաբար ճնշում է ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին։ Մարտին, պաշտոնական Բաքուն մեղադրանքներ հնչեցրեց Կարմիր խաչի կազմակերպության հասցեին՝ հայտարարելով, որ վերջիններս զբաղվել են «մաքսանենգությամբ և լրտեսել են Հայաստանի օգտին»։ Այս ֆոնին քարոզչական կամ տեխնիկական բնույթի կոնֆլիկտները կրում են ժամանակավոր և վերահսկվող տարաձայնությունների բնույթ և չեն կարող դիտարկվել որպես համակարգային անհամատեղելիության ազդակներ։

Հայ-ռուսական հարաբերությունների «ջերմացումը»

Ռուսաստանի կողմից բարձր մակարդակով արվող ժեստերը ձևավորում են այն քարոզչական միջավայրը, որտեղ ջերմության, հարգանքի և փոխադարձ շահերի մասին խոսքը իրականում ծառայում է ռազմավարական վերահսկողության վերագործարկմանը։ Երևան կատարած այցերի ընթացքում Լավրովի ու Մատվիենկոյի հնչեցրած թեզերը կարելի է դասակարգել չորս հիմնական խմբերում. Հուզական. ՌԴ պաշտոնյաներն իրենց ելույթներում հաճախ ընդգծում են «Հայրենական պատերազմի հիշողության միասնականությունը»՝ Հայաստանին ներկայացնելով որպես եղբայրական պետություն, որը, «չնայած արևմտյան փորձերին», չի դավաճանել համատեղ պատմական հիշողությանը։ Նրանց բառամթերքում հաճախ հանդիպում են «մենք միասին ենք», «մենք հիշում ենք», «մենք գնահատում ենք» ձևակերպումները՝ ձևավորելով հուզական հիմքով պարտադրվող վերահսկողության մթնոլորտ։ Արտաքին քաղաքական. Հատկանշական է նաև Լավրովի ակնարկը Հայաստանի՝ ԲՐԻԿՍ-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում ավելի ակտիվ ներգրավվելու վերաբերյալ։ Լավրովի խոսքով՝ ՌԴ-ն «շահագրգռված է, որ Հայաստանը ներգրավվի այս ուղղություններով», ինչն իր մեջ ԵՄ-ից հեռու մնալու ակնարկ է պարունակում, իսկ ընդհանուր առմամբ նշանակում է, որ արտաքին քաղաքականության բազմավեկտորության սահմանները պետք է որոշվեն Մոսկվայի կողմից։ Տնտեսական. բացի ԵԱՏՄ-ի՝ որպես «Հայաստանի կայուն զարգացման երաշխիքի» կարևորությունը շեշտադրելուց, Լավրովն ընդգծում է, որ «Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, ներդրողը և էներգետիկ ու պարենային անվտանգության հուսալի երաշխավորը»։ Տնտեսական կախվածության այս մատնանշումը այլընտրանքային ճանապարհների ու տնտեսական անկախության հնարավորությունները կասկածի տակ դնելու նպատակ ունի։ Անվտանգային. 30-ամյա ռազմաբազայի և հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններին համատեղ սահմանապահության շեշտադրումը՝ կոչված է հերթական անգամ ամրապնդելու հայկական տիրույթում առանց այդ էլ տարածված թեզը, թե իբր Հայաստանն ինքնուրույն չի կարող անվտանգություն ապահովել և պետք է ապավինի «ուժեղ ավագ եղբոր» օգնությանը։ Ռուսաստանի կողմից հնչող այս ուղերձները բարդ է ընկալել որպես դաշնակցային հավասարության կամ անկեղծ քաղաքական համերաշխության արտահայտում։ Գործնականում դրանք հանդիսանում են ռազմավարական վերահսկողության վերակազմակերպման գործիքներ, որոնք հիմնվում են պատմական կապերի շահարկման, տնտեսական կախվածության ձևախեղված մատուցման, անվտանգային մանիպուլյացիայի և արտաքին կողմնորոշման սահմանափակման վրա։ Ռուսական քարոզչությունը ներկայումս զերծ է բացահայտ սպառնալիքներից, սակայն ուղերձների տողատակում հստակ պահպանվում է «կա՛մ մեզ հետ ու թուլացած, կա՛մ մեր դեմ ու վերացած» տրամաբանությունը։ Թվացյալ ջերմությունն այս պարագայում ծառայում է նույն նպատակին, ինչ ուժի գործոնը նախկինում՝ Հայաստանի սուբյեկտայնության սահմանների վերահսկում։

Ամփոփում

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ժամանակավոր սառեցումը և հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված հրապարակային ջերմացումը կարող են սխալմամբ ընկալվել իբրև տարածաշրջանային վերադասավորումների նշան։ Ոչ վաղ անցյալում Ռուսաստանը փաստացի անտեսել է Ադրբեջանի շատ ավելի ծանր և շոշափելի հարվածներ, քան վերջին շրջանի ցուցադրական ժեստերն են։ Խոսքը 2020 թ. ՀՀ օդային տարածքում խոցված ռուսական ռազմական ուղղաթիռի և 2023 թ. Արցախում սպանված ռուս սահմանապահների մասին է։ Այսինքն, այսօր էլ ՌԴ-ն չի պատրաստվում վերանայել իր հարաբերությունների ռազմավարական հիմքերը Բաքվի հետ։ Այդ կապերը խարսխված են գազային և ենթակառուցվածքային շահով, թուրքական գործոնի համադրմամբ և Արևմուտքի դեմ բալանս ստեղծելու փորձով։ Հայաստանի նկատմամբ ցուցադրվող նոր ջերմացումը չպետք է շփոթել վերաբերմունքի վերափոխման կամ սուբյեկտայնության ճանաչման հետ։ Ռուսաստանը շարունակում է դիտարկել Հայաստանը որպես իր շահերի և հետաքրքրությունների տարածք, որի միջոցով հնարավոր է մանևրել այլ ուժերի հետ հարաբերություններում։ Այդ տրամաբանության պատճառով է, որ Հայաստանը պարբերաբար հայտնվում է միջնորդավորված ազդակային դաշտում, որտեղ ռուսական ժեստերն ուղղված են ոչ թե Երևանին, այլ Անկարային, Վաշինգտոնին, Բրյուսելին կամ եվրոպական այլ մայրաքաղաքներին։ Հայաստանի համար ընտրության հնարավորությունները շատ չեն, թեև կան. շարունակել մնալ գործիք, թե՞ ձգտել սուբյեկտայնության, շոյվել մեծ պետությունների ժպիտից, թե՞ դառնալ ինքնուրույն ուժային կենտրոն։ Իսկ մինչ այդ՝ պետք է սթափ մնալ, չխաբվել Ռուսաստանի կամ որևէ մեկի ժպիտին։ Ո՛չ ռուս-ադրբեջանական, ո՛չ էլ հայ-ռուսական հարաբերություններում արմատապես ոչինչ չի փոխվել. փոխվել է միայն հռետորաբանությունը, այն էլ՝ ժամանակավորապես։ Իսկ ցանկացած պատրանք, որը տպավորություն է ստեղծում «մեծ տերության վերադարձի», առավել ևս՝ այդ համատեքստում «արդարության վերականգնման», ընդամենը մեզ օգտագործելու փորձված հին հնարք է՝ նոր փաթեթավորմամբ։

Թեմաներ

    Social