Ե՞րբ տեղի կունենա ազգային հեղափոխությունը
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը 2018-ի ապրիլյան իշխանափոխության մասին
Ապրիլի 23-ին լրացավ է 2018-ին տեղի ունեցած իշխանափոխության հինգերորդ տարին:
Համաժողովրդական պայքարը այդպես էլ չվերածվեց իրական հեղափոխության, քանի որ հեղափոխությունը ոչ թե իշխանափոխությունն է, այլ երկրի համակարգային վերափոխման և ժողովորդական ներուժի կազմակերպման շարունակական գործընթնաց է:
Հայաստանում, սակայն, իրական համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել` միայն առանձին, ոչ հետևողական տեղաշարժեր:
2018-ի ապրիլյան իշխանափոխությունը տեղի ունեցավ երկու՝ 2016-ի և 2020-ի պատերազմների միջակայքում:
2018-ին իշխանափոխության հնարավորությունն անմիջական հետևանք էր 2016-ի պատերազմի և դրան հետևած զարգացումներին Արցախյան հարցի շուրջ: Դրանով է պայմանավորված, որ չնայած Հայաստանում միշտ էլ ծավալվել են հզոր ընդդիմադիր զանգվածային շարժումներ, բայց դրանցից ոչ մեկը մինչև 2018-ի ապրիլ չհասավ հաջողության:
Իր հերթին 2018-ի իշխանափոխությունը ճանապարհ էր բացում դեպի 2020-ի պատերազմ, որը դարձավ «հեղափոխության» մեծագույն քննությունը, և որը նա չկարողացավ հանձնել:
2018-ի իշխանափոխության իրականացման մեջ երեք կարևոր սուբյեկտներ ունեցան իրենց դերը՝ արտաքին ուժերը, արտաքին ազդեցությամբ գործող հայկական էլիտաները և մյուս կողմից՝ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը: Ժողովորդական զանգվածների մասնակցությունն այն գործոնն էր, որը կարող էր ճիշտ ուղղություն տալ տեղի ունեցողին՝ վերածելով այն իրական հեղափոխության՝ անկախության և արդարության հաստատանն ուղղված հետևողական և արմատական քաղաքականության:
Սակայն իշխանափոխությունից հետո ժողովորդական ալիքը չվերածվեց կազմակերպված համաժողովրդական շարժման, որը պետք է հենարան դառնար իրապես հեղափոխական քաղաքականության:
Ժողովուրդը մնաց գերազաանցապես կրավորական դերում՝ ակտիվացվելով միայն ընտրությունների և ներքաղաքական սրացումների ժամանակ՝ հանուն իշխանության եկած խմբի շահերի:
Իշխանության եկած քաղաքական խումբը, չուներ և չունեցավ պատերազմի նախաշեմին գտնվող երկիրը ղեկավարելու որևէ հստակ տեսլական ու հետևողական ծրագիր:
Իսկ հստակ տեսալական և հետևողական ծրագիր, կամ նույնիսկ պարզապես տարրական քաղաքական մտածողություն ունեցող քաղաքական խումբը իշխանության գալով 2018-ի Հայաստանում պետք է իր առջև ունենար միայն մեկ նպատակ և հեռանկար՝ ինչպե’ս լավագույնս պատրաստել երկիրը պատերազմի սպառնալիքին:
Սրա փոխարեն 2018-2020 թվականներն անցան քաոտիկ, անհետևողական շարժերի և տվայտանքների մեջ՝ նույնիսկ դժվար է հիմա հիշել, թե ինչպիսի հարցեր էին կարևոր համարվում այն ժամանակ հանրային օրակարգում:
Մինչդեռ իրավիճակին համարժեք իշխանությունը պետք է հասկանար, որ պատերազմը նախևառաջ քաղաքական խնդիր է, և պատերազմին ընդառաջ համապատասխան ներքին քաղաքական իրավիճակ պատրաստեր երկրում:
Դրա համար պետք էր նախ՝ հասկանալ գալիք պատերազմի քաղաքաան էությունը՝
այն, որ դա ոչ թե «Ղարաբաղի պատերազմ է», ոչ թե սոսկ հայ-ադրբեջանական բախում է, այլ Հայաստանի անկախության պատերազմ: Դա քաղաքական վերլուծության համար պարզ էր մինչև 2020-ի պատերազմը՝ 2016-ից սկսած:
Քանի որ այդպիսին էր պատերազմի քաղաքական էությունը, նշանակում է, որ Հայաստանում գործի էր դրվելու օտարեկրյա ազդեցության ցանցը, որը պատերազմի ժամանակ և դրանից առաջ փաստացի գործելու էր թշնամու կողմից, ինչը և եղավ: Դա գործեց թե՛ քաղաքական դաշտում, թե պետական համակարգում, թե որոշ մասով զինված ուժերում:
Պատերազմին ընդառաջ նախևառաջ պետք էր կարգի բերել այդ ներքին իրավիճակը՝ պետք էր իշխանության կենտրոնացում, թշնամու պոտենցիալ գործակից խմբերի և անհատների չեզոքացում և այլն:
Իսկ պատերազմից հետո ուշացած բողոքները «հինգերորդ շարասյան» դեմ հավասարազոր են ինքնամեղադրանքի և հանցակցության խոստովանության:
Այս լուծումներին կարելի էր հասնել միայն այն դեպքում, եթե իշխող խումբն ունենար ոչ թե պարզապես լայն ժողովորդական աջակցություն, ինչն ինքն իրենով լավ է, բայց ամորֆ է, այլ ստեղծեր իրեն որպես հենարան կազմակերպված ժողովորդական համահայաստանյան շարժում, ինչը չարվեց:
Արդյունքում պատերազմի ժամանակ ունեցանք պատերազմի քաղաքական էությունը չհասկացող և դրանով իսկ պատերազմը ղեկավարելու ունակությունից զուրկ կառավարություն, մյուս կողմից էլ` ազատ և բաց գործող հինգերորդ շարասյուն:
Միայն հայ ժողովուրդն էր` տրված ինքն իրեն, փաստացի զուրկ ղեկավարումից, որ չնայած իր լքված ու դավաճանված վիճակին, կարողացավ ի ցույց դնել այնքան դիմադրության կամք, որքան հնարավոր է նման անտեր, անկազմակերպ վիճակում:
Իշխող խմբի մի ծայրահեղությունից մյուսն ընկնելու միջակայքը պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո շշմեցուցիչ է` «Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև «քսանիննը հազար քառակուսի կիլոմետր Հայաստանն այլընտրանք չունի»-ին, Սևրի հարյուրյամյակին Թուրքիայի դեմ հոխորտալուց մինչև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կարգախոս և այլն:
2020 թվականի նոյեմբերի իննը փաստացի վերջնակետ դրեց այսպես կոչված հեղափոխությանը:
Շուշի պատերի տակ մահացավ այդպես էլ չծնված հեղափոխությունը: Հեղափոախական ժողովրդին դեպի պարտություն չեն տանում, և հեղափոխական ժողովուրդները չեն պարտվում իրենց պատերազմները: Մեծագույն խայտառակությունը, որը տեղի ունեցավ մեզ հետ հենց դա էր` իր իրավունքների համար ոտքի կանգած ժողովորդի ստորացումն ու պատվազրկումը:
2018-ի ապրիլյան շարժումն լիովին սպառել է իր բոլոր հնարավորությունները, և դրա էջը փակվել է:
Ելք գտնելու հետպատերազմյան իրավիճակից անհրաժեշտ է ամբողջովին նոր հիմքերով հանրային և քաղաքական ազդակ:
Նոյեմբերի 9-ով և դրանից հետո սպառեց իրեն նաև ամբողջ հին քաղաքական դաշտն` իր խոշոր խաղացողներով, Երրորդ հանրապետության ողջ համակարգը, և այսօր անհրաժեշտություն է նոր համակարգի հիմքեր ստեղծելը:
Հայ ժողովրդին խայտառակելու երկրորդ արարը եղավ, երբ ի սկզբանե անկարող և դրսից կառավարվող քաղաքական ուժերը գործընթացը տարան դեպի ընտրություններ, և ստիպեցին հայ ժողովրդի մի զգալի մասին լեգիտիմացնել երկիրը խայտառակ պարտության տարած կառավարությանը: Պատերազմում պարտության հարցը վերածվեց ընդամենը նախընտրական պայքարի մի դրվագի, իսկ իշխող խումբը իր «հաղթանակը» տոնեց ներքին պայքարում:
Հետպատարազմյան իրավիճակն առանձին գնահատականի կարիք ունի, այստեղ նշենք միայն առավել կարևորը` համառոտ, հետագայում մանրամասնելու համար:
Պատերազմից հետո, քաղաքական իրավիճակը փակվեց ներկաներ-նախկիններ վանդակի մեջ, որի արդյունքում հանրությունը զրկվեց ինքնակազմակերպվելու, ինքնադրսևորվելու հնարավորությունից, և հայտնվեց ստիպողական կեղծ ընտրության առաջ: Սրա հետևանքը դարձավ հանրային ապատիան: Այս իրավիճակը պետք է ջարդվի:
Կառավարության կողմից շարունակվում է պատեհապաշտ, ընթացիկ, անուղղություն և կարևորը` իրավիճակին անհամարժեք ու անիրատես քաղաքականությունը:
Պաշտպանության ոլորտի փոփոխմանն ուղղված ջանքերը բացարձակ անհամարժեք են եղած մարտահրավերներին, և չեն բխում որևէ մտածված, հետևողական հայացեկարգից, հենված չեն համարժեք քաղաքական գնահատականի վրա:
Ոչ ներկա կառավարությունը, ոչ էլ քաղաքական ու հանրային դաշտի հիմնական խոշոր դերակատարները արժանի չեն պատմական պահին, որն ապրում է հայ ժողովուրդը:
Շարունակում է այս կամ այն ձևափոխումներով գոյություն ունենալ դեռևս 1990-ականերից ձևավորված՝ անվանապես անկախ, իսկ փաստով՝ արտաքին ազդեցություններով գրեթե ամբողջապես ուզուրպացված պետական և հանրային համակարգը:
Իրական՝ հայկական ազգային հեղափոխություն
Իրական՝ հայկական ազգային հեղափոխությունը տեղի կունենա միայն երբ դրվի համակարգային հարցը՝ ոչ թե ձևական, այլ բովանդակային անկախության կառուցման հարցը:
Ելքը կարող է լինել միայն ժողովրդական ինքնակազմակերպման սկզբունքի հիմքով և անկախության կառուցման կարգախոսով իրավիճակի իրական հեղափոխումը:
Իսկ դրա համար անհրաժեշտ է կենսունակ գաղափարախոսություն, իրավիճակից բխող հստակ ծրագիր և ճիշտ հիմքերով կազմակերպում, ինչն անպայման լինելու է:
Հայ ժողովուրդը չի պարտվել հանուն անկախության իր պայքարը, և անպայման դեռ նոր հաղթանակներ է ունենալու, եթե հենվի իր ինքնակազմակերպ ուժի վրա: