
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է.
Ալիևը, կարծելով, որ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պլանն արդեն լիովին իրագործելի է, անցնում է հաջորդ Հայաստանում իբր «ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնման» ծրագրին։ Սա հետևողական, մանրամասն ծրագրավորված ու քայլ առ քայլ հաջողություններ գրանցած մեծ ծրագրի հերթական կարևոր մասն է։ Մինչ մեր ժողովուրդը հանգիստ ու ինքնավստահ խոսում է, թե ադրբեջանցիների «ներհոսքը» անհնար բան է, թշնամիները գործում են և նորանոր արդյունքներ գրանցում։ Իսկ մեր պայքարը միայն Ալիևի ու ադրբեջանցիների դեմ չի լինելու։ Ստիպված ենք լինելու պայքարել նաև երկրի ներսում, քանի որ ադրբեջանական օրակարգերը լուռ ու հետևողական առաջ են մղվելու հենց մեր երկրի ներսում իշխող ուժի թելադրանքով օրենքի ուժով ու ԱԱԾ, Ոստիկանության, դատական համակարգի պաշտպանությամբ «խաղաղության» խաչմերուկ ծրագրի շրջանակում։
Փորձում են կամաց-կամաց սովորեցնել, համակերպել մեզ նոր իրողություններին, ինչպես բոլոր նախորդ դեպքերում։ Բոլորս էլ շատ լավ հիշում ենք օրինակները «ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարելու», պատերազմում հանձնվելը, Քարվաճառի ու մյուս շրջանների հանձնումը, Արցախի հարցում նշաձողի ընդամենը «մի փոքր» իջեցումը, հետո Արցախի Ադրբեջանի տարածք ճանաչելը, հետո Արցախի հանձնումը, սահմանի գրեթե բոլոր ստրատեգիական բարձունքների հանձնումը, սահմանազատման անվան տակ ու պատերազմի էժանագին շանտաժով մեր գյուղերի ու ճանապարհների հանձնումը, թշնամական հոխորտանքները մեր եկեղեցու նկատմամբ և վարչապետի հարձակումը եկեղեցու վրա, Ալիևի պահանջը ՀՀ բանակը կրճատելու վերաբերյալ և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը, վերջապես «միջանցք չի լինելու», բայց ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ճանապարհի հանձնումը, Մինսկի խմբի լուծարումը, ադրբեջանցի «փորձագետների» (կարդալ գործակալների) այցը Երևան և այլն։ Կամաց-կամաց հայ ժողովրդին սովորեցրել են գալիք զիջումներին ու ստորացումներին սկզբում իբր ստահոտ լուրեր տարածելով, հետո հումորի վերածելով, այնուհետևմեզ վրա «խաղաղություն» ծախելով, հետո միջազգային իրավունքներ մեջբերելով, ԱՄՆ-ի հովանավորության մասին քաղցր թույն ներարկելով։
Դուք իսկապե՞ս կարծում եք, թե ադրբեջանցիները «ձև չի» գան, որովհետև դե մենք հո քնա՞ծ չենք այստեղ։ Սկզբից օրինակ կպարզվի, որ Հայաստանում այսինչ բիզնեսը, որի մասին չենք էլ լսել, արդեն մի 5 տարի է պատկանում է ադրբեջանցի մի գործարարի։ Զայրույթի կարճատև ալիք կբարձրանա, իսկ կրքերը հանդարտվելուց հետո ՔՊ-ն կհայտարարի «բայց ի՞նչ ա եղել, որ... ընդդիմադիրներն իրանց ճղում էին, թե կկործանվենք, բա էս հինգ տարի խի՞ չէիք կործանվում ժողովուրդ»։ Ու էդ գործարարին էլ չես «բռնացնի». ի՞նչ անել։ Մի ուրիշ սկանդալով պարզ կդառնա, որ մենք էլ չգիտեինք, բայց արդեն մի տարի է, ինչ այսինչ լցակայանից Սոկարի բենզին ենք գնում, ու էլի «դե հա ի՞նչ, հո աշխարհը չքանդվե՞ց»։ Հետո շուկայում լոլիկ գնելուց անպայման մեր պարտքը կհամարենք ճշտել, նոր առնել։ Հետո Բաքվի դեսպանատուն կբացվի Երևանում, ու էլի բարակ ձայնը կճվճվա «էս իբր ի՞նչ հիստերիա եք բարձրացրել, բա էս քանի տարի ա ի՞նչ ենք ասում այ ժողովուրդ, որ խաղաղություն ենք հաստատում, իրար հետ նորմալ հարաբերություններ, դիվանագիտություն, հիմա մենք խաղաղություն ուզում ե՞նք, թե՞ չենք ուզում...»։
Խաղաղության պուրակ, ժողովուրդների եղբայրության տուն, պուպուշ բաներ, ադրբեջանցիների հարցազրույցներ մեր ԶԼՄ-ներին...
Ուշադրություն, արդեն նոր բան «ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնում»։ կպարզվի, որ պայմանական Կապույտ մզկիթն էլ իրանական չէ, այլ ադրբեջանական, իսկ Փառուխի դիմաց հնչող մուղամը կսկսի հնչել ... Երևանում։ Ու էս ամենը կհսկեն ԱԱԾ-ն, Ոստիկանությունը։ Աստված մի արասցե ինչ-որ մեկը մի ծուռ քայլ անի դեսպանատան, կամ «ադրբեջանական» մշակույթի օբյեկտի ուղղությամբ, մի թարս խոսք ասի «ազգամիջյան խտրականություն սերմանելով», կամ ի դեպ «ռևանշիստական» արտահայտություն անի Արցախի, կամ Ջերմուկի դիրքերի վերաբերյալ, հայրենի իրավապահ և դատական մարմինները իսկույն գործի կանցնեն ըստ 2025 թ. օգոստոսի 8-ի համաձայնագրերի։ Նոր «օրենքները» կմտնեն 2026 թ. սահմանադրության մեջ, որ ընդհանրապես ներում-բեկում չլինի։ Սահմանադրությունն էլ կդրվի հանրաքվեի, ու ճվճվացող ձայնը սիրելի ժողովրդին նորից ԿՍՊԱՌՆԱ մինչև շաբաթվա վերջ նոր պատերազմով, եթե «այո» չասենք։ Այս ամենը գալու է շատ ավելի շուտ, քան կարծում ենք։ Հայ ժողովուրդ, 90-ականների քո հաղթանակից դեռ մնացել է վերջին, բայց շա՛տ կարևոր ձեռքբերումը Հայաստանն առանց ադրբեջանցիների, առանց ներսի ռումբի, որն ամեն առիթի կարող է պայթել։ 90-ականների հաղթանակի շնորհիվ է, որ դու դեռ կարող ես անհոգ ճամփորդել երկրով մեկ, զբոսնել փողոցում որ ժամին ուզես, պատահական մարդու մոտենաս ու բան խնդրես, ցանկացած մարդու պատրաստ լինես օգնելու, կարճ զգաս քեզ, ինչպես քո տանը։ Ադրբեջանցիների ներհոսքից հետո դու կկորցնես անգամ ներքին հանգստությունդ, կողքիդ անծանոթի հանդեպ վստահությունը, երեխայիդ համար անվտանգության զգացողությունը։ Սրանք չափազանցություններ չեն, ոչ էլ հերթական վայ-վույ։ Թասիբով հայի պակաս չկա, որ լկտի պահվածքի համար ադրբեջանցուն տեղում պատժի, բայց հատուկ ծառայությունները հենց դրան էլ սպասելու են։ Ու հետո ի՞նչ պետք ա անենք, ազգովի գլուխներս կախե՞նք, որ էդ մարդուն տարիներով բանտարկելու դեմ ոչինչ չենք կարողանում անել։ Սա է լինելու «իրական Հայաստանը»։ Եթե հերթական անգամ ընտրենք «միայն թե խաղաղություն լինի», կամ «ադրբեջանական սահմանադրություն», ստանալու ենք ադրբեջանական խաչմերուկ։ Ու դա է լինելու իրականությունը։ «իրական Հայաստանում» թասիբը ոտնահարելու է, «իրական Հայաստանում» դպրոցում ոչ թե անցնելու են հայերի մասին (Հայոց պատմություն), այլ նաև Հայաստանի ադրբեջանցիների ու նրանց «ժառանգության» մասին (Հայաստանի պատմություն), «իրական Հայաստանում» քո երեխային դպրոցում Արցախի հերոսամարտը ներկայացվելու է որպես հայերի մեծագույն հանցագործություն, ադրբեջանցուն քոթակած պատերազմի մասնակից թասիբով տղեն որպես ռասիստ, իսկ երեխայիդ կողքը նստած ադրբեջանցի երեխան ժպտալու է։
Ու մի՛ ասա «հլը թող փորձեն գան, տես ինչ կանեմ դրանց», որովհետև գալու են կամաց, չերևացող դեմքերով, դիվանագիտական դեմքերով, քո հայրենի իրավապահների պաշտպանությամբ։ Որովհետև արդեն իսկ եկել են ադրբեջանցի փորձագետներ, տարբեր միջոցառումների մասնակիցներ ու դու բան չես արել (կարևոր չի, որ գնալուց հետո ես իմացել)։ Մի ասա հենց գան, սաղին կփռենք, որովհետև դրան էլ սպասելու են, որ ադրբեջանական զորքեր մտցնեն եկվորներին պաշտպանելու պատրվակով, իսկ վերջին պահին էլի անպատրաստ լինելն արդեն օրինաչափություն կլինի։ Որովհետև հենց գան, արդեն ուշ է լինելու։ Փոխարենը պետք է գործել մինչև գալը։ Ինքնախաբեությամբ չզբաղվող ու պայքարող հայրենակիցներով պետք է այսօրվանից համակարգված աշխատենք ծրագրեր մշակենք, տարբերակներ քննարկենք, լուծումներ գտնենք, ուժ դառնանք ու գործենք։ Եթե դու այս տեսակի ես, արի Մարտական եղբայրություն, միասին ուս ուսի, խելք խելքի տանք, անենք այն ինչը դեռ հնարավոր է անել։ Ես գիտեմ, որ գիտակից ու ուժեղ կամքով մարդիկ դեռ շատ կան։ Օր օրի նոր քույրերի ու եղբայրների հետ է բախտ վիճակվում ծանոթանալ, շատանալ, մեծանալ։ Պայքարն ու աշխատանքը միշտ էլ իրենց արդյունքը տալիս են ըստ ներդրած ջանքի որակի։ Իսկ էդ որակը Մարտականում բարձր ա պահվում։
Մենք հայ ենք, ու էդ կա՛յֆ ա։
