Խաղաղության դարաշրջանի պանծալի լուսաբացը
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը
Պատերազմը Հայաստանի դեմ չի ավարտվել
Իր առաջին իսկ հրապարակային հայտարարությունց սկսած և մինչև այսօր «Մարտական եղբայրություն» միաբանությունը բոլոր հնարավոր ձևաչափերով պնդել և շեշտել է, որ պատերազմը Հայաստանի դեմ չի ավարտվել, այլ շարունակվում է:
Պարզապես լայնածավալ ռազմական գործողությունների փուլից այն ժամանակավորապես թևակոխել է ոչ ինտենսիվ գործողությունների փուլ՝ սադրանքներ, տեղական թեժացումներ և այլ թշնամական գործողություններ: Եվ սա պատահականություն չէ, այլ ունի հստակ բացատրություն և պատճառներ:
Պատերազմը չի ավարտվել, և չի էլ ավարտվելու, որովհետև պատերազմը հրահրող և պատերազմի շահագրգիռ կողմերը վերջնականապես չեն լուծել այն խնդիրները, որոնք պետք է լուծվեին պատերազմի միջոցով (2016 և 2020 թթ.-ին):
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա իր չլուծված խնդիրները ձևակերպում է բաց և հրապարակային (չնայած Ադրբեջանը պատերազմը հրահրող ոչ միակ, և ոչ էլ նույնիսկ գլխավոր կողմն է, սակայն, այս պահին խոսում ենք միայն նրա նպատակներից, իսկ մյուսների մասին բազմիցս առիթ ենք ունեցել արտահայտվել):
Ադրբեջանի բաց և հրապարակված նպատակներից են.
– ԼՂ-ի մնացորդում հայկական զինված ուժերի վերջնական և լիարժեք վերացումը, Արցախի «դեմիլիտարիզացիան», այսինքն՝ ոչ միայն հայաստանցի զորակոչիկների դուրս բերումը, այլև ընդհանրապես ԼՂՀ ՊԲ-ի վերացումը: Սրա մասին հայտարարվում է բաց և անսքող, և այդպես է մեկնաբանվում նրանց կողմից 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հռչակագրի դրույթներից մեկը:
– Լաչինի միջանցքի վերացումը, և դրա փոխարինումն այլընտրանքային ճանապարհով (թերևս առժամանակ), որով Լաչինը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ
– Զանգեզուրի միջանցքը՝ ճանապարհ, որը պետք է միավորի Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջևանը, և պետք է դուրս մնա հայկական վերահսկողությունից (նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է ռուսական վերահսկողություն, չնայած, միջամցք բառն օգտագործված չէ):
Բացի այս պահանջներից կան նաև այնպիսիք, որոնք ամրագրված չեն նոյեմբերի 9-ի վերջնական փաստաթղթում, բայց առկա են եղել դրա նախագծերում՝ սահմանազատում, անկլավների վերադարձ և այլն:
Հենց առնվազն այս նպատակների իրագործման համար Ադրբեջանը շարունակում է թշնամական գործողությունները՝ փաստացի պատերազմը Հայաստանի դեմ, և շարունակելու է՝ անկախ նրանից, թե ի՛նչ են սրա մասին մտածում հայոց մեծամեծներն ու իմաստուններն ու իմաստակները:
Այս պատերազմում Ադրբեջանը շարունակում է և շարունակելու է ստանալ սույն թվականի փետրվարի 22-ից իր պաշտոնական դաշնակից Ռուսաստանի առնվազն թողտվությունն, այնքան ժամանակ քանի դեռ ռուսական շահերի հետ արմատական հակասության մեջ այս գործողությունները չեն մտնում:
Ի հակադրություն սրա՝ պարզ, թափանցիկ ու միանշանակ ընկալելի չեն Հայաստանի նպատակներն ու քաղաքականությունը:
Իրավիճակին համարժեք քաղաքականությունը
Իրավիճակին համարժեք քաղաքականությունը՝ բխած «պատերազմը չի ավարտվել» վերլուծական պարզ թեզից (որն իր հերթին ակնհայտ կլիներ, եթե վերլուծված և հասկացված լիներ 2016-2020 թթ.-ի իրավիճակն իր էությամբ), պետք է կառուցված լիներ հետևյալ պարզ հիմնադրույթների վրա.
ա. Հայաստանի պաշտպանության համակարագի արագ, արմատական և հեղափոխական վերակառուցում:
Արագն այստեղ էական է, քանի որ ժամանակ մեզ տրված չէ: Իսկ արմատականն ու հեղափոխականը բխում է այն պարզ փաստից, որ եղած պաշտպանական համակարգը պարտվել է, և չի ապահովել իր գլխավոր գործառույթը:
Իհարկե, երկու տարվա մեջ հնարավոր չէր լինի հասնել համակարգի վերջնական վերափոխման, բայց հնարավոր կլիներ հասնել այնպիսի վիճակի, որ Հայաստանի բանակցային դիրքերն ավելի ամրապնդվեին, իսկ տեղական բախումներում հնարավոր լիներ «ատամ ցույց տալ»:
բ. Ա՛յս և միայն այս հիմքով՝ պաշտպանության համակարգի ամրապնդմամբ՝ դիվանագիտական և քաղաքական քայլեր բոլոր կարևոր ուղղություններով:
Շատ կարևոր է այս երկուսի համատեղումը՝ մեկն առանց մյուսի չի աշխատում կամ լիարժեք չէ, և մեկն իմաստավորվում է մյուսով:
Ի հակադրություն այս պարզ ճշմարտության հայկական իրականության մեջ շարունակում են գերակայել մանկամիտ պատերացումներն այն մասին, որ հնարավոր է խնդիրները լուծել զուտ դիվանագիտական ճանապարհով կամ էլ օտար մի ուժի կախարդական օգնությամբ՝ լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, թե Իրանը:
«Խաղաղության դարաշրջան» դատարկ կարգախոսը
Սրա փոխարեն իշխող քաղաքական ուժի կողմից որպես Հայաստանի քաղաքական ռազմավարություն հռչակվեց «խաղաղության դարաշրջան» դատարկ կարգախոսը, որը շարանուկում է հայկական քաղաքականության վատագույն ավանդույթները՝ դատարկ, չսահմանված ու ցանկություններն իրականության տեղ դնող կարգախոսներով փոխարինել իրական բովանդակային, ծրագրային քաղաքականությունը:
Այս կարգախոսով փորձ է արվում պարզունակ թատրոն խաղարկել՝ իբր, եթե դու հռչակում ես քեզ խաղաղության կողմնակից, ուրեմն, դու իրոք դառնում ես խաղաղասեր, իսկ քեզ քննադատողները պատերազմի կողմնակից են: Այս երկուկոպեկանոց քաղաքական տրյուկը Հայաստանում առաջին անգամ չէ, որ կիրառվում է: Այն կարող է ունենալ որոշ քարոզչական էֆեկտ, բայց երկրի իրական շահերի տեսակետից, մանավանդ այսօրվա իրավիճակում հանցագործ անպատասխանատվություն է, որի հետևանքը կարող է լինել միայն նոր պատերազմը, բայց ոչ երբեք իրական՝ կայուն և տևական խաղաղությունը:
I
Նախ՝ բացարձակ քաղաքական մանկամտություն է առաջ քաշել «խաղաղության դարաշրջանի» կարգախոս մի միջազգային իրավիճակում, որը բնորոշվում է «բոլորը բոլորի դեմ պատերազմ» որակով: Անհնար է պատերացնել, որ առանձին վերցված փոքր Հայաստանում պետք է կառուցվի խաղաղության դարաշրջան, երբ միջազգային քաղաքականությունն ակնհայտորեն թևակոխել է աճող անկայունացման, ռազմականացման և սուր մրցակցության փուլ, որի ավարտը չի երևում: Միայն այսպես կոչված հայկական քաղաքական վերնախավի բացարձակ ապաքաղաքական մտածողությունը կարող է պատկերացնել, որ հնարավոր է այսպիսի «գլոբուսից դուրս» առանձին և ուրույն հայկական քաղաքականություն: Հայաստանը մասն է աշխարհի և տարածարջանի, և չի կարող այդ աստիճան առանձին և իքնորույն լինել միջազգային միտումներից՝ սա քաղաքականության այբուբենից է:
II
Երկրորդ՝ անհեթեթություն է խոսել խաղաղությունից այն պայմաններում, երբ փաստացի պատերազմը շարունակվում է, և շարունակությունն էլ պատահական չէ, այլ բխում է իրավիճակի տրամաբանությունից: Սա նշանակում է, որ այդպես էլ չի հասկացվել պատերազմի բուն էությունը, և դրանից բխող հետևանքները: Շարունակվող պատերազմի իրավիճակում «խաղաղության» մի տարբերակ կա՝ կատարել լայնածավալ պատերազմում հաղթած կողմի բոլոր պայմանները՝ որևէ երաշխիք չունենալով, որ այդ պայմանները երբևէ կսպառվեն՝ նույնիսկ առավելագույն զիջումների դեպքում, կամ, եթե դա չի արվում, ապա վարել երկրի պաշտպանության ամրապնդման արմատական և վճռական քաղաքականություն, որը հենարան պետք է լինի արտաքին քաղաքականության մեջ դիրքերի ամրապնդման: Հակառակ տարբեևակը՝ «խաղաղության դարաշրջան» հռչակելով, փորձել «օդի մեջ» դիվանագիտություն վարել, բերում է այն հետևանքների, որոնց ականատես ենք:
III
Վերջապես անհեթեթություն է ակնկալել կայուն և տևական խաղաղություն կառուցել ռազմական պարտության հիմքով՝ հույս ունենալով, որ այդ «խաղաղությունը» կառուցված չի լինելու շարունակական ստորացման, նորանոր վերջնագրերի, և ստիպողական զիջումների գնով: Բացարձակ անհամարժեք է այստեղ բերել հետպատերազմյան Եվրոպայի և հատկապես Գերմանիայի օրինակը: Դրանք լրիվ այլ աշխրահաքաղաքական պայմանների արդյունք են: Նախ՝ այդտեղ խաղաղեցումը ապահովվել է, այլև պարտադրվել է արտաքին ուժի՝ ԱՄՆ-ի կողմից, երկրորդ՝ Գերմանիան և նրա նախկին հակառակորդ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ունեին ընդհանուր շահեր և խնդիր՝ դիմակայելու սովետական ծավալման վտանգին, երրորդ՝ պատերազմից շատ թուլացած էին դուրս եկել նույնիսկ ֆորմալ հաղթող՝ Ֆրանսիան և Մեծ Բրտիանիան, վերջապես՝ պարտված Գերմանիան ցայսօր էլ չունի իր տնտեսական ուժին համարժեք քաղաքական և ռազմական կարգավիճակ՝ փաստացի քաղաքական և ռազմական թզուկ է՝ հզոր տնտեսական հիմքով:
Մեր իրավիճակն արմատապես տարբեր է՝ պարտված և թույլ Հայաստանի հետ ոչ ոք չի պատրաստվում դաշնակցել և հավասար հարաբերություններ կառուցել, չկա հզոր արտաքին ուժ, որ պարտադրի և ապահովի խաղաղություն, չկա նաև հզոր արտաքին վտանգ, որի առաջ միավորվեն թե՛ պարտվողը, թե՛ հաղթողը, պարտվողն ու հաղթողը հավասարապես չեն թուլացել պատերազմից և այլն: Այս իրավիճակում՝ պայմանների և վերջնագրերի ցանկը, որոնք ներկայացվելու են Հայաստանին գրեթե անվերջ են՝ ընդհուպ մինչև անկախության կորուստ:
Հայաստանի միակ ելքն այս իրավիճակում
Մեր միակ ելքն այս իրավիճակում՝ սեփական ուժերի վրա հույս դրած համախմբումն է և դրա հիմամբ՝ արտաքին և ներքին քաղաքականությունը:
Մենք որևէ հույս չունենք, որ իրավիճակի էությունից և վերլուծությունից բխող որևէ համարժեք քայլեր կարվեն ՀՀ քաղաքական վերնախավի կողմից՝ իշխող թե ընդդիմադիր խոշոր ուժերի:
Մեր միակ կոչն ու դիմումը հայ ժողովորդինն է, որն իրեն արժանի և հավատարիմ դրսևորեց թե՛ լայնածավալ պատերազմի օրերին, թե՛ հետպատարազմյան օրերին՝ եզակի հնարավորություններ տալով վերնախավերին, որոնք, սակայն չգիտակցվեցին և չօգտագործվեցին, ինչպես որ ըստ արժանվույն չգնահատվեց հայ ժողովորդի բարձր որակը վճռական պահերին:
Ըստ այդմ՝ կոչ ենք անում մեր ժողովորդին և հանրությանը, և հատկապես վերջին պատերազմի մասնակիցների այն մասին, որը չի կորցրել իր կորովն ու շարունակում է հավատալ Հայաստանի անկախության իդեալներին՝ հույսը դնել միայն սեփական ուժերի վրա, դրսևորել իրավիճակին արժանի արիություն, սթափություն և քաջ գիտակցություն և ինքնակազմակերպվել՝ պատրաստվելով ապագա պայքարներին:
Երևան
2022 08 04