«Մարտական եղբայրության» հայտարարությունը սահմանազատման, անկլավների և հաղորդակցության ուղիների վերաբերյալ: 2021 09 14
Արտաքին ուժային ճնշմամբ որոշումներ չպետք է ընդունվեն
Մարտական եղբայրությունն արձագանքում է իր մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին պաշտոնական մակարդակում պարբերաբար բարձրացվող թեմայի վերաբերյալ:
ա. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մասին օրակարգն արհեսատական է. ավելին, այս պահին այն փաստացի պարտադրվում է Հայաստանին ուժով, և Հայաստանի դեմ շարունակվող պատերազմի մասն է: Ընդ որում՝ չկա երաշխիք, որ նույնիսկ սահմանազատման իրականացման դեպքում կդադարեն թշնամական գործողությունների Հայաստանի դեմ, ինչպես, որ դրանք չդադարեցին նոյեմբերի 9-ի հռչակագրից հետո:
բ. Այն չի բխում հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա որակից, երբ հետևողականորեն շարունակվում են Հայաստանի դեմ թշնամական գործողություններն Ադրբեջանի կողմից:
Սահմանազատման պես բարդ և տևական գործընթացը կարող է հետևանք լինել խաղաղ, ոչ թշնամական փոխհարաբերությունների, այլ ոչ թե հակառակը:
գ. Կասկածներ կան, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման իրացմանը կարող են հետևել Հայաստանի անկախությունն իրավականորեն սահմանափակող նախագծեր՝ պարտադրված արտաքին ուժերի կողմից:
դ. Չնայած պաշտոնական մակարդակում ժամանակ առ ժամանակ խոսվում է սահմանազատման մասին, սակայն հանրությունը բավականաչափ չի տեղեկացվում դրա բովանդակության մասին:
Հատկապես անհասկանալի կամ լղոզված է մնում՝
-
Սահմանազատման առնչությունը Արցախի հարցին,
-
Նախկին Ադբեջանական ՍՍՀ ՀՀ տարածքում նախկին անկլավների խնդիրը,
-
հաղորդակցության ուղիների ենթադրյալ վերաբացման խնդրի հետ կապը:
Մենք ելնում ենք այն այն համոզմունքից, որ Հայաստանի Հանրապետության դիմադրության ներուժը ջախջախված չէ, իսկ հակառակորդի հնարավորությունները ուժային ճնշում գործադրելու Հայաստանի Հանրապետության դեմ անսպառ չեն:
Ոչ ոք չի կարող և չպետք է մեզ պարտադրի ուժային լուծումներ, այլ հարցերը կարող են և պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Սրա հիմամբ արձանագրում ենք հետևյալը.
-
Մեզ համար անընդունելի է Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում գտնվող նախկին Ադրբեջանական ՍՍՀ նախկին անկլավների դուրս բերումը Հայաստանի Հանրապետության կազմից:
-
Անընդունելի է Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհի տրամադրումը, որն իրավականորեն կամ փաստացի դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից՝ համարելով դա ոտնձգություն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, անկախ նրանից, թե ինչպես կկոչվի այդ ճանապարհը՝ միջանցք, ճամփա, ուղի, հաղորդակցության գիծ, թե նույնիսկ՝ բարեկամության արահետ:
-
Անընդունելի է որևէ գործընթաց, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս:
-
Անընդունելի է որևէ նախագիծ, որն էլ ավելի է սահմանափակելու Հայաստանի անկախությունը:
-
Միաժամանակ արձանագրում ենք, որ մենք դեմ չենք տարածաշրջանում խնդիրների կարգավորման, հաղորդակցությունների վերաբացման գործընթացներին՝ պայմանով, որ դրանք չեն խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և չեն խոչընդոտելու Արցախի խնդրի շուրջ բանակցությունների շարունակությանը:
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ ուժերին, անհատներին, կազմակերպություններին հայտնել իրենց հստակ դիրքորոշումներն այս խնդիրների վերաբերյալ՝ դնելով դրանք հանրային քննարկման:
Երևան, սեպտեմբերի 14, 2021
«Մարտական եղբայրություն»
միաբանության նախաձեռնող խումբ