Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը` ոչնչի դիմաց

Իշխանական քարոզչությանը պետք է գլխավոր հարցը տրվի` ինչո՞ւ նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտոնական Հայաստանը գնաց հնարավոր ամենամեծ զիջմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվում:

Ինչո՞ւ է հաշտությունը երկու պետությունների միջև անընդատ ձգձվում «տեխնիկական» հարցերի պատճառով: Չէ որ կոնֆլիկտի առերևույթ գլխավոր թեման այլևս չկա․ Հայաստանն Արցախը ճանաչում է Արբեջանի կազմում:

Սա իրոք առանցքային հարց է: Հարցերի հարցն է, որն իր մեջ էլ հենց ունի պատասխանը: Խաղաղության դարաշրջանի ամբողջ հայեցակարգը միայն այս փաստով գլուխը պատով է տալիս, ինքնասպան է լինում, չեղած ուղեղի արյունաշաղաղ մնացորդները ցրում է պատի երկայնքով մեկ: Եթե այսքանից հետո էլ քեզ հետ խաղաղություն չեն ստորագրում, ուրեմն խաղաղության նպատակ չկա։

Իսկ խաղաղությունը, ինչպես և պատերազմը միակողմանի գործընթաց չի կարող լինել, այլ միշտ առնվազն երկկողմանի հարաբերություն է: Չի կարելի պարզապես աչուքները փակել, ժպտալ, ասել, որ խաղաղասեր ես, խաղաղության ես ձգտում կամ հավատարիմ պիոներիկի երդում ուտել, որ երբեք չես շեղվի խաղաղության ճանապարհին, և ո’ հրաշք` խաղաղությունիկն եկավ:

Մի կողմ ենք թողնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստի բարոյական և զագացական կողմերը: Թեև դրանք էլ կարևոր են` ով կարծում է, որ քաղաքականության մեջ տեղ չկա բարոյականության և զգացողությունների, նա այնքան հեռու է քաղաքականությունից, որքան Գալակտիկայի կենտրոնը Երկրագնդից: Բայց մի կողմ ենք թողնում հարցի այդ կողմը: Մենք դրան էլ մի օր կանդրադառնանք:

Դնում ենք արդյունավետության հարցը: Չոր, դաժան, ռեալիստական որքան հնարավոր է:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հնարավոր ամենա մեծ զիջումն էր, որ Հայաստանը կարող էր անել:

Դրանից ավել կարող է լինել միայն, օրինակ, արդեն Սովետական Հայաստանի տարածքի հաշվին ինչ որ բան զիջելը: Կամ նույն` «Զանգեզուրի միջանցքը», ինչը Հայաստանի ներկա կառավարությունը հայտարարել է կարմիր գիծ: Իհարկե, հիմնավոր կասկած կա, որ Հայաստանի կառավարությունը պարզապես չի հասկանում ինչ բան է կարմիր գիծը կամ որևէ բան կարմիի գիծ հայտարարելը: Բայց ամեն դեպքում, կարմիր գծից այն կողմ ամեն հնարավոր բան արդեն զիջված է:

Արված է այնպիսի զիջում, որի մասին Ալիևը չէր կարող երազել նույնիսկ 2020 թվականի նոյեմբերին, և նման պահանջ չէր էլ դրվել այն ժամանակ: Իսկ թե ինչու չէր կարող, այլ հարց է, որը գուցե մի օր բացատրենք:

Իսկ ի՞նչ է ստացել Հայաստանը այդ` ամենա մեծ զիջման դիմաց:

Քաղաքականության մեջ կարող են լինել շատ տարբեր իրավիճակներ: Կարող են լինել նաև այնպիսի դժվար, անելանելի վիճակներ, երբ պետությունը համաձայնի հնարավոր ամենա մեծ զիջման: Բայց այդ դեպքում էլ, եթե խոսքը ոչնչացված պետության մասին չէ, այդ հնարավոր ամենա մեծ զիջման դիմաց պետք է ինչ որ բան ստանա: Սա այնքան ինքնին պարզ է, որ նույնիսկ ամոթ է հատուկ շեշտել, բայց ստիպված ենք:

Արդ, ի՞նչ է ստացել Հայաստանն իր հնարավոր ամենա մեծ զիջման դիմաց:

Եթե այդ զիջումը թեկուզ տեսականարեն ինչ որ արդարացում պետք է ունենա, ուրեմն այս հարցը պետք է ունենա շատ կոնկրետ, շոշափելի, բոլորի համար ընկալելի պատասխան:

Պատասխանն ակնհայտ է` չի ստացել ոչինչ: Սա գուցե աշխարհի պատմության մեջ ամենա մեծ զիջումն է, որ որևէ պետություն արել է մաքուր ոչնչի դիմաց:

Իսկ ի՞նչ կարող էր, և պետք է ստանար:

Պարզ է, որ հնարավոր ամենա մեծ զիջման դիմաց, ստանալիքը չի կարող լինել ինչ որ սովորական, շարքային բան, նույնիսկ, եթե խոսքը պատերազմում պարտվածի զիջման մասին է: Բայց խոսքն այնպիսի զիջման մասին չէ, որ պատերազմում պարտվածը ստիպված էր անել անմիջապես պարտությունից հետո, և պարտության հետևանքով` պատերազմի շարունակման սպառնալիքի տակ: Ոչ` կրկնենք, Ալիևը նույնիսկ 2020 ին չէր կարող երազել նման հեռանկարի մասին: Եթե երազեր կամ իրական համարեր, բնականաբար կփորձեր պարտադրել անմիջապես 20 թվի նոյեմբերին: Բայց ի տարբերություն «միջանցքի» կամ անկլավների հարցի նույնիսկ չի փորձել պնդել:

Պարզ է, որ այս զիջման դիմաց, Հայաստանի անկալիքը «խաղաղությունն էր», այսինքն` խաղաղության պայմանագրի ստորագրումը` առանց հավելյալ ձգձգումների, և «տեխնիկական» հարցերի: Ցանկության դեպքում այդ «տեխնիկական» հարցերը սկզբունքորեն կարելի էր շատ արագ լուծել: Ցանկության դեպքում: Պարզ է, որ ցանկություն չկա: Կան շարունակվող ու շարունակական պահանջներ:

Իսկ դա նշանակում է, որ քաղաքական կուրսը, որի տրամաբանության մեջ ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սնանկ է, ձախողվել է:

Միայն թե չասեն, թե մենք դա Ադրբեջանի համար չենք ճանաչել, այլ ինքներս մեզ համար, որովհետև հասկացել ենք, որ սխալվել ենք: Ես հանգիտս կարող եմ պատկերացնել, իհարկե, որ նման տիեզերական ապաքաղաքական ապուշությունը լուրջ ընդունող մարդիկ կան, բայց Աստծո սիրուն, բացառիկ լուսնոտության նմուշներով զբաղվելու ժամանակ և տրամադրություն իրոք չկա:

Մի պահ պատկերացրեք հակառակ վիճակը:

Պատերազմում հաղթում է Հայաստանը: Ադրբեջանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմից դուրք: Ի՞նչ է անում Հայաստանի որևէ ղեկավարություն, այդ թվում, եթե ղակավար պաշտոնի լինեիք դուք: Ճիշտ է` համարելով հարցը սպառված, Հայաստանի որևէ ղեկավարություն գնալու էր Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության համաձայնության կնքման: Նույնիսկ չենք ասում, դա ճիշտ էր լինելու, թե սխալ: Դա բնական էր լինելու` անկախ նրանից, թե ով էր լինելու Հայաստանի ղեկավարը: Ինչո?ւ այդպես: Որովհետև, եթե նպատակդ Ադրբեջանից դուրս Արցախն էր, այլ խնդիր չունեիր, ապա խնդիրը սպառվելու պես, բնական է գնալ խաղաղության դաշնագրի` «տեխնիկականն» արագ լուծելով:

Իսկ ինչո?ւ ի զարմանս հայության և որք ի սփյուռս աշխարհի Ադրբեջանը նույն քայլի չի գնում: Չէ? որ իրենց խնդիրն էլ Արցախն Ադրբեջանի կազմում ունենալը: Մնացածը կամ «տեխնիկական» էր համարվում, կամ ինչպես ցայսօր սիրում են ասել մեր պնդաճակատները` «ներքին լսարանի համար է»:

Պատճառը պարզ է, և շատ ենք խոսել սրա մասին: Չենք էլ հոգնելու խոսել, մինչև մեխի պես չմեխվի ոչ միայն դոդ, այլև խելացի գլուխներում:

Ոչ թե Արցախյան, այլ Հայաստանյան պատերազմ

Չի եղել ու չկա Արցախի հարց և Արցախի պատերազմ, որը լուծելով հնարավոր կլիներ հանգիստ քնել, ասֆալտ փռել` թռնելով պատմության գնացքից: Տարիներ շարունակ մեզ այդպես են համոզել: Ու ցայսօր էլ, չնայած արդեն համր քարերն են աղաղակում նրա մասին, որ դա այդպես չի և չի եղել, Հայաստանի կառավարությունը շարունակում է քաղաքականություն վարել ելնելով «Արցախի հարցի կարգավորում» ի բնե սխալ հղացքից:

Մենք հիմա պարզ տեսնում ենք, որ եղել է ու կա ոչ թե Արցախյան, այլ Հայաստանյան պատերազմ, և դա ոչ միայն որովհետև բացի հայերից և թուրքերից նաև այլ շահագրգիռ կողմեր են եղել ներգրավված և են, առաջին հերթին ի դեմս Ռուսաստանի: Դա նաև այդպես է հենց մենակ Ադրբեջանի համար: Թե ինչու է այդպես և ինչպես` սա առանձին հարց է: Փատսն ենք արձանագրում: Չկա այլ բացատրություն ներկա վիճակի: Ադրբեջանի պահանջները` Արցախի խնդրից դուրս` Զանգեզուրի միջանցք, թուրքերի վերադարձ Հայաստան, հետագայում կլինի նաև կոնտրիոբւցիայի պահանջը և այլն` լուրջ են, «ներքին լսարանի համար» չեն: Նրա այդ պահանջները կամ դրանց մի մասը կարող է ունենալ արտաքին աջակցություն և ունի, կարող է նաև ունենալ արտաքին խոչընդոտներ և ունի, բայց դրանից չի փոխվում դրանց աուտենտիկությունը:

Խնդիրն, ուրեմն, նորից ու նորից հանգում է նրան, որ Հայաստանի կառավարությունն ու նրա կողմնակիցներն այդպես էլ չհասկացան 2020 թվականի պատերազմի էությունը:

Որքան էլ ձև տան, որ հասկացել են:

Հասկացողը կհասկանար պարզ բան` պատերազմը, որն իրականում Արցախյան չէր, այլ Հայաստանյան էր և չէր կարող հետևաբար ավարտվել Շուշիի անկումով, ոչ էլ կարող է լուծվել Արցախի զիջմամբ:

Պարզ բանաձև է` եթե հարցն ու պատերազմն Արցախյան չէր, այն չի կարող լուծվել Արցախը զիջել-չզիջելով: Բայց պարզ` երկու տարեկան երեխուն հասանելի միտքը չեն կարողղանում հասկանալ մարդիկ, որոնք իբր ամեն բան հասկացել են, և ասում են` եկեք Արցախը զիջենք, որ Հայաստանն անկախ լինի: Իբր անկախության համար են գնում ծանր զիջումների: Անկախության համար պետք է պայքարել, սիրելի դամբուլազգիներ, անկախությունը ծանր պայքարով է ձեռք բերվում, այլ ոչ թե ծանր ու անիմաստ` ոչ մի բանի դիմաց զիջումներով: Եթե իրոք հասկացել եք, որ Հայաստանի անկախության հարց է, այլ ոչ թե Արցախի, ինչպե?ս եք այդքանից հետո մտածում, որ Արցախը զիջելով կարող եք խնդիր լուծել:

Իրականում տեղի ունեցածը և տեղի ունեցողը ոչ միայն քաղաքական սխալ է և ձախողում, այլ ի վերջո` հանցագործություն:

Գնալ հնարավոր ամենա մեծ զիջմանը, չստանալով դրա դիմաց ոչինչ, նշանակում է պարզապես տեղափոխել ապագա պայքարն, այդ թվում ռազմական պայքարը դեռևս չզիջված դիրքերի վրա: Զիջելով Արցախը, բայց դիմացը չստանալով խաղաղություն, պատերազմը տեղափոխում ենք Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ…..:

Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մարտական եղբայրություն» միաբանություն

Social