Հնարավոր չէ լինել 50 տոկոս լևոնական, 50 տոկոս ինքնիշխանական: Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը. պետք է ընտրեք:
Իմ բոլոր ընկերներին, որոնք դեռ հույս են կապում ներկա քաղաքական կուրսի հետ, իմ խորհուրդն ու խնդրանքն է մտածել հետևյալ կետերի շուրջ:
Հնարավոր չէ լինել 50 տոկոս լևոնական, 50 տոկոս ինքնիշխանական:
Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը. պետք է ընտրեք:
Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից՝
Իմ բոլոր ընկերներին, որոնք դեռ հույս են կապում ներկա քաղաքական կուրսի հետ, իմ խորհուրդն ու խնդրանքն է մտածել հետևյալ կետերի շուրջ:
Միայն զգուշացնեմ, որ այն ամենը, ինչ հիմա կգրեմ, մանրամասն հիմնավորել եմ իմ բոլոր հաղորդումներում՝ ամիսների և տարիների ընթացքում: Եթե իրոք հետաքրքիր է, կարող նայել դրանք։
- Պատկերացումը, որ հնարավոր է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, վերջնական պայմանագիր ստորագրել՝ անտեսելով ռուսական գործոնը, ռուս-ադրբեջանական համագործակցությունը, ի սկզբանե սին է:
Դա անհիմն հույս է և ցանկությունն իրականի տեղ դնել է:
- Ադրբեջանի հետ սեպարատ համաձայնություն կնքելու մասին պատկերացումը, որից հետո, իբր, կկարողանանք պոկվել ռուսներից ու անկախանալ, հիմնված չէ որևէ վերլուծական տվյալի վրա, ոչ էլ ֆունդամենտալ որևէ հիմնավորում ունի:
Այն, ինչն ընկած է այս պատկերացման հիմքում, նախորդ քաղաքական սերունդներից փոխառած, այսօրվա միջազգային իրավիճակին, ինչպես նաև պատմական փաստերին անհամարժեք հայեցակարգերի կտորտանք է:
- Եթե իրոք դեպի «խաղաղության դարաշրջան/խաչմերուկ» ենք ուզում գնալ, ապա պետք է ընդունենք բոլոր պայմանները, առաջին հերթին՝ ռուսականները, որի մեջ մտնում է այդ թվում Սյունիքի խնդիրը, նաև՝ Հայաստանի կարգավիճակի փոփոխությունը:
Եթե այլ բան եք պատկերացնում, ապա ցայսօր չեք հասկացել այս պատերազմի բուն քաղաքական էությունը և մինչև հիմա կարծում եք, թե դա զուտ հայ-ադրբեջանական է:
- Դուք ցայսօր ապրում եք «Ղարաբաղյան հարցի կարգավորում» կոչվող միֆոլոգիկ հայեցակարգի մնացուկներում: Եթե ոչ տրամաբանությունը, ապա գոնե վերջին տարիների փորձը պետք է ապացուցած լիներ, որ որևէ առանձին վերցված Ղարաբաղյան հարց չի եղել:
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի բերել ու չի բերելու խաղաղության պայմանագրի ստորագրման:
- «Խաղաղության դարաշրջանը» և «Հանուն ինքնիշխանության պայքարը» երկու լիովին հակադիր մոտեցումներ են, և հնարավոր չէ համատեղել այս երկուսը՝ առանց քաղաքական տրամաբանության կոպիտ խախտման:
Առաջինը նշանակում է ռուս-ադրբեջանական բոլոր պայմանների ընդունում, որովհետև պատերազմի էությո՛ւնն է այդպիսին: Իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի «Միութենական պետություն»:
Երկրորդն ընտրելու դեպքում պետք է հասկանալ, որ մեր դեմ օգտագործվող գլխավոր գործիքը եղել և մնում է Ադրբեջանի բանակը:
Հնարավոր չէ լինել 50 տոկոս լևոնական, 50 տոկոս ինքնիշխանական:
Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը. պետք է ընտրեք:
- Եթե չկա պատասխան, թե ինչ անել Ադրբեջանի բանակի դեմ, չկա ոչ մի ինքնիշխանության պայքար, այլ կա դատարկախոսություն «Արցախը Հայաստան է և վերջ» ոճի մեջ:
Ինքնիշխանության պաշտպանության կիզակետում Ադրբեջանի բանակին դիմադրելու կարողությունն է: Եթե չկա դա, չկա ոչինչ: Եթե կա, մնացածը լուծելի է:
Լուծելի՞ է, արդյոք, Ադրբեջանի բանակին դիմակայելու հարցը:
Այո, լուծելի է և 3 տարում էլ լուծելի էր:
Ինչպե՞ս:
Կգրեմ՝ հաջորդ անգամ (քաղաքական, այլ ոչ թե ռազմատեխնիկական մակարդակում):