Դանդաղ քայքայում․ ինչպե՞ս է անհետանում Եվրոպայի քաղաքական կենտրոնը

Եվրոպայում անհանգստացած են քաղաքական կենտրոնի անկումից։

Մարտական Եղբայրության ՎիԿա վերլուծական խում...

Եվրոպայում անհանգստացած են քաղաքական կենտրոնի անկումից։

Մարտական Եղբայրության ՎիԿա վերլուծական խումբը ձեզ է ներկայացնում գերմանական Die Welt պարբերականի այս թեմայով հոդվածի հայերեն թարգմանությունը։

Դանդաղ քայքայում․ ինչպես է անհետանում Եվրոպայի քաղաքական կենտրոնը Ֆիլիպ Ֆրից, Կլաուս Գայգեր, Ռայներ Հաուբրիխ, Լարա Յեկել, Մարտինա Մայստեր, Շտեֆան Շոխեր

Անվստահության քվեարկությունները Ֆրանսիայում մեկ տարում երկու կառավարություն են տապալել։ Խորհրդարանում ծայրահեղական ուժերի հզորացումը և կենտրոնի անհետացումն այստեղ զգալիորեն խորացել են։ Բայց այդ գործընթացն այժմ վճռական կետի է հասել նաև այլ կարևոր երկրներում։ Բունդեսթագի վերջին ընտրությունների ժամանակ Գերմանիայում քաղաքական կենտրոնի քայքայումը մտել է նոր փուլ. ներկայիս խորհրդարանում չափավոր կուսակցություններն այլևս չունեն երկու երրորդի մեծամասնություն, այսինքն՝ այլևս չեն կարող Սահմանադրության փոփոխություններ իրականացնել, առանց «Այլընտրանք Գերմանիայի համար» (Alternative für Deutschland) կամ Ձախ կուսակցության ձայների։ Ֆրանսիայում այժմ ծայրահեղական ուժերից բացի մնացած բոլոր կուսակցությունները միասին վերցրած չեն կազմում անգամ պարզ մեծամասնություն։ Նման իրավիճակ է նաև Իտալիայում։ Եվրոպան արդեն սովորել է ազգայնական կուսակցությունների վերելքին․ դա ձգվում է արդեն տարիներ և տասնամյակներ։ Սակայն այժմ գնալով ավելի մեծ թվով կարևոր երկրներ են հասել այն կետին, երբ այդ զարգացումը սպառնում է քաղաքական կայունությանը։

Ֆրանսիա Տասնամյակներ շարունակ երկրի քաղաքական դաշտում իշխում էին կենտրոնամետ-աջ պահպանողական ուժերը և ձախական սոցիալ-դեմոկրատական «Սոցիալիստական կուսակցությունը» (Parti Socialiste)։ Մեծամասնական ընտրական համակարգի և այսպես կոչված «հակազդման պատի» շնորհիվ ավանդական կուսակցություններին երկար տարիներ հաջողվում էր սահմանափակել Մարին Լե Պենի ղեկավարած «Ազգային ճակատ» (Rassemblement National) կուսակցության ազդեցությունը՝ չնայած նրան, որ հասարակության մեջ զուգահեռաբար աճում էր դժգոհությունը և աջ ծայրահեղականների հանդեպ աջակցությունը։ Մյուս կողմից, սոցիալիստների շրջանում տեղի ունեցավ պառակտում, իսկ «Անհնազանդ Ֆրանսիա»-ի» (LFI) ստեղծմամբ՝ ձախ թևում տեղի ունեցավ արմատականացում։ Տասնամյակներ տևած հիասթափության արդյունքում ծայրահեղական ուժերը հզորացան, և 2017-ին Էմանուել Մակրոնը, նկատելով քաղաքական կենտրոնում առաջացած վակուումը, հանդես եկավ նոր խոստումով՝ գործել իրատեսորեն, «ոչ աջ, ոչ ձախ» կարգախոսով։ Նա ցնցեց ավանդական կուսակցական համակարգը։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում սա միայն ուժեղացրեց ծայրահեղականներին։ Այսօր «Ազգային ճակատ»-ն ու «Անհնազանդ Ֆրանսիա»-ն գաղափարական զույգ են․ երկուսն էլ հակաեվրոպական են և տևական ժամանակ է՝ ռուսամետ են, և երկուսն էլ հաջողություն են ունեցել անիրատեսական սոցիալական խոստումներով։ Մինչև 2017թ․ «Ազգային ճակատ»-ն ուներ ընդամենը երկու պատգամավոր։ 2024 թ․ սկսած՝ այդ կուսակցությունն արդեն խորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է՝ 123 մանդատով։ Ձախ թևում գերակայող դիրք ունեն «Անհնազանդ Ֆրանսիա»-ի պոպուլիստները։ Մակրոնի փոքրամասնության կառավարությունը պատնեշված է, ինչը երկիրը դնում է քաղաքական փակուղու առջև, որից, ամենայն հավանականությամբ, դուրս կգա միայն 2027 թ. նախագահական ընտրություններից հետո։ Հետազոտությունների համաձայն՝ «Ազգային ճակատ»-ի հաղթանակի հնարավորությունները երբեք այսքան բարձր չեն եղել․ առաջին փուլում այն ստանում է ավելի քան 30% ձայն, ինչը լուրջ շանսեր է ապահովում։

Իտալիա ԵՄ երրորդ խոշորագույն երկիրը, թերևս, ապրել է կուսակցական դաշտի ամենառադիկալ վերափոխումը։ Մինչև 1990-ականների սկիզբը երկրի քաղաքական կյանքում մեծ դեր ուներ պահպանողական ժողովրդական «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունը (Democrazia Cristiana), որը կազմալուծվեց կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Դրանից հետո Սիլվիո Բերլուսկոնիի առաջնորդությամբ ձևավորվեց «Առա՛ջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցությունը՝ առաջինը, որն ուներ հստակ պոպուլիստական գծեր։ Վերջին տասնամյակում երկրում տեղի ունեցավ մի քանի կուսակցությունների սրընթաց վերելք ու անկում, և այսօր Իտալիայի խորհրդարանում գրեթե անհնար է տարբերել քաղաքական կենտրոնը ծայրահեղականներից։ «Հինգ աստղ» հակահամակարգային շարժումը 2018 թ․ դարձավ ամենահզոր ուժը և աջակողմյան ազգայնական «Լիգա» (Lega) կուսակցության հետ ձևավորեց կառավարություն։ Շատ չանցած սկսվեց ևս մեկ աջակողմյան ազգայնական ուժի՝ Ջիորջիա Մելոնիի գլխավորած «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d’Italia, FdI) կուսակցության վերելքը։ 2022 թ․ ընտրություններում հաղթանակից հետո Իտալիան մտավ հարաբերական կայունության փուլ։ Այդ ժամանակից ի վեր Մելոնիի կուսակցությունը մշտապես գլխավորում է հարցումները՝ ստանալով ավելի քան 30% աջակցություն։ Միևնույն ժամանակ, երկրի վարչապետ Մելոնին արտաքին քաղաքական հարցերում դարձավ առավել եվրոպամետ և Ուկրաինայի հստակ աջակիցներից մեկը։ Երբ վերջերս եվրոպական երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին այցելեցին Վաշինգտոն, Մելոնին կանգնած էր այլ երկրների կենտրոնամետ կուսակցությունների ներկայացուցիչների կողքին։

Իսպանիա Իսպանիան, Գերմանիայի պես, երկար ժամանակ «անձեռնմխելի» էր համարվում էր աջ-ազգայնական կուսակցությունների վերելքի նկատմամբ։ Եվրոյի ճգնաժամի հետևանքով ի հայտ եկավ ձախ-պոպուլիստական «Մենք կարող ենք» (Podemos) շարժումը, որն էլ կոտրեց տասնամյակներով ձևավորված երկկուսակցական համակարգը՝ պահպանողական «Ժողովրդական կուսակցության» (Partido Popular) և սոցիալ-դեմոկրատական «Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության» (Partido Socialista Obrero Españo) միջև։ Սակայն մոտ 2018 թ.-ից սկիզբ առած՝ աջ-ազգայնական «Ձայն» (Vox) կուսակցության վերելքը ցույց տվեց, որ Իսպանիայի «անձեռնմխելիության» թեզը սխալ էր։ Սկզբնապես հավաքելով մեծ թվով ձայներ՝ վերջին տարիներին «Ձայն»-ի վարկանիշը կայունացել էր մոտ 15%-ի սահմաններում։ Հաճախ որպես պատճառ նշվում է, որ պահպանողական «Ժողովրդական կուսակցությանը» հաջողվել է սեփականել «Ձայն»-ի հիմնական թեմաները և իր կողմը գրավել ծայրահեղ աջ ընտրողներին։ Միաժամանակ, Իսպանիայում ազգայնական ուժերի հիմնական թեման՝ միգրացիան, պակաս բևեռացնող է։ Չնայած նրան, որ այս հարավ-եվրոպական երկիր բազմաթիվ միգրանտներ են ժամանում Աֆրիկայից, նրանք սովորաբար շարժվում են Կենտրոնական Եվրոպա։ Իսկ այն միգրանտների մեծ մասը, որոնք մնում են Իսպանիայում, գալիս են Լատինական Ամերիկայից, և մշակութային ու լեզվական ընդհանրությունների շնորհիվ ինտեգրման հետ կապված լուրջ խնդիրներ գրեթե չեն առաջանում։

Մեծ Բրիտանիա Անգլիայի հյուսիս-արևելյան բազմաթիվ շրջաններ, Միդլենդսն ու Ուելսը ավելի քան հարյուր տարի համարվել են սոցիալիստական «Լեյբորիստական» կուսակցության հպարտ հենակետերը՝ ածխի արդյունահանման, պողպատի արդյունաբերության և արհմիութենական շարժման մեջ իրենց խոր արմատներով։ Սակայն 2016 թ․ «Բրեքզիթի» հանրաքվեի հետևանքները խորապես փոխեցին երկրի քաղաքական դաշտը։ Լոնդոնից և հարուստ հարավից դուրս բնակչության լայն հատվածները քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին, իսկ 2019 թ․ ընտրություններում իրենց ձայնը տվեցին այն ժամանակվա Պահպանողական կուսակցության առաջնորդին՝ Բրեքզիթի կողմնակից Բորիս Ջոնսոնին։ Լեյբորիստական կուսակցության նախկին «կարմիր պատը» այժմ գունավորվել էր Տորիների՝ պահպանողականների խորը կապույտով։ Երբ 2022-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, նրա բազմաթիվ ընտրողներ սկսեցին նոր քաղաքական հենարան փնտրել։ Նրանցից շատերն ավելի ու ավելի հաճախ են գտնում այն «Reform UK» կուսակցության մեջ, որը գլխավորում է Բրեքզիթի նախկին ակտիվ աջակից Նայջել Ֆարաժը։ Այս կուսակցությունն այժմ հարցումներում ստանում է ավելի քան 30% աջակցություն՝ զգալիորեն առաջ անցնելով Լեյբորիստներից և Պահպանողականներից։ Քաղաքական կենտրոնը նեղանում է. ոչ միայն աջում, այլև ձախում հայտնվել է նոր բողոքական կուսակցություն՝ նախկին լեյբորիստական առաջնորդ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, որը գրավում է հակաիսրայելական դիրքորոշում ունեցողների ձայները։

Ավստրիա Ով ցանկանում է տեսնել՝ ինչպես է փոխվել Ավստրիայի քաղաքական դաշտը, բավական է հայացք գցի համայնքներին։ Համայնքներում մինչ այժմ ամենաշատ քաղաքապետեր ունեցող կուսակցությունը պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցություն»-ն (Österreichische Volkspartei) էր։ Խոսվում էր այսպես կոչված «սուրբ երրորդության» մասին, որոնք էին «Ավստրիայի ժողովրդական կուսակցություն-ը, Ռայֆայզենբանկը և եկեղեցին։ Սակայն այժմ գնալով ավելի շատ համայնքներում է իշխանության գալիս աջ-ազգայնական «Ավստրիայի ազատության կուսակցությունը» (Freiheitliche Partei Österreichs)։ 2024 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո այն հաղթել է բոլոր տեղական մակարդակի ընտրություններում։ «Ավստրիայի ազատության կուսակցություն»-ն արդեն տասնամյակներ շարունակ Ավստրիայի քաղաքականության մեջ լուրջ ուժ է, և երկու անգամ արդեն եղել է կառավարությունում։ Սակայն 2024 թ․ խորհրդարանական ընտրությունները, որոնցում այն առաջին անգամ դարձավ ամենահզոր ուժը, հերթական շրջադարձը եղան։ «Ավստրիայի ազատության կուսակցություն»-ից կանցլեր ընտրելը կանխելու նպատակով երկրի պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց եռակողմ կոալիցիա, որի կազմում էին «Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը», «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» (Sozialdemokratische Partei Österreichs) և «Նոր Ավստրիա-լիբերալ ֆորում» կուսակցությունը (Das Neue Österreich und Liberales Forum)։ Այս կոալիցիան համարվում է հարկադրական լուծում, և վերլուծաբանների մեծամասնությունը համարում է, որ այն չի դիմանա մինչև խորհրդարանական շրջանի ավարտը։ Ներկայիս հարցումներում «Ավստրիայի ժողովրդական կուսակցությունն» ունի 21% աջակցություն, «Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն» իջել է 20%-ից ներքև, իսկ «Ավստրիայի ազատության կուսակցությունն» ունի գրեթե 36%՝ աճի միտումով։

Լեհաստան Արեւմտյան Եվրոպային բնորոշ՝ քաղաքական դաշտը ձախ և աջ բևեռների բաժանելու սխեման այնքան էլ կիրառելի չէ Լեհաստանի նկատմամբ։ 2005 թ․-ից ի վեր երկրում իշխանությունը պարբերաբար փոխվում է երկու խոշոր կուսակցությունների միջև՝ ազգային-պահպանողական «Օրենք և արդարադատություն» կուսակցության (Prawo i Sprawiedliwość) և լիբերալ-պահպանողական, եվրոպամետ «Քաղաքացիական հարթակ» կուսակցության (Platforma Obywatelska) միջև։ 2015թ․ հատկապես ուժեղացան Եվրոպական միության հանդեպ քննադատական տրամադրությունները, մասնավորապես՝ «Օրենք և արդարադատություն» կուսակցության ներսում։ Այդ թվականին կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, իսկ նրա թեկնածու Անջեյ Դուդան՝ նախագահական ընտրություններում։ Վճռորոշ դեր ունեցավ նախընտրական քարոզարշավը՝ ուղղված Գերմանիայի կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ, որը լեհական երկու խոշոր կուսակցություններն էլ համարում էին հակաեվրոպական, իսկ «Օրենք և արդարադատություն» կուսակցությունը հաճախ հանդես էր գալիս ռասիստական և հակագերմանական քարոզչությամբ։ Ներկայումս կառավարությունը ղեկավարում է «Քաղաքացիական հարթակ« կուսակցությունը, սակայն այս տարի նախագահական ընտրություններում կրկին հաղթել է «Օրենք և արդարադատություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին։ Շատ վերլուծաբաններ համարում են, որ 2027 թ․-ին իշխանությունը կրկին կարող է փոխանցվել «Օրենք և արդարադատություն» կուսակցությանը։

Նիդերլանդներ 1970-ականներից ի վեր Նիդերլանդներում եղել են երկու առաջատար կուսակցություններ, որոնք հերթով նշանակում էին երկրի վարչապետին․ սոցիալ-դեմոկրատները և քրիստոնյա-դեմոկրատները։ Սակայն դա դադարեց 2010 թ.-ին ոչ թե այն պատճառով, որ պոպուլիստները եկան իշխանության, այլ որովհետև աջ-լիբերալները, երկարամյա վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, դարձան ամենաուժեղ քաղաքական ուժը և տևականորեն մնացին այդ դիրքում։ Սակայն հայտնվեց Ռյուտեի մրցակիցը՝ նրա նախկին կուսակցական գործընկեր Գերտ Վիլդերսը, որի նոր՝ «Հանուն ազատության կուսակցությունը» (Partij voor de Vrijheid) մեծ ժողովրդականության հասավ քաղաքական էլիտային, Եվրամիությանը և իսլամին ուղղված իր քննադատությամբ։ 2023 թ․ խորհրդարանական ընտրություններում Վիլդերսը հավաքեց 23% ձայն և առաջին անգամ դարձավ ընտրությունների հաղթող ուժը՝ պահպանելով այդ դիրքը մինչ օրս, թեև վերջերս նա լուծարեց Հաագայում չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան, որի անդամներից էր հանդիսանում։ Վերջին երկու զարգացումները որոշակիորեն ուժեղացրեցին քաղաքական կենտրոնը․ սոցիալ-դեմոկրատները և կանաչները միավորվեցին՝ դառնալով երկրորդ ամենահզոր ուժը, իսկ քրիստոնյա-դեմոկրատները տպավորիչ վերելք ունեցան՝ հասնելով երրորդ հորիզոնականին։ Այդ պատճառով այսօր Նիդերլանդներում իրավիճակը որոշ չափով հիշեցնում է 1970-ականների իրավիճակը, որին գումարվում է Վիլդերսի ուղղված 20% աջակցությունը։ Նրա դեմ խորհրդարանական մեծամասնություն ձևավորելը Նիդերլանդների բազմակուսակցական խորհրդարանում չափազանց դժվար է։

Շվեդիա «Շվեդական դեմոկրատների» (Schwedendemokraten) վերելքը փոխեց երկրի կուսակցական համակարգը։ Այս աջ-ազգայնական կուսակցության հանդեպ աջակցությունը սկսեց աճել 2015թ․-ին՝ փախստականների ճգնաժամի ընթացքում, երբ Շվեդիան վարում էր Եվրոպայի ամենալիբերալ ապաստանային քաղաքականություններից մեկը։ 2018թ․ ընտրություններում կուսակցությունը հավաքեց 17.5%, ինչի հետևանքով ոչ մի ավանդական կուսակցական բլոկ այլևս մեծամասնություն չուներ։ Քանի որ մնացած բոլոր կուսակցությունները սկզբունքորեն բացառում էին «Շվեդական դեմոկրատներ»-ի հետ համագործակցությունը, ձևավորվեց լայն ձախ–աջ կոալիցիա, որը սակայն ձախողվեց իր բազմազանության պատճառով։ Չորս տարի անց՝ 2022թ․, աջ-պոպուլիստները ստացան 20.6% քվե և դարձան երկրորդ ամենամեծ ուժը։ «Պաշտպանական պատը» փլուզվեց․ ձևավորվեց պահպանողական–լիբերալ փոքրամասնության կառավարություն՝ «Շվեդական դեմոկրատների» աջակցությամբ։ Թեև այս կուսակցությունը նախարարներ չի նշանակում, սակայն իր ազդեցությունն է ունենում կառավության ծրագրի վրա՝ հատկապես միգրացիոն քաղաքականության հարցում։ Նախկինում տաբու համարվող այս համագործակցությունն այժմ հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ «Շվեդական դեմոկրատներ» կուսակցությունը, առաջնորդ Ջիմմի Օքեսոնի գլխավորությամբ, մեղմեց իր դիրքորոշումները։ Նա նախկին նեոնացիստական կուսակցությունից բացառեց ծայրահեղ աջ ուժերին, հրաժարվեց Եվրամիությունից դուրս գալու պահանջից և աջակցեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին։ Սակայն միգրացիայի հարցում «Շվեդական դեմոկրատներ» կուսակցությունը շարունակում է մնալ Եվրոպայի ամենառադիկալ կուսակցություններից մեկը։ Մինչ այժմ իշխանության մեջ լինելը նրանց վնաս չի տվել․ հարցումներում նրանք կայուն մնացել են մոտ 20%-ի սահմանում և, ամենայն հավանականությամբ, ապագայում նույնպես դեր կխաղան կառավարություն կազմելու մեջ։

Մարտական Եղբայրություն միաբանության ՎիԿա վերլուծական խումբ 09 16 2025

Թեմաներ

    Social