Աջ ու ձախ կողմերում անապատ, հետևում՝ մահ

Հատվածներ Ալբերտ Մկրտչյանի “Հրետանավորի օրագիրը” գրքից:

Ոչինչ կռվի ժամանակ էնքան չի կարող կոտրել քեզ, որքան տեխնիկայի կորուստը, ընկերների մահը ու նահանջը։ Դրանից ավելի սարսափելի բան չեմ կարող պատկերացնել։

Հրապարակում ենք մի հատված Ալբերտ Մկրտչյանի “Հրետանավորի օրագիրը” գրքից:

Գիրքը հրպարակվել է Մարտական եղբայրության գրական ծրագրի շրջանակներում՝ հանրային հանգանակությամբ և Կողբ հիմնադրամի և Անտարես հրատարակչության հետ համագործակցաբար: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:

Ներկայացվող հատվածի մեջ նկարագրվում է նահանջի ճանապարհն ու դրա տրամադրությունը: Շարադրանքը կենտրոնացած չէ մեկ կոնկրետ դրվագի շուրջ, այլ փոքր, առաջին հայացքից ոչ նշանակալի դրվագների նկարագրությամբ փոխանցում է տրամադրություն, ինչն ընդհանրապես բնորոշ է Ալբերտի գրքին:

Ճանապարհի ուղղությամբ սարեր էին, երևի մի 4-5կմ հեռու, աջ ու ձախ կողմերում՝ դաշտեր, անապատ, հետևում՝ մահ։ Մինչև էդ դեպքը չէի հասկանում, չէի գիտակցում, թե մահն ինչ ա, բայց ամեն ինչ փոխվեց։ Սերոժս ու Արտակս մինչ էդ պահը անմահ էին իմ համար։ Քանի անգամ էր մահը փորձել մեզ հասնել, բայց չէր կարողացել։ Իրանց երկուսին հասավ,իսկ ինձ՝ խնայեց։ Ու երբ հասկանում ես, որ քեզ մահը խնայել ա, ուրեմն քո պայքարը դեռ չի վերջացել։ Չպիտի հիասթափվես, թևաթափ լինես, պիտի շարունակես կռիվդ, պայքարես է՛լ ավելի մեծ եռանդով, է՛լ ավելի խենթությամբ, որովհետև դու մենակ քո տեղը չես կռվում, դու նաև կռվում ես նրանց տեղը, որոնց մահը տարավ իր հետ։

Քայլում էինք, ու նենց զգացողություն էր, կարծես ոչինչ չէր եղել։ Ոնց որ նորմալ լիներ ամեն ինչ, ոնց որ սովորական լիներ։ Անգամ մեկ ու մեջ կատակ էինք անում։ Ուղղակի չէինք զգում ոչինչ։

Որոշեցինք քայլել ճանապարհի ձախ կողմի դաշտի եզրով։ Մի քիչ քայլեցինք, մեկ էլ տղեքից մեկը ասեց, որ մինիպոլյա ենք մտել, նշան կար դրած, բայց չէինք նկատել։ Վազելով դուրս էկանք ճանապարհ։ Բարեբախտաբար, ոչինչ չպայթեց։ Մեկ էլ մեր կողքով Վիլիս անցավ կարմիր ֆառերով, փակած համարներով, շոֆեռն էլ ժպտում էր։ Մեզանից մի 100մ առաջ, հենց ճանապարհի մեջտեղում կանգնացրեց ավտոն, իջավ միջից ու պառկեց գետնին։ Ըտեղ ճանապարհի աջ ու ձախ մասերում հողը թումբ էր տված։ Տղեքից մեկը ասեց, որ ոնց որ դիրքավորվել ա մեր ուղղությամբ, սնայպեռա։ Բոլորս պառկեցինք գետնին։ Կինո էր լռիվ․աջ ու ձախ մինիպոլյա, հետևից գալիս են դրանք հաստատ, առջևում էլ սնայպեր: Որոշեցինք սողալով առաջ գնալ։ Ես կարծեմ պապիկի զենքը վերցրեցի, թե մոբի Դավոյի, չեմ հիշում։ Համարյա իրան էինք հասել ու լսեցինք, որ գոռումա․«Հայ եմ, հայ, չկրակեք»։ Զենքերներս պահած գնացինք իրա կողմ։ Հարցրի․ «Ո՞վ ես», ասեց․ «Երկրապահից եմ», ասի․ «Բիլետ ունե՞ս», ասեց․ «Հա, մեքենայի մեջա»։ Տղեքից մեկին ասեցի, որ հսկի իրան, մինչև ստուգեմ, մեկի հետ էլ գնացի մեքենայի մոտ։ Ուզում էր դուռը միանգամից բացեր, բայց չթողոցի։ Պատուհանից զենքս մցրեցի ներս, պահեցի հետևի կողմը, որ հանկարծ մարդ չլներ թաքնված։ Բռոնիներ էին դրած հետևում։ Բացեցինք դուռը, քթանք բիլետը, ճիշտ էր ասում։ Ասեցինք «Բարի ճանապարհ», ու շարունակեցինք մեր ճանապարհը։

Մի քիչ հեռվացանք էդ տեղից, մեկ էլ մեր հետևում Դ-30 2-րդ մարտկոցի տղեքը երևացին։ Հայկոս էլ էր մեջները։ Էկան հասան մեզ։ Փաթաթվեցի ախպորս, պաչեցի։ Ախպերս սաղ էր։ Մի ուրիշ ուրախություն էր իմ համար էդ։ Իրանցից մեկը ասեց, որ կապնվել ա Մկրտումյանի հետ, մեր կամբատը իրանց հետա։ Կաբինկի անձնակազմին բան չէր եղել։ Կամբատը իրանց տարել, ապահով հասցրել էր Իշխանաձոր Մկրտումյանենց հետ։ Փաստորեն, երբ մենք թմբի վրա պատսպարվել էինք, մեր դիմացով անցած մեքենաները Մկրտումյանենց Ուրալներն էին։ Ուրախացանք բոլորս տղեքի համար։

Շարունակում էինք քայլել։ Ամբողջ ճանապարհին Ծյոմիս էի ձեն տալի։ Ուզում էի, որ անընդհատ հետս քայլեր, կողիցս էն կողմ չգնար։ Ծյոմս ասեց․ «Որ վազեցիր ավտոյի մոտ, որ Գոռոյին հանես, աղոթում էի, որ հանկարծ չպայթի ավտոն»։ Էդ խոսքերը մեջս մի ուրիշ ձև են տպավորվել։

Ճանապարհին էլի նահանջողների տեսանք։ 2 հոգի ճանապարհի կողը նստել էին, հարցրի․ «Էս դուք չեք գալի՞ս»,ասեցին. «Գալիս ենք, ուղղակի հանգստանում ենք»։ Հետո մի տղայի հետ ծանոթացա, կայարանից էր, բայց անունը չեմ հիշում, կամ Նարեկ էր, կամ Հայկ, ՁՀՆ կար մոտը՝ РПГ։ Հարցրի․ «Մանվելին ճանաչում ե՞ս կայարանից»։ Ասեց․ «Չէ, չեմ ճանաչում»։ Հետը ուրախ խոսալով քայլում էի, հարցրի «Գիտե՞ս խի եմ ուրախ», ասեց․ «Չէ, խի՞», ասեցի․ «Որովհետև փրկվել եմ»։ Գժվել էի։

Դիմացներս մի 500մ երկարությամբ դիք երևաց, որ տանում էր ձորը։ Հեռվում՝ դիքի աջ կողմում սպիտակ տներ տեսա։ Մի տեսակ ապահովություն զգացի։ Իշխանաձորն էր, գյուղ, որը շատ սիրեցինք, բայց չգիտեմ՝ կտեսնե՞նք էլի, թե՞ ոչ։ Իջանք դիքը, կայարանցուց բաժանվեցի։ Ներքևում տղեքին տեսա, կամբատին ու մնացած մարտկոցներից տղեքի։ Չգիտեի՝ ուրախանաի՞, թե լացեի։ Հիասթափված էինք բոլորս, կոտրված։ Ոչինչ կռվի ժամանակ էնքան չի կարող կոտրել քեզ, որքան տեխնիկայի կորուստը, ընկերների մահը ու նահանջը։ Դրանից ավելի սարսափելի բան չեմ կարող պատկերացնել։

Բոլորը խաչմերուկի մոտ էին, բայց ցրված: Մի ճանապարհը տանում էր հյուսիս՝ Լաչին, մյուսը,որը դիքի շարունակությունն էր՝ Կուբաթլու։ Գնդի հրետանու պետին մոտեցա, հարցրի․

—Ի՞նչ ենք անելու, պ-ն փոխգնդապետ։

—Կռվելու ենք,

—Ինչո՞վ,

—Գնալու ենք տեխնիկաները բերենք,

—Պ-ն փոխգնդապետ, երկու անգամ մեզ արդեն խփել են․․․

Էլ բան չասեց։

Social