Մարտական եղբայրության դիտարկումները ի պատասխան ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության
Սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածվել է հայտարարություն, որի կապակցությամբ Մարտական եղբայրություն միաբանությունը հայտարարում է հետևյալը՝
- Չափազանց մտահոգված ենք Քննչական կոմիտեի նման գործելաոճով, այն պարագայում, երբ վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակից բխում է անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված վարույթի արդյունավետ իրականացման հրամայականը։
- Քաղաքացիների անձնական ազատության նման անհամաչափ սահմանափակումը՝ ձերբակալումը, այն դեպքում, երբ ձերբակալվածներից Գոռ Ասատրյանը, Հովսեփ Ղազարյանը, Հենրիկ Մկրտչյանն առհասարակ Տավուշի մարզում չեն գտնվել միջադեպի ընթացքում, վկայում է, որ ՀՀ քննչական կոմիտեն օրինականության և արդարության փոխարեն առաջնորդվում է որոշ սուբյեկտների նիհիլիստական, անիրավաչափ կարգադրություններով։
- Կոմիտեի հայտարարությամբ խեղաթյուրվել են նաև դեպքի փաստական հանգամանքները։ Մասնավորապես՝ հարկ ենք համարում նշել, որ տեսանյութից ակնհայտ է, որ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան նպատակաուղղված ընթացել է ճանապարհին հավաքված բազմության ուղղությամբ, մինչդեռ ոստիկանությունը՝ «հասարակական կարգի պահպանություն իրականացնող մարմինը», դրսևորել է անզգուշություն, իսկ Կոմիտեի ուշադրությունից «պատահականորեն» վրիպել է Ոստիկանության ծառայողների հանցավոր անգործությունը։
- Կոմիտեն միակողմանի սուբյեկտիվ գնահատական է տալիս ՄԵ անդամ Արման Պետրոսյանի վարքագծին։ Առհասարակ չի ներկայացվել այն իրադրությունը, որը պայմանավորվել է վերջինիս նման արձագանքը։ Կոմիտեի տեսադաշտից զարմանալիորեն վրիպել են տեսանյութում արձանագրված` ցուցարարների վրա հարձակված անձանց գործողությունները, հակաբարոյական պահվածքը ոստիկանության ծառայողների «դիտորդական առաքելության ընթացքում», որի հետևանքով ցուցարարները և, մասնավորապես Արման Պետրոսյանը, ստիպված դիմել են ինքնապաշտպանության։
- Հայտարարությամբ կոմիտեն պնդում է, որ ՄԵ անդամները միջադեպից հետո դիմել են փախուստի, մինչդեռ եղելությունը ամրագրող տեսանյութը աներկբայորեն հերքում է հայտարարության արժանահավատությունը։
- Քննչական կոմիտեն, իր իսկ հայտարարությամբ, փաստում է, որ միջադեպի կապակցությամբ, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են բացառապես ՄԵ անդամները, մինչդեռ ո՛չ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը, ո՛չ մեքենայի տանիքից բազմության ուղղությամբ ցատկող անձը, ո՛չ սադրող գործողություններ իրականացնող ԵԿ անդամները, առհասարակ, որևէ ձևով չեն ներգրավվել վարույթին, ինչը վկայում է կա՛մ քննչական կոմիտեի կոպիտ մասնագիտական անփութության, կա՛մ գռեհիկ նիհիլիստական գործելաոճի մասին։