Ժողովրդի զինվելու անհրաժեշտությունը

2020 թ. պատերազմում Ադրբեջանի առաջխաղացման մեջ մեծ դեր ունեցան լավ պատրաստված փոքր և մոբիլ խբերը։

Մարտական եղբայրության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է

Խնդիրը

2020 թ. պատերազմում Ադրբեջանի առաջխաղացման մեջ մեծ դեր ունեցան լավ պատրաստված փոքր և մոբիլ խբերը։ Նրանց հաջողվեց թափանցել հայկական զինված ուժերի թիկունք, Արցախի բնակավայրեր՝ տարածելով խուճապ բնակչության, այնուհետև ԶՈՒ-ի մեջ։ Ընդորում, նրանց ընդհանուր քանակը ընդամենը մի քանի հարյուր էր... Ստեղծում էին տպավորություն, երբ թիկունքում մեկը մյուսի հետևից ընկնում էին հայկական բնակավայրերը, իսկ արդյունքում կոտրվում էր առաջնագծում ԶՈՒ դիմադրության կամքը, տարածվում էր հուսահատություն։ 10 (պայմանական) հոգանոց խումբը, մի ծերունի սպանելով, մի տուն վառելով այնպիսի խուճապ ու տեղեկատվական գրոհ էր տարածում, որ թվում էր, թե հազարանոց բանակային միավորումները մնացել էին շրջափակված` թիկունքից կտրված։ Հայաստանի հսկա բանակը չկարողացավ պայքարել 10 հոգու դեմ, որովհետև նմանատիպ խմբեր կազմելու փոխարեն բավարարվել էր Իսկանդեր և Սու-30 գովազդելով։ Այնինչ այդ մանր խմբերի հայտնաբերումը և ոչնչացումը մի մեծ բան չէ և հիմա էլ կարելի է կազմակերպել։

Մինչ այսօր` պարտությունից հետո, հայկական բանակը չի բարեփոխվում՝ առաջացած մարտահրավերները չեզոքացնելու համար։

Խնդիր 2 (Նիկոլի քաղաքականությունը)

Վարչապետը բազմաթիվ առիթներով պաշտոնապես «խոստովանել» է, որ «անկլավները» Ադրբեջանինն են (29800, Ալմաթի, անկլավների փոխանակում, անկլավների հարցի հետաձգում վերջին փուլ և այլն): Միևնույն ժամանակ, օրինակ, վերջերս Նոյեմբերյանի շրջանի ժողովրդի մեջ լավ տարածել են, թե Վերին Ոսկեպար «անկլավը» չենք տալու, հանգիստ եղեք. Սոֆուլու, Բարխուդարլուն ենք տալու...

Բնականաբար շատ հավանական է, որ Ադրբեջանը մի օրում մտնի ու բոլոր անկլավները` իրենց շրջակա տարածքներով վերցնի։ Ո՞վ ինչ պետք է ասի նրան։ Մեր վարչապետն էլ մի քիչ կնվնվա սրա նրա մոտ, կանցնի կգնա։ Հա, սա հատուկ եմ էսպես գրում, որովհետև մինչ այս էդպես էլ եղել է (20 թ պատերազմ, 20 թ Խծաբերդ, 21 թ մայիս, 22 թ Փառուխ, Քարագլուխ, 22 թ սեպտեմբեր, 23 թ Արցախ): Այս բոլոր դեպքերում Նիկոլը

  • կամ համաձայնվել է թշնամու համար հարմար պահին հրադադարին
  • կամ համակերպվել դե ֆակտո ստեղծված իրավիճակին, երբ Ադրբեջանը արդեն իսկ լուծել է իր խնդիրը
  • կամ ընդհանրապես չի միջամտել։

Իսկ, օրինակ Իշխանասարի, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի դիրքերի կորստից հետո պայքարը չշարունակելը, դիրքերը ետ չվերցնելը, մարտական գործողությունները դադարեցնելը ու թողնելը, որ թշնամին հանգստանա, ամրանա, հանգիստ բետոնից ինժեներական աշխատանքներ կատարի, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենիքի հանձնում։

Սա շատ ԿԱՐԵՎՈՐ է ֆիքսելը, քանի որ ոչ թե պատահականություն է, այլ հստակ ընդունված քաղաքականություն` «մանր» բաների հետևից չենք ընկնում, գնում ենք դեպի մեծ խաղաղություն։ Ու չեն էլ ընկնելու, եթե թշնամին մեկ օրում հերթական օպերացիայով հայտնվի «անկլավներում» ( + տվյալ տարածքը հասնելու համար բավարար լայնությամբ միջանցք, + հարակից սարերը, բարձունքները)։ Ու էս չընկնելու մեջ մտնելու է նաև հետևյալ կարևոր կետը`

ՉԹՈՂՆԵԼ ժողովրդին ինքնակամ զինված դիմադրություն ցույց տալ թշնամուն (պետք է թուլացնել էսկալացիան ու վերադառնալ բանակցությունների սեղան)։

Սրա վառ ապացույցը այն է, որ Վերին Ոսկեպար «անկլավում» բացված հրաձգարանի ճանապարհին վերջերս ոստիկանությունը պոստ է դրել և թույլ չի տալիս, որ բնակիչները զբաղվեն կրակային մարզումներով (անցյալ տարվանից բնակիչների մի խումբ մարզվում և պարբերաբար կրակային վարժանքներ էր անում շաբաթ-կիրակի օրերին):

Սեփական զենքի անհրաժեշտությունը.

Ադրբեջանն ամեն գնով փորձելու է «անկլավների» օպերացիան շատ արագ (1-2 օր) լուծել, քանի որ շատ լավ հասկանում է երկարատև ու մեծամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը և առաջացող դժվարությունները (արտաքին քաղաքական ճնշումներ, ներհայաստանյան ժողովրդական պայքարի ալիքի հնարավոր պոռթկում)։ Կրկին կիրառելու է իր պատրաստած մոբիլ դիվերսիոն խմբերի ներթափանցման մարտավարությունը։ Այդ դեպքում անգամ կամավորականները պայմանական Երևանից չեն հասցնի հավաքվել ու մեկնել մարտական գործողությունների վայր։

Սակայն այդ խմբերի գործողություններին հակազդելը ՀՆԱՐԱՎՈՐ է, և հնարավոր է տեղի բնակչության միջոցով։ Ինչպե՞ս։

Լուծում

  1. Սահմանամերձ գյուղերում և Ամբողջ Հայաստանում մարդիկ պետք է զինվեն և կազմեն խմբեր։ Խմբի անդամները պետք է շարունակեն զբաղվել իրենց առօրյա գործերով և միայն որոշ ժամանակը մեկ (օր․ ամիսը մեկ անգամ) անցկացնեն կրակային և այլ վարժանքներ։
  2. Ամեն սահմանամերձ բնակավայր պետք է ունենա իր գործողությունների պլանը, իսկ խմբի անդամները իմանան իրենց հիմնական գործառույթները և անակնկալ հարձակման դեպքում կարողանան տեղում շատ արագ և կազմակերպված անցնել համապատասխան գործողությունների` պաշտպանել սեփական բնակավայրը և անմիջական հարակից տարածքները։
  3. Քաղաքացիական զինված խմբերը, քաջ ծանոթ լինելով տեղանքին և նախապես պատրաստված լինելով, մեծ առավելություն կունենան թշնամու նկատմամբ։ Խումբը պետք է լինի ցրված իր տարածքում, չկուտակվի պայմանական խրամատում կամ գմբեթում։ Խմբի անդամների գտնվելու կամ դարանակալման վայրերը թշնամու համար պետք է լինեն ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ։ Ազերի դիվերսանտը պետք է ահը սրտում անցնի յուրաքանչյուր թփի ու փոսի կողքով․ յուրաքանչյուր թաքստոց` իրենից մինչև մեկ կիլոմետր շառավղով, կարող է մահաբեր լինել նրա համար։
  4. Պաշտպանական խմբերի ստեղծմամբ բավական կնվազի նաև տեղի բնակչության՝ խուճապի մատնվելու հավանականությունը, ինչը թշնամու հաղթաթղթերից մեկն էր։
  5. Զինված ժողովուրդը իսկապես կարող է դառնալ ուժի գործոն։ Անգամ այդպիսի խմբերի գոյության զուտ փաստը կարող է խափանել հակառակորդի արագ օպերացիաների ծրագրերը։

«Անկլավների» կարևորության թերի գիտակցումը։

Շատերը միգուցե ասում են, թե ամբողջ Արցախը կորցրեցինք, ի՞նչ եք ընկել մի երկու գյուղի ետևից։ Շատերն անգամ այդ գյուղերի տեղը չգիտեն ու քարտեզի վրա չեն էլ պատկերացնում։ Պետական ինստիտուտները ժողովրդին խաղաղության քաղցր թույնով քնեցնում են։ Իհարկե շատ է խոսվում Տիգրանաշենի կարևորության մասին Վայոց Ձորի ու Սյունիքի համար։ Բայց իշխանական քարոզիչներն ամեն կերպ հարցը տանում են դեպի ճանապարհների խնդիր, վստահեցնում, թե շրջանցող ճամփա կսարքեն, ի՞նչ խնդիր կա։

Ժողովուրդը քնած է։ Օրինակ լոռեցիները (ես լոռեցի եմ, գիտեմ) իհարկե մտահոգ են երկրի մասին, բայց վստահ են, որ իրենց տունը շատ խորը թիկունքում է, ու ռազմական գործողությունները հաստատ իրենց չեն հասնի։

Վերին Ոսկեպարը Հայաստանի սիրտ տանող ճանապարհ։

Սյունիքից ու Վայոց Ձորից բացի անմիջապես վտանգված են Լոռին և Տավուշը։

Լոռու մասով այսպիսի պնդումը կարող է զառանցանք թվալ, բայց..

Մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե թշնամին հանկարծակի գրավի օրինակ Վերին Ոսկեպարը (տես` քարտեզը)։ Հանկարծակի ասելով հասկանում ենք ոչ միայն շատ արագը, այլև այն, որ ՊՆ-ն չի հասցնում Վերին Ոսկեպարի անմիջապես շուրջ դիրքեր ու խրամատներ սարքել, կահավորել և այլն (օրինակ հենց հիմա ոչինչ էլ չկա)։

Վերևում բերված քարտեզում դեղին եզրագծով նշված է խիտ անտառապատ, լեռնային, չափազանց դժվար վերահսկելի մի Հսկայական Անմարդաբնակ տարածութուն։

Պատկերացնու՞մ եք, թե ցանկության դեպքում 1 ժամվա ընթացքում աննկատ ուր կարող են հասնել դիվերսիոն խմբերը` Վանաձոր, Դսեղ, Ալավերդի, այդտեղով անցնող Մ6 միջպետական ՀՀ-Վրաստան մայրուղի, նույն տեղով անցնող ՀՀ-Վրաստան երկաթգիծ։ Իսկ ինչու՞ միայն Լոռին։

Վերցնելով ընդամենը այդ «մի պստլիկ» Վերին Ոսկեպարը` նույն այդ ամայի անտառներով թշնամին կարող է մտնել Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան։

Քարտեզում կարմիր սլաքներով նշված են այդ ուղղությունները։ Պատկերացնու՞մ եք երկրում խուճապի ու քաոսի տարածման մասշտաբները։ Չէ՞ որ Արցախում նույն բանը եղավ, երբ թշնամին Հադրութից Շուշի հասավ խիտ անտառների միջով։

Վերին Ոսկեպարը Հայաստանի սրտի բանալին է։ Տիգրանաշենը նույնպես։ Մյուս գյուղերը նույնպես։

Եզրակացություն

«Անկլավների» գրավումով/ հանձնումով Հայաստանի խորքում քաոս ստեղծելու անմիջական վտանգը։

Թշնամու դիվերսիոն խմբերի դեմ պայքարում ՊՆ անպատրաստ վիճակը։

Հայաստանի կառավարիչների` մեծ պատերազմի մեջ չմտնելու հակումը, անգամ տարածքային որոշ կորուստների գնով մտացածին խաղաղության բաղձանքը։

Ստեղծված իրավիճակում ժողովրդական ուժով հակազդեցության ճանապարհը։

Պետությունը հնարավոր է, որ զենք չտա։ Քո զենքը ինքդ պետք է ունենաս։

Ժողովրդի զինվելու անհրաժեշտությունը և դիմադրության կազմակերպումը։

Social