Վերլուծական տեղեկանք #4: Մոսկվա-Բաքու ճգնաժամը շարունակում է մնալ ոչ համակարգային

Մարտական Եղբայրություն միաբանություն «ՎիԿա» վերլուծական խումբ 2025 08 02
Վերլուծական տեղեկանք #4
Մոսկվա-Բաքու ճգնաժամը շարունակում է մնալ ոչ համակարգային
Հունիսին ռուս-ադրբեջանական հարաբերությունների շարունակական սառեցումը դեռևս կրում էր հատվածական և անկայուն բնույթ, սակայն արդեն ամսվա վերջին հակամարտությունը մտավ սրացման նոր փուլ։
Լարվածության նոր ալիքի անմիջական պատճառ դարձավ Եկատերինբուրգում ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ ադրբեջանցի երկու քաղաքացիների մահը։ Այս դրվագը դարձավ պատասխան գործողությունների շղթայի մեկնարկ․ Բաքվում ռուսական մշակութային հաստատությունների խուզարկություններից մինչև ՌԴ քաղաքացիների ձերբակալություններ, համատեղ միջոցառումների չեղարկումներ և ադրբեջանցի պաշտոնյաների կոշտ հրապարակային հայտարարություններ։
Միևնույն ժամանակ ռուսական մեդիադաշտում սկսվեց Բաքվի հասցեին ուղղված մեղադրանքների ալիք՝ «թիկունքից հարված» որակումներից մինչև ցուցադրական պատասխանի կոչեր։ Այդուհանդերձ, պաշտոնական Կրեմլը շարունակում էր պահպանել ընդգծված մեղմ, գրեթե չեզոք դիվանագիտական տոնայնություն՝ բավարարվելով միայն «մտահոգության» արտահայտմամբ և «գործընկերային հարաբերությունների վերականգնման» հույսի շեշտադրումով։
Այս իրավիճակում բնական հարցեր են առաջանում՝ արդյո՞ք կոնֆլիկտը դրվագային սառեցումից անցել է կառուցվածքային ճգնաժամի, արդյո՞ք կողմերը կորցրել են ռազմավարական վստահությունը, թե՞ գործ ունենք կառավարվող լարվածության հետ, որը հավասարակշռվում է ինչպես ռացիոնալ շահերով, այնպես էլ պետական ու ոչ պետական դերակատարների միջև առկա կուլիսային համակարգերով։
Այս հարցերի պատասխանը պահանջում է հայացք նետել առանցքային իրադարձություններին, հռետորաբանության փոփոխություններին և քաղաքական, տնտեսական ու էլիտար մակարդակներում առկա թաքնված կապերին։
Իրադարձությունների ժամանակագրությունը
Զանգվածային ձերբակալություններ և Սաֆարով եղբայրների մահը
Հունիսի 27-ին Ռուսաստանի ուժային կառույցները (ՆԳՆ, ԱԴԾ, Ռոսգվարդիա) խուզարկություններ և ձերբակալություններ իրականացրեցին Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի շրջանում՝ կապված 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների գործերի հետ։ Բերման ենթարկվեցին մոտ հիսուն քաղաքացի, որոնց թվում էին նաև Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար Շախին Շիխլինսկին և նրա որդին։
Բերման ենթարկվածներից երկուսը՝ Զիյադին և Հուսեին Սաֆարովները, մահացան։ Թեև երկուսն էլ ներգրավված էին քրեական գործերում (բռնաբարություն, պատվերով սպանություն, ռեկետ, թմրանյութերի վաճառք և այլն), նրանց մահը մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում։ Ադրբեջանական կողմի տվյալներով՝ դատաբժշկական փորձաքննությունը Սաֆարովների մարմինների վրա հայտնաբերել է ծանր վնասվածքների հետքեր, ինչը հնարավորություն է տվել նրանց մահը որակել որպես ուժայինների կողմից գործադրված «ճակատագրական բռնության» հետևանք։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց առանձնակի դաժանությամբ իրականացված կանխամտածված սպանության հոդվածով, իսկ Ռուսաստանի դեսպանը կանչվեց ԱԳՆ։
Շուտով ադրբեջանական ԶԼՄ-ներում մեկնարկեց լայնածավալ քարոզչական արշավ, որի ընթացքում Սաֆարովների մահը ներկայացվեց որպես Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ խտրականության և այլատյացության հետևանք։
Խուզարկություններ և պատասխան ձերբակալություններ Բաքվում
Հունիսի 29-30-ին Բաքվում խուզարկություններ իրականացվեցին Sputnik լրատվական գործակալության գրասենյակներում։ Ձերբակալվեցին գործակալության գլխավոր խմբագիրն ու մի քանի աշխատակիցներ՝ ֆինանսական կանոնակարգերի խախտման և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու կասկածանքով։ Հուլիսի 1-ին ձերբակալվեցին Ռուսաստանի ութ քաղաքացիներ, որոնք ներկայացնում էին IT, մեդիա և բիզնես ոլորտները։ Ձերբակալվածներից ոմանց մարմինների վրա առկա էին բռնության հետքեր, ինչի պատճառով Ռուսաստանը մեղադրեց Ադրբեջանին քաղաքական ճնշումների նպատակով խոշտանգումներ կիրառելու մեջ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այս գործողությունները որակեց որպես «ռուսատյաց արշավ», իսկ ռուսաստանցի խորհրդարանականները կոչ արեցին Բաքվին դադարեցնել այդ ճնշումները։
Մշակութային համագործակցության դադարեցում
Հունիսի 29-ին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի հետ բոլոր մշակութային ծրագրերի դադարեցման մասին՝ ներառյալ համերգները, ցուցահանդեսներն ու դասախոսական ծրագրերը։ Հուլիսի 16-ին Բաքվի փառատոնի շրջանակներում ռուսաստանցի արտիստներն ու հաղորդավարները հեռացվեցին ծրագրից, իսկ ավելի վաղ համաձայնեցված համատեղ միջոցառումները չեղարկվեցին։ Ադրբեջանը պարզաբանեց, որ սա պատասխան քայլ է Եկատերինբուրգի դեպքերին և ադրբեջանական սփյուռքի հետ համերաշխության դրսևորում։
Միխայիլ Գուսմանի պաշտոնանկությունը
Հուլիսի 25-ին պաշտոնանկ արվեց ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանը, որը երկար տարիներ հանդիսանում էր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «մեդիա կամուրջ»։ Պատճառն այն էր, որ նա մասնակցել էր Բաքվի մեդիաֆորումին և դրական հայտարարություններ արել ադրբեջանական դիվանագիտության մասին։
Հռետորաբանության սրում․ ագրեսիվ Բաքու և զուսպ Մոսկվա
Էսկալացիայի առանցքային դրսևորումներից մեկը դարձավ կողմերի միջև հռետորաբանական լարվածության կտրուկ աճը, ընդ որում՝ ակնհայտ անհամաչափությամբ։ Եթե Բաքուն ընտրեց հարձակողական, բացահայտ առճակատման գիծ՝ ինչպես պաշտոնական անձանց, այնպես էլ մեդիայի մակարդակում, ապա պաշտոնական Մոսկվան հակառակը՝ ցուցաբերում էր ընդգծված զսպվածություն, գրեթե պասիվություն։
Բաքվի ագրեսիվ գիծը․ հայտարարություններից մինչև խորհրդանշական ժեստեր
Ադրբեջանական կողմը Սաֆարով եղբայրների մահվան դեպքին արձագանքեց առավելագույն սրությամբ։ Երկրի ԱԳՆ-ն Ռուսաստանին պաշտոնական նոտա հղեց, գլխավոր դատախազությունը բացեց քրեական գործ՝ կանխամտածված սպանության հոդվածով։ Նախագահ Ալիևին և պատգամավորներին չկաշկանդեց զոհերի քրեական անցյալը․ շեշտը դրվեց ազգային-էթնիկական ենթատեքստի և «ադրբեջանցի քաղաքացիներին սպառնացող վտանգի» վրա։
Առանձնակի մեծ արձագանք գտավ Իլհամ Ալիևի հարցազրույցը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին, որտեղ Ուկրաինայի իրավիճակին անդրադառնալով՝ նա հայտարարեց․ «Իմ խորհուրդը Ուկրաինային՝ երբեք չհամաձայնվել օկուպացիայի հետ»։ Այս հայտարարությունն այնհայտորեն Ռուսաստանի դեմ էր և անտարբեր չթողեց ռուսական մեդիադաշտը։ Առավել ևս, որ հարցազրույցը տրվել էր ադրբեջանական խորհրդարանում և փորձագիտական շրջանակներում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը «վերաիմաստավորելու» քննարկումների ֆոնին։
Խորհրդարանական մակարդակով չեղարկվեցին միջպետական այցերը, հնչեցին կոչեր՝ վերանայել տնտեսական փոխգործակցությունը։ Թեև դա չհանգեցրեց համաձայնագրերի պաշտոնական խզմանը, քաղաքական ազդակը միանշանակ էր․ Ադրբեջանը ցույց էր տալիս քաղաքական հեռավորություն պահպանելու պատրաստակամություն։
Մոսկվայի արձագանքը․ չեզոքություն՝ հիասթափության տարրերով
Ռուսական կողմը շարունակեց պահպանել ընդգծված չափավոր և զգուշավոր տոն։ Նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և նույնիսկ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խուսափեցին կոշտ հայտարարություններից։ Գործնականում, բացի առանձին պատգամավորների համեմատաբար կոշտ արձագանքից, կտրուկ կամ սուր հայտարարություններ չհնչեցին։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց «մտահոգության» և «երկխոսությունը վերականգնելու հույսի» մասին՝ խուսափելով Բաքվի հասցեին քննադատությունից։ Այս հակադրությունը հատկապես տեսանելի է, եթե հաշվի առնենք, թե որքան կոշտ է Մոսկվան արձագանքում, օրինակ՝ Երևանի ավելի զուսպ քայլերին։
Լարվածության աճ մեդիադաշտում
Եթե պաշտոնական հայտարարությունների մակարդակում ռուսական կողմը զսպվածություն դրսևորեց, ապա մեդիա ոլորտում դինամիկան զարգանում էր հակառակ ուղղությամբ։ Տելեգրամ-ալիքները, պետական ԶԼՄ-ներն ու քաղաքական մեկնաբանները հանդես էին գալիս խիստ, երբեմն նույնիսկ բացահայտ ագրեսիվ հայտարարություններով։ Շրջանառության մեջ դրվեցին «դավաճանություն», «թիկունքից հարված» «դիվանագիտական ստորություն» և նմանատիպ ձևակերպումներ։ Առավել արմատական ձայները կոչ էին անում պատասխան քայլերի՝ սանկցիաներից մինչև ադրբեջանցիների արտաքսում և ադրբեջանական շուկաների փակման պահանջներ։
Ադրբեջանական կողմում տեղեկատվական հարձակման հիմքում դրվեց այլ՝ էմոցիոնալ և մոբիլիզացիոն տրամաբանություն։ Սաֆարով եղբայրների կերպարը ներկայացվեց որպես Ռուսաստանում ադրբեջանցիների դեմ ուղղված «այլատյացության զոհերի» խորհրդանիշ։ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվեցին լուսանկարներ, հարազատների վկայություններ, բռնությունների և վիրավորանքների մասին նյութեր։ Այդ ամենը նպատակ ուներ ձևավորել անարդարության պատկեր, որը պահանջում էր քաղաքական պատասխան։
Լրացուցիչ ճնշում ստեղծեցին նաև ոչ ֆորմալ դերակատարները․ երկու կողմից բլոգերներն ու ակտիվիստները ձևավորեցին իրենց սեփական «ռազմաճակատը»։ Այսպիսով, կոնֆլիկտը դուրս եկավ միջպետական հարաբերությունների շրջանակներից՝ ձեռք բերելով սոցիալական մասշտաբ։
Տնտեսական կապերը և ադրբեջանական էլիտաները Ռուսաստանում․ կայունության թաքնված հիմքը
Սուր հռետորաբանության և հանրային միջադեպերի ֆոնին ռուս-ադրբեջանական հարաբերությունների տնտեսական և էլիտար մակարդակները փաստացի մնում են անխաթար։ Սա հատկապես ակնհայտ երևում է երկու հարթությունում՝ շարունակվող առևտրաշրջանառության և Ռուսաստանում ադրբեջանական բիզնես-խմբերի անձեռնմխելիության տեսքով։
Տնտեսական փոխգործակցություն՝ «ֆոնային ռեժիմում»
Չնայած դիվանագիտական դեմարշներին, որևէ խոշոր տնտեսական նախագիծ չի դադարեցվել։ Երկկողմ առևտրաշրջանառությունը շարունակվում է բնականոն կերպով, աշխատում են համատեղ լոգիստիկ և շինարարական նախագծերը։
Ավելին, հուլիսին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով Բաքվի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը, ինչը կարծես տեղի է ունենում զուգահեռ իրականության մեջ՝ լիովին անտեսելով առկա քաղաքական ճգնաժամը։
Ադրբեջանի էլիտան Ռուսաստանում․ անձեռնմխելի կապիտալ
Այս համատեքստում ավելի մեծ նշանակություն ունի ստվերային գործոնը՝ Ռուսաստանում ադրբեջանական ազդեցիկ և հզոր սփյուռքը, հատկապես՝ խոշոր բիզնեսի ոլորտում։ Խոսքը հարյուր միլիարդավոր ռուբլիների մասին է, որոնք վերահսկվում են ազդեցիկ գործարարների կողմից՝ սերտորեն կապված ռուսաստանյան ուժային կառույցների, պաշտոնյաների և բիզնես կառույցների հետ։
Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևը Ռուսաստանի կառուցապատման ոլորտի խոշորագույն դեմքերից են, որոնք վերահսկում են, տարբեր գնահատականներով, մինչև 2 միլիոն քառակուսի մետր առևտրային անշարժ գույք Մոսկվայում։ Նրանց նախագծերն են «Եվրոպեյսկի», «Մոսկվիչկա», «Սադովոդ» առևտրի կենտրոնները, հյուրանոցներ, շուկաներ և բիզնես կենտրոններ։
Հատկանշական է, որ Նիսանովների և Զարախ Իլիևի խարդախությունների, կոռուպցիայի և այլ ապօրինությունների վերաբերյալ մամուլում առկա են բազմաթիվ նյութեր, սակայն՝ նույն հրապարակումների համաձայն՝ նրանք սերտ ձեռնարկատիրական կապեր ունեն ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, ինչն էլ օգնում է նրանց «ջրից չոր դուրս գալ»։
Նրանց ընդհանուր գործընկերների թվում նշվում է մեկ այլ ադրբեջանցի՝ Իլգամ Ռահիմովը, որը նաև Պուտինի համակուրսեցին է։ Բացի վերոնշյալ առևտրի կենտրոններում և հյուրանոցներում մասնաբաժին ունենալուց, նրան է վերագրվում նաև Տյումենի նավթավերամշակման գործարանում մասնաբաժին, ինչպես նաև «Պուտինի դղյակների» կառուցումը։
Արազ Ագալարովը՝ Crocus Group-ի հիմնադիրը, տնօրինում է «Կրոկուս Էքսպո» ցուցահանդեսային համալիրը, մի շարք առևտրային և բնակելի համալիրներ, ինչպես նաև ունի պայմանագրային ուղղակի համագործակցության փորձ Կրեմլի հետ։
Ըստ որոշ տվյալների՝ Ագալարովը սերտ կապեր ունի ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որոնց շնորհիվ կարողացել է ոչ միայն խուսափել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով պատասխանատվությունից, այլև ճանաչվել տուժող։
Վագիտ Ալեկպերովը պաշտոնապես Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերն է։ Forbes-ի տվյալներով նրա կարողությունը 2024թ. կազմում էր մոտ 29 մլրդ ԱՄՆ դոլար։ Անգամ ԼՈՒԿՕՅԼ-ում մասնաբաժիններից մասամբ հրաժարվելուց հետո, նա շարունակում է մնալ Ռուսաստանի նավթային ոլորտի առանցքային դեմքերից մեկը։
Չնայած մեդիայում ընթացող լայնածավալ արշավին և հանրային դժգոհությունների աճին՝ նշված գործիչներից ոչ մեկի նկատմամբ նույնիսկ ձևական ստուգումներ չեն իրականացվել։ Նրանց բիզնես-կայսրությունները շարունակում են գործել բնականոն ռեժիմում՝ փաստելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորքային շերտերում շարունակում է գործել փոխադարձ անձեռնմխելիության չհայտարարված համաձայնությունը։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի քրեական տարրերի դեմ ընթացող ձերբակալությունները գուցե ընդհանրապես կապված չեն Բաքվի վրա քաղաքական ճնշում գործադրելու հետ։ Դրանք կարող են լինել տեղային բնույթի գործընթացներ, որոնք միտված են տեղերում սեփականության, շուկաների և ֆինանսական հոսքերի վերաբաշխմանը՝ հօգուտ այնպիսի ազդեցիկ գործիչների, որոնք ավելի սերտ են կապված ռուսաստանյան իշխանության կամ տեղական վերնախավի հետ։ Այդ առումով առաջիկա ամիսներին արժե ուշադիր հետևել, թե առևտրային օբյեկտների, լոգիստիկ կենտրոնների կամ հողատարածքների նոր սեփականատերերը արդյո՞ք կապված չեն լինի արդեն հայտնի ազգանուններով ազդեցիկ գործիչների հետ։
Եզրակացություն
Չնայած կոշտ հռետորաբանությանը, դիվանագիտական դեմարշներին և մեդիաէսկալացիային, հունիս-հուլիս ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճը չի վերածվել համակարգային ճգնաժամի։ Ավելին՝ ճգնաժամն ունի ավելի շուտ մակերեսային և կառավարելի, քան խորքային և ինստիտուցիոնալ բնույթ։
Կան երկու հիմնական գործոն, որոնք շարունակաբար պահպանում են իրավիճակի հավասարակշռությունը։ Նախ՝ պահպանվում են կայուն տնտեսական և էլիտար կապերը, հատկապես Ռուսաստանում գործող ադրբեջանական բիզնես-խմբերի ակտիվների և ազդեցության ոլորտների անձեռնմխելիությունը, որոնք ոչ միայն չեն վնասվել, այլ գուցե և օգտվեն առկա տուրբուլենտությունից։ Ապա՝ տեսանելի չեն արտաքին աշխարհաքաղաքական այնպիսի տեղաշարժեր, որոնք կստիպեին Բաքվին և Մոսկվային կտրուկ վերանայել արտաքին քաղաքականությունը։
Չի բացառվում, որ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ ընթացող ձերբակալությունների ալիքը, այդ թվում՝ բացահայտ քրեական տարրերի, իրականում ոչ թե Բաքվի դեմ քաղաքական ճնշման քայլ է, այլ ազդեցության և սեփականության վերաբաշխում հենց սփյուռքի ներսում՝ հօգուտ ռուսաստանյան վերնախավին ավելի մոտ կանգնած ուժերի։ Այս իմաստով կարելի է խոսել ուժերի բալանսի շտկման մասին, սակայն ոչ համակարգից հրաժարվելու։
«Եթե ապագայում թիրախ դառնան մինչ այս անձեռնմխելի համարվող դեմքերի՝ առաջին հերթին՝ ռուսաստանյան համակարգում ինտեգրված խոշոր բիզնեսի դեմ, ապա կարելի կլինի խոսել իրական քաղաքական խզման մեկնարկի մասին։
Այս փուլում կողմերը պահպանում են լարվածության թուլացման մեխանիզմները և հետադարձ քայլերի հնարավորությունը։ Կողմերից ոչ մեկը չի կատարել այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեին ռազմավարական խզման։
Այսպիսով, կոնֆլիկտը դեռևս մնում է սահմանափակ թե՛ իր բնույթով, թե՛ մասշտաբներով, իսկ Բաքվի և Մոսկվայի միջև փոխգործակցության հիմնարար մեխանիզմները շարունակում են գործել։ Հիմնական տարբերությունը հունիսյան փուլից այն է, որ լարվածությունն այժմ ավելի հստակ է արտահայտված, ավելի շատ խորհրդանշական և հուզական բնույթ է կրում, ոչ ավելին։