
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է.
Իբր «իրական» Հայաստանի քարտեզն է բաժանում։ Մեկ-երկու տարուց էլ դրա ծակծկված տարբերա՞կն է բաժանելու` ասելով, թե սխալվել էինք, «պատերազմ կլինի», եթե «անկլավները» չհանձնենք, ինչպես արեցին Արցախի և հայրենիքի մյուս կորսված հատվածների հետ։ Հիշեցնեմ, որ 2024 թ. Վերին Ոսկեպար այցելելու համար, որն ալիևն իր անկլավն է համարում, նիկոլի ուղիղ հրամանով բերման ենթարկվեցին Մարտական եղբայրության 49 միաբաններ և համակիրներ։ Հայաստանը ռուս թուրքական, սովետական պայմանագրերով անկենսունակ սահմանների մեջ բանտելը շարունակությունն է նույն ռուս թուրքական կլանող տրամաբանության։ Մենք պայքարով ենք վաստակել մեր բաժին անկախությունը սովետից (ռուսաստանից)։ Մեր անկախության հռչակագրում ամրագրել ենք Հայաստանի և Արցախի միացումը։ Այն ամրագրել ենք նաև մեր Սահմանադրության մեջ, որը նույնպես ուզում են զեղչել։ Մենք չենք մոռանում նաև, որ մեր հայրենիքը շատ ավելի մեծ է, քան ներկայիս Հայաստանն ու Արցախը, Նախիջևանը։ Միգուցե այսօր ամենահարմար ժամանակը չէ ազատագրության համար, իսկ միգուցե և հանգամանքներն այնպես դասավորվեն, որ ստիպվա՛ծ լինենք ազատագրելու։ Բայց պետք է նպատակ դնել, պետք է երազել, պետք է աշխատել, պետք է երեխաներին այդ գաղափարով մեծացնել, որպեսզի չկտրվի կապն արմատից։ Մի՛ գնահատեք սա որպես մեծամտություն, անիրատեսություն, կամ պատերազմի մոլուցք։ Այս գիտակցությունը նվազագույնն է, որ պետք է հոգեպես ուժեղ և մարտունակ լինելու համար։ Այլապես անհրաժեշտ պահին, երբ պետք լինի պաշտպանել հայրենիքի արդեն մնացած հատվածը, ինչպե՞ս եք խեղճության քարոզից նվաղած հոգիներում գտնելու պայքարի ոգի։ Արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու համար կարող է պետք լինի ազատագրել Նախիջևանը, Արցախը, Տավուշի դաշտային հատվածը, ինչպես որ 93-ին ազատագրեցինք Քարվաճառը։ Այլ ելք չկար պաշտպանվելու, վաղն էլ նույնն է լինելու։ Մենք մեզ չենք բանտում սովետական սահմաններում։ Մեր ազատությունն ու հայրենիքը չեն վաճառվում նոյեմբերի 9-ին ու 23-ի սեպտեմբերին ժողովրդին լքած ղեկավարության քարոզած «խաղաղությամբ»։
