Ժողովրդական շարժումը Երեւանում (1918թ․)
Հատված Ա-Դոյի «Հայութեան երկունքը» մենագրությունից
1918-ի գարնանը Երեւանում ծավալված ժողովրդական ցույցերի մասին, որոնք նախորդեցին Սարդարապատի ճակատամարտին եւ կարեւոր դեր կատարեցին այդտեղ հայկական զորքի հաղթանակի համար, թերեւս, քչերը գիտեն: Սարդարապատի մասին, անշուշտ, բոլորս ենք լսել, բայց թե ինչպես է կայացել հաղթանակը, դրա մեխանիկան եւ տրամաբանությունը, սովորաբար չի ներկայացվում կամ ներկայացվում է որքան պաթետիկ, նույնքան էլ՝ անորոշ ձեւակերպումներով: Սարդարապատի հաղթանակը ներկայացվում է որպես մի հրաշք, անսպասելի շրջադարձ, ժողովրդի ոգու հանկարծակի զարթոնք: Այդպես էլ չես հասկանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ շարունակ նահանջող եւ պարտվող հայ զորքը հանկարծ հաղթանակ տարավ 1918-ի մայիսին, եւ ինչո՞ւ այդ նույն «ոգին» ուղիղ երկու տարի անց՝ Կարսի պատերի տակ «չարթնացավ» եւ չգործեց: Դա ի՞նչ տարօրինակ ոգի է, որն արթնանում եւ քնում է, երբ ուզում է՝ առանց հարցնելու հարմար եւ անհարմար պահերը: Նման հարցեր մեր խոսողներն ու գրողները սովորաբար չեն տալիս, եւ սրա հետեւանքով մեր նույնիսկ կարեւորագույն հաղթանակների մասին պատմությունները վերածվում են անհամ, ճոռոմ եւ անբովանդակ՝ ժամանակի ընթացքում մաշվող պատումների: Մինչդեռ ոչ մի գաղտնիք եւ միստիկա չպետք է լինի նաեւ այս դեպքում: Սարդարապատի հաղթանակը ոչ թե երկնքից իջավ, այլ վերջնարդյունքը եղավ Երեւանում ծավալված լայն ժողովորդական շարժման՝ ցույցերի, հանրահավաքների, իշխանության վրա ճնշման, որի կորիզը կազմեցին Երեւանի բնակչության զգալի մասը, այդ թվականներին մեծ թիվ կազմող վանեցի փախստականները: Այս շարժումը, թեեւ ավելի կարճատեւ էր, քան Ղարաբաղյանը, բայց նույնպես զուտ տարերային եւ «բնազդային» չէր: Դիմադրության անհրաժեշտությունն ու հնարավորությունը գաղափարապես հիմնավորվեցին հատկապես «Աշխատանք» թերթի գարնանային համարներում, իսկ կազմակերպչական առումով մեծ դեր կատարեց Արամ Մանուկյանի գլխավորած Երեւանի ազգային խորհուրդը (Արամը որոշ ժամանակ նաեւ «Աշխատանք» թերթի խմբագիրն էր): Իր դերը կատարեց նաեւ այն, որ շարժման միջուկ վանեցիները նախապես անցել էին ազատագրական պայքարի կարեւոր դպրոց իրենց հայրենիքում: Ահա այս գործոնները՝ զանգվածային շարժում, գաղափարական հիմնավորում եւ կազմակերպչական կամք ու պայքարի փորձ, հնարավոր դարձրեցին բեկումը ռազմի դաշտում՝ բարոյալքված հայկական բանակի նոր վերելքն ու հաղթանակը: 1918-ի եւ 1988-ի միջեւ թեեւ անմիջական ժառանգական կապ չկա՝ սերունդների փորձի խզման պատճառով, բայց կարեւոր աղերսներ, անշուշտ, առկա են: Նախ՝ նույնն է դեպքերի կառուցվածքը. հզոր ժողովրդական շարժումը հանգեցնում է անկախության եւ հաղթանակի: Այսպիսով, Հայաստանի անկախացման երկու դեպքում էլ՝ 1918-ին եւ 1991-ին, կարեւոր դեր են կատարել, բացի արտաքին հանգամանքներից, նաեւ ներքին գործոնները՝ ժողովրդական ինքնակազմակերպումը եւ քաղաքական առաջնորդումը: Երկրորդ՝ Ղարաբաղյան շարժման գաղափարախոսներից հատկապես Ռաֆայել Իշխանյանի մոտ առատ են հղումներն այդ տարիների փորձին, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, որի աղերսները երեւում են նաեւ ՀՀՇ առաջին ծրագրում: Երրորդ՝ 1918-ի շարժմամբ Երեւանն առաջին անգամ կատարեց իր համահայկական կենտրոնի եւ զանգվածային քաղաքական շարժումների «գեներատորի» դերը՝ փաստացի վերածվելով հայոց մայրաքաղաքի՝ նախնական այդ կարգավիճակի իրավական հռչակումը եւ նախքան Թամանյանի նախագծի կայացումը: Հատվածաբար հրապարակում ենք երկար տարիներ ձեռագիր մնացած եւ միայն վերջերս հրատարակված Ա-Դոյի «Հայության երկունք» գրքի այն գլուխները, որոնք վերաբերում են 1918-ին Երեւանի ժողովրդական շարժումներին:
-Հրանտ Տեր-Աբրահամյան
Կարսի անկումը
Էրզրումի անկումը…զայրոյթ առաջ բերեց հայկական կենտրոններում, մասնաւորապէս Երեւանում, զայրոյթ, որը արտահայտութիւն էր Էրզրումը առանց կռւի, խայտառակ ձեւով թշնամուն յանձնելու ծանր զգացմունքների եւ բուռն վրդովմունքի։
Հայ ժողովրդի հոգեկան այդ ապրումը ունեցաւ դրական հետեւանք այն միջոցին, երբ զինւորական բարձր մարմինը օգնութիւն էր պահանջում այս ու այն տեղից, ինքնաբերաբար շարժւեց նաեւ ազգաբնակութիւնը մի քանի տեղերում, եւ զօրամասերի հետ օգնութեան գնացին նաեւ շատ կամաւորներ։ Ժողովրդական շարժման այս ձեւի արդիւնք էր մասամբ այն, որ Սարիղամիշը կարողացաւ դիմադրել աւելի քան երեք շաբաթ, եւ հայկական զօրքերը այդ կէտը թողին կազմակերպւած նահանջով եւ ամբողջ հարստութիւնը հրդեհելուց ու պայթեցնելուց յետոյ։
Հայկական կենտրոններում զայրոյթ առաջ բերեց նաեւ Սարիղամիշի անկումը, բայց այս անգամ ներքին լարումի ուժով, դրութիւնը փրկելու յորդորի ճիգերով։ Զայրոյթն ու յուզումը առանձին թափ ստացաւ եւ մասսային բնոյթ կրեց առանձնապէս Երեւանում, որը հետզհետէ դառնում էր հայ ժողովրդի շարժման վայր՝ հանդիսանալով ոչ միայն իբրեւ ռուսահայութեան կենտրոն, այլ եւ Վասպուրականի հայութեան ժամանակաւոր ապաստարան։ Այստեղ կենտրոնացել էր երկու հայութիւնների սիրտը եւ բաբախում էր ուժգնօրեն։ Զայրոյթը կատարեալ դարձաւ առանձնապէս Սարիղամիշի անկումը գուժող հրամանատար գեներալ Նազարբէկեանի հեռագիրը ստանալուց յետոյ, որը միաժամանակ մի կոչ էր ուղղւած հայութեանը՝ զգաստութեան հրաւիրելով նրան։ Զինւորական հրամանատարը դիմում էր ժողովրդին եւ դիմում էր հետեւեալ խօսքերով․
Ալէքսանդրապօլ, 23 մարտի
― Սարիղամիշը թողեցինք․ մի քանի զօրամասերի, ինչպէս օրինակ, խմբերի վարմունքը, որոնք չուզեցին կատարել զինւորական հրամանները, ունեցաւ այն հետեւանքը, որ հայրենիքի հանդէպ իրենց սրբազան պարտքը հերոսաբար կատարող փոքրաթիվ զօրքը չկարողացաւ պահել այդ կարեւոր կէտը թշնամուց, որը մեր բանակից քիչ էր։ Յանցաւորները կկրեն իրենց պատիժը, բայց այդ բաւական չէ։ Հայ ժողովուրդը չպիտի մոռանայ, որ խիղճն ու ամօթը կորցրած այդ մարդիկ խայտառակում ու խորտակում են ազգը։ Ժամանակն է խելքի գալ, միջոց քիչ մնաց, յետոյ ուշ կլինի։ Հայրենի երկրի տւած իւրաքանչիւր թիզ հողը ոգեւորում է թշնամուն եւ յետագայ մեր դիմադրութիւնը աւելի եւս դժւարին է դարձնում։ Խնայեցէք, խնդրում եմ, հայրենիքին ու նրա պատիւը եւ զէնքը ձեռքներիդ դիմեցէք ճակատ թշնամուն դիմադրելու։․․․․
Աստաֆեան փողոցի վրա, քաղաքի կենտրոնին մօտիկ գտնւում է մի տուն՝ մի անշուք մուտքով եւ մի երկու շէնքերով։ Այս տունը ունէր ընդարձակ բակ, ուր շինւած էր մի ժամանակ շատ ընդհանրացած «կանկի» կոչւող խաղերի մրցութեան հրապարակ։ Սա կոչւում էր սկետինգրինգ, եւ այդ անունը նա պահպանում էր, չնայած որ այժմ ծառայում էր քաղաքային ժողովրդարանի համար իբրեւ ամառային շէնք։
Ահա այս տունը՝ հրապարակով, դարձաւ Երեւանի համար պատմական տեղ՝ հանդիսանալով հայութեան ծանր օրերին իբրեւ ժողովների ու միտինգների վայր, որին մենք կհանդիպենք աւելի երկար մի փոքր յետոյ։
Սկետինգրինգում միտինգ կայ, ― այս լուրը տարածւեց քաղաքում մարտի 24-ին, Սարիղամիշի անկման յաջորդ օրը, եւ ցերեկւայ ժամը 12-ին Սկետինգրինգի հրապարակը լցւեց ժողովրդի ահագին բազմութեամբ։ Ժողովուրդը խիստ ճնշւած էր, նրա դեմքի վրա նկատելի էր զսպւած յուսահատութիւն եւ յուզմունք։ Յուզմունքի գլխաւոր առիթը ծառայում էր այն, որ Երեւանը այդ օրերին իրենից ներկայացնում էր դասալիքների մի վայր։ Ուսանող, ուսուցիչ, պաշտոնիա, վաճառական եւ այլ տեղերից եկած երիտասարդներ իրենց տաքուկ տեղերն էին արել այս ու այն հիմնարկութեան մէջ, ձգել էին վրաները կամաւորի կամ նոյնիսկ զինւորի ու զինւորականի հագուստ եւ փողոցները չափչփելով ու օրիորդների հետ ժամանցումներ կատարելով՝ գայթակղութեան օրինակ էին հանդիսացել եւ ընդհանուր տրտունջի ու խօսակցութեան նիւթ դարձել։ Եւ այդ այն միջոցին, երբ կռւի դաշտում հայ ժողովրդի բաղտն էր որոշւում, երբ մեր զօրքերը նահանջում էին, եւ տաճիկ բանակը՝ թուրք խուժանի հետ միասին, աւերելով հայկական շրջանները առաջ էր շարժւում, իսկ հայ ժողովուրդը քանդւում գալիս էր ՝ ստեղծելով կուտակումներ եւ կարիքի մի սոսկալի տեսարան։
Ահա այս տրամադրութեան ու բողոքի ծայր աստիճան արտահայտութիւն էր, որ երեւան երկաւ այդտեղ ի դէմս մի շարք ճառախօսների, որոնք յաղորդելով միմիանց դատափետում էին այդ ախտաւոր երեւոյթը եւ կոչ էին անում մտնել անխտիր զէնքի տակ եւ փրկել հայութիւնը սպառնացող բնաջնջումից։
Այդ միտինգում խօսեցին շատերը․ խօսեց Արամը՝ Երեւանի Ազգային խորհրդի եռանդուն անդամը, խօսեց գնդապետ Սամարցեանը, որը նոր միայն վերադարձել էր Խնուսի ճակատից։ Պետք է սթափւել, խելքի գալ, փակել զւարճալիքները․ պէտք է դէն ձգել թուլամորթութիւնը, գլուխ պահելը, ամօթաբեր պատրւակները եւ դասալքութիւնը, պետք է նետել ամեն ինչ եւ փրկել ցեղի գոյութիւնը։
Ահա այն կոչերը, որոնք արտայայտւեցին միտինգում, կրկնւեցին նորից ու նորից, ժողովուրդը ձայնակցեց նրանց եւ սկսւեց կամաւորների ցուցակագրութիւնը։
― Անամօթ ու անպարտաճանաչ մարդիկ նորից պիտի գլուխ պահելու միջոցներ որոնեն․ հարկաւոր է մի ուժեղ ձեռք, մի կտրուկ անձ, մի դիկտատոր, որ իր ձեռքն առնի իշխանութիւնը եւ երկաթի ուժով բոլորին գործի հանի։
Այս շշուկն անցաւ միտինգի եկած բազմութեան նաեւ զինւորականութեան մէջ։ Միտինգից յետոյ նոր խմբաւորումներ իջան, եւ զինւորականների ու ժողովրդի մի նոր բազմութիւն արձակեց իր վճիռը։ Այդ վճռով Արամ յայտարարւեց դիկտատոր։ Եւ բուռն զայրոյթի ու միաժամանակ զսպւած յուսահատութեան այդ օրը դարձաւ ցոյցերի օր։
Ազգային խորհուրդը այդ օրերին զետեղւած էր նոյնպէս Աստաֆեան փողոցի վրա, գիմնազիայի նոր շէնքի դիմաց, դրանից մի փոքր ցած երկու յարկանի մի տան մէջ։ Ահա այդ տան առաջ երեկոյան ժամը 7-ին եկաւ խմբւեց ահագին բազմութիւն՝ քաղաքացի ու զինւորական, եկաւ այդտեղ նաեւ պարտիզանական գունդը երաժշտութեամբ, եւ երբ փողոցի վրա նայող պատշգամբի վրա երեւաց Արամը, զօրքը նրան զինւորական պատիւներ ու ցոյցեր արեց։ Այդ ցոյցին մասնակցեց նաեւ ժողովուրդը՝ երաժշտութեան յորդոր նւագի տակ։
Արամը ժողովրդական գործիչ էր՝ լայն հասկացողութեամբ, նա նւիրւած անձնաւորութիւն էր՝ աշխատող, չարչարւող, մի անձնաւորութիւն, որը իր տեղը կունենայ հայ ժողովրդի պատմութեան այս բացառիկ շրջանում, բայց նա իր խառնվածքով, իր կամքի թափով բնաւ դիկտատոր չէր։ Նա զիջող էր, ներողամիտ, յաճախ նոյն իսկ մեղմ ու շահող, ուստի նա մնաց նոյն յարատեւ աշխատողը Ազգային խորհրդի եւ զինւորական կազմի մէջ, հաշւի առնելով իր հետ գործողների թէ կարծիքները եւ թէ խորհուրդները, բայց չդարձաւ դիկտատոր, երկաթէ կամք հրապարակ չբերեց, մի յատկութիւն, որ պահանջւում էր դիկտատոր լինելու համար։
Չնայած դրան, ժողովրդի կամքը իրականութիւն գտաւ, այդ կամքը դարձաւ տիրական, ժողովուրդը սթափւեց, եւ սկսւեց ճակատ գնալու մի շարժում։
Մարտի 29-ը եւ 31-ը Երեւանի համար դարձան տօնական եւ ցոյցի օրեր։ Մարտի 29-ին ճանապարհ ընկան դէպի Կարս կամաւորների մի մեծ խումբ, աւելի քան 300 հոգի, դրանց մէջ էին մօտաւորապէս 70 ուսանողներ։ Քաղաքում գտնւող ուսանողները համարիա անխտիր մտան այդ խմբի մէջ։ Այս անգամ ծնողներն իրէնք ընդառաջ գնացին ժողովրդական կամքին։ Ահագին ժողովուրդ հաւաքւեց երկաթուղու կայարանը՝ ճակատ գնացողներին բարի երթ մաղթելու։ Կային ծնողներ՝ ուղարկում էին ճակատ երկու որդի, կային գիմնազիայի անչափահաս ուսանողներ, որոնք նետւում էին գնացք ոչ միայն հակառակ իրենց ծնողների, այլեւ հակառակ կողմնակի մարդկանց։ Կամաւորների այդ խումբը գնաց, գնաց՝ զգայուն սրտերի եւ ծնողական արցունքի շիթերի ուղեկցութեամբ եւ ժողովրդական խիղճը մի վայրկեան հանգիստ առաւ։
Աւելի նշանաւոր օր հանդիսացաւ մարտի 31-ը․ այդ օրը ճանապարհ էր ընկնում 2-րդ Հայկական Հեծեալ գունդը, գլխաւորութեամբ գնդապետ Զալինովի, մի բարեխիղճ զինւորականի։ Գունդը գտնւում էր Քանաքեռում, եւ նրա երթը պիտի կատարւէր Աստաֆեան փողոցով։ Շատ պատշգամբներ զարդարուած գորգերով ու կանաչով, տեղ-տեղ ծածանւում էին դրօշակներ այլ եւ այլ մակագրութիւններով, պատշգամբներից ու լուսամուտներից նետում էին փունջեր ու ծաղիկներ, փողոցի երկու կողմում խռնւած բազմութիւնը ճանապարհ էր ձգում իր զաւակներին՝ օրհնանքի ու արցունքի զեղումով։
Գնդի երթը մի տօնական ցոյց էր, մի սրտաշարժ տեսարան, որը փոխւեց հմայքի, երբ գունդը կանգ առաւ Դաշնակցութեան տան պատշգամբի առաջ՝ քաղաքի կենտրոնում, եւ նրա վրա ճառերի հետ միասին տեղացին ծաղիկներ ու փնջեր։ Այդ պատշգամբից քարշ էր արւած ի միջի այլոց մի փոքրիկ դրօշակ, իսկական սիմւօլը արիւնոտ հայ ժողովրդի, սիմւօլ իր գույնով ու բովանդակութեամբ, փոքրիկ կարմիր կտաւ, վրան սպիտակ տառերով մակագրւած միմիայն երկու բառ՝ «Կանչում է Հայրենիքը»։ Այդ հայ օրիորդների դրօշակն էր՝ իրենց ուխտւած եղբայրներին նւիրաբերած։ «Կանչում է Հայրենիքը»։ …
Եթէ ոչ նոյն չափով, յամենայն դէպս որոշ չափով սթափւեց հայ ժողովուրդը նաեւ Ալէքսանդրապօլում եւ Կարսում, որոնք ընկած էին արշաւող թշնամու անմիջական ճանապարհի վրայ եւ բաւականաչափ ուժեր շարժւեցին դէպի ճակատ, եւ զօրքի տրամադրութիւնը քանակի աճման հետ միասին բաւական բարձրացաւ։ …
Ժողովրդական շարժումները Երեւանում․․․
Տաճկական եաթաղանը մի վայրկեան ցցւեց Երեւանի հայութեան առաջ, այն Երեւանի, որը իր ծածկի տակ երեք տարուց ի վեր առել էր իր թւից աւելի վասպուրականցի եւ վանեցի փախստական, աւերւած հայութիւն…:
Ու մայիսի 18-ին, 19-ին, 20-ին եւ 21-ին Երեւանի մէջ տեղի ունեցան ժողովրդական համախմբումներ ու յուզումներ, որպիսին տեղի չէր ունեցել մինչեւ այդ։ Ժողովրդական շարժում Երեւանում տեղի ունեցաւ առաջին անգամ, ինչպէս տեսանք Էրզրումի անկումից յետոյ, եւ այդ շարժման իբրեւ հետեւանք Սարիղամիշ ողեւորւեց Դալի- Ղազարի խումբը։ Ժողովրդական շարժում Երեւանում տեղի ունեցաւ երկրորդ անգամ՝ Սարիղամիշը ընկնելուց յետոյ։ Այս երկրորդ շարժումն աւելի բուռն եղաւ, եւ նրա հետեւանքով քաղաքից անմիջապէս Կարս ճանապարհւեցին 300-ի չափ կամաւորներ, որոնց թւում մի շարք ուսանողներ ու մասնագէտներ, իսկ 2-րդ Հայկական հեծեալ գնդի երթը ընդունեց ազգային հանդէսի բնոյթ։ Սակայն այս երրորդ շարժումը դարձաւ իսկական ժողովրդական շարժում, որի մէջ եկաւ խօսելու ցեղի բնազդը՝ առողջ ու տիրական։
Կան շարժումներ, որոնք տօնական կերպարանք են ստանում, ներկայ շարժումը այդպիսին չէր, այլ մի շարժում, որը ծանրաթափ էր, հուզումնալից, նոյն իսկ ճնշող, բայց միեւնոյն ժամանակ վճռական, թէլադրող, որին բացասել անկարելի էր։ Այս շարժումը ունեցաւ եւ մի այլ բնոյթ, նա առաջ քաշեց երկու հոսանք՝ երկու հակադիր ըմբռնողութեամբ ու բաղխումներով, մի երեւոյթ, որը յատուկ է ժողովուրդների ճգնաժամային կացութեան վայրկեաններում։ Այսպիսի դրութիւն առաջացնելու պատճառներ շատ էին․ նախ՝ նոր դասալիքներով լցւել էր քաղաքը, ամեն տան մէջ, ամեն քայլափոխում կհանդիպէիք շարքերը թողած զինւորների, մինչդեռ թշնամին արբեցած իր յաջողութիւներով, նւաճում էր մեր երկրամասերը դյուրութեամբ, քշում էր հայ ժողովրդին ինչպէս ոչխարի հօտ ու առաջ շարժւում։ Այս երեւոյթը ծնում ու սնում էր բուռն զայրոյթ եւ յուզում։ Միւս կողմից, հայ ժողովուրդը իր պայքարով, պայքար, որը մղւում էր ոչ միայն պատերազմի դաշտում, այլ եւ դիւանագիտական կրկէսում, գտնւում էր մի կեղծ, անհարազատ, նոյնիսկ դաւող պայմանների մէջ։
Հայ ժողովուրդը իր մարտնչող բազմութեամբ գնտւում էր իր բնաշխարհում, իսկ գլխաւոր ղեկավարները՝ բնաշխարհի սահմաններից դուրս, դիւանագիտական ոլորտների մէջ։ Հայ ժողովրդի գոյութեան իսկական պայքարը կատարւում էր Արարատեան երկրում, իսկ նրա դիւանագիտական դատը վարում էր Թիֆլիսը։
Ի՞նչ էր կատարւում այստեղ, բուն պայքարի տեղում, իրական ուժերի կենտրոնավայրում, անյայտ էր Թիֆլիսին, որովեհտեւ Ալէքսանդրապօլը ռմբակոծելուց ի վեր խզւել էր յարաբերութիւնը Թիֆլիսի հետ, եւ հեռագիրն անգամ կանգ էր առնում յաճախ։ Որպիսի՞ դիւանագիտական խնդիրներ էին շոշափւում դուրսը, եւ ինչպիսի՞ համաձայնութիւն ու պայմաններ էին կնքւում Թիֆլիսում ու Բաթումում օտար դիւանագետների հետ ղեկավար շրջանի կողմից, յայտնի չէր լինում բուն պայքարը վարողներին, եւ այստեղ է, որ դրութիւնը դառնում էր ծանր, ողբերգական։
Անտեղեակ կատարւող անցքերին, կտրւած միմիանցից, կարելի չէր սպասել, որ դիւանագէտի ասածն ու արածը համապատասխանէին բուն երկրի իրական շահերին եւ նրա ցուցահանած ուժին ու կորովին։ Մինչդեռ թշնամին՝ պահելով իր ձեռքում բոլոր գծերը եւ տեղեակ բոլոր անցքերին, թելադրում էր մեզ այն, ինչ որ իրենց էր շահավէտ եւ կամ առաջարկում էր պայմաններ հաշտարար պատւիրակութիւնը հէնց այն միջոցին, երբ պէտք էր ի չիք դարձնել հազիւ ձեռք բերած մեր յաղթութեան պտուղը։
Մտորումներ ու կասկածներ եւ դարձեալ, մտորումներ, ահա այն վիճակը, որ առաջ էր բերում մտքերի շփոթութիւն, յուզում, բռնկում, յուսահատութիւն եւ լքում։ Տակտի ու համակերպման տրամադրութիւն, կռւի եւ պայքարի կոչեր․ հեռատեսութեան եւ խոհեմութեան մէջ է փրկութեան ուղին, կփրկւի նա, ով դուրս կգայ զէնքը ձեռքին։ Ահա այն երկու տեսակէտները, որոնք ասպարէզ եկան Երեւանում մայիսի 18-ից մինչեւ 21-ը, իրական ձեւեր ստացան ու բաղխւեցին։ Երկուսն էլ ելք էին փնտրում, բայց տարբեր ուղիներով ու տարբեր ճանապարհներով։ Այսպիսի րոպէներումն է, որ մասսան գործի է անցնում, համրը խօսել է սկսում, եւ վայրկեանապէս կառուցւում են ամբիօններ՝ յաճախ բաց երկնքի տակ, հրապարակների վրայ։ Եւ Երեւանում առաջ եկան երկու ամբիօններ։ Մէկը դրանցից ծածկի տակ էր, միւսը բացօթեայ, մէկը ընտրեալների համար էր, միւսը մասսայի։ Դրանցից առաջինը քաղաքային խորհրդարանի դահլիճն էր, իսկ երկրորդը՝ մեզ արդէն ծանօթ ակումբի ամառային շէնքի հրապարակը, այն, որ կոչւում էր Սկետինգռինգ։ Քաղաքային խորհրդարանի դահլիճում հաւաքւած էին քաղաքային խորհուրդն իր կազմով, հասարակական հիմնարկութիւնների ներկայացուցիչները, քաղաքական կուսակցութիւնների ղեկավարները, յաճախ նոյն իսկ Ազգային խորհրդի անդամները։ Իսկ Սկետինգռինգում հաւաքւում էին ամենքը, ով կամենար՝ մասսան՝ իր մոխրագոյն միապաղաղութեամբ։․․․․․
Մայիսի 18-ն էր, երեկոեան ժամը 5-ը, քաղաքային խորհրդարանի դահլիճը երրորդ անգամ իր պատերի մէջ էր առել վերը յիշւած որոշ մարինների ու հիմնարկութիւնների ներկայացուցիչների ժողովը՝ մօտաւորապէս 70-80 հոգուց բաղկացած։ Ժողովին նախագահում էր տեղական իրաւաբաններից մէկը՝ Գ․ Ենգիբարեանը։ Ժողովը տխուր էր ու ճնշւած, նրան զբաղեցնում էր նոյն մաշող հարցը։
― Տաճկական զօրքերը շարժւում են դէպի մեզ, երկու օրից յետոյ նրանք կարող են յայտնւել Երեւանի դռների առաջ․ ի՞նչ է լինելու մեր բռնելիք դիրքը, ի՞նչ պիտի անենք մենք մեր ժողովուրդը փրկելու համար։ Ահա այս ծանր խնդրի համար հրաւիրւած է ներկայ ժողովը եւ հարցը դնում եմ ձեր քննութեանը։
Մօտաւորապէս այս խօսքերով դիմեց նախագահը ժողովրդին։ Առաջին վայրկեանը ծանր էր ու ճնշող, ոչ ոք ժողովականներից խօսք չէր վերցնում, ոչ ոք առաջինը կարծիք յայտնել չէր ցանկանում, վախի մի խորհրդաւոր լռութիւն թագաւորում էր դահլիճում։ Ըմբոստ ոգին բացակայում էր շքեղ դահլիճի առաստաղի տակ, ընդհանուր տրամադրութիւնը լքող էր ու յուսահատական, համակերպւելու ոգին թառել էր ամենքի վրայ, եւ ոչ ոք վստահութիւն չէր ընձեռնում բարձրանալ տեղից, արտասանել այն խօսքը, ինչ որ մտածում էր, արտայայտել այն, ինչ որ այդ րոպէին կրում էր իր կրծքի տակ։ Վերջապէս լռութիւնը առաջինը խախտեց կուսակցական մի ներկայացուցիչ՝ զբաղմունքով ուսուցիչ, եւ արեց հետեւեալ առաջարկը։
― Տաճիկները չեն խնայելու ոչ մեծի եւ ոչ էլ փոքրի, արդէն ցոյց են տալիս փաստերը։ Ժողովուրդը բաղդի կամքին թողնել իրաւունք չունենք։ Ես առաջարկում եմ այժմեանից ժողովուրդը շարժել դէպի Դարաչիչակի, Նոր-Բայազէդի եւ Դիլիջանի կողմերը, եւ որպէսզի նա սովի չմատնվի, նախօրօք կազմակերպենք փոխադրութեան միջոցները եւ տեղափոխենք եղած ամբողջ պաշարը։ Շարժելով ժողովուրդը մենք տեղում կը թողնենք զինւած ուժերը թշնամուն դիմադրելու համար։
Առաջարկը անպաճոյճ էր, բայց ոչ համոզեցուցիչ։ Ո՞ւր էր տեղափոխում ճառախօսքը մի քանի գաւառների, քաղաքի եւ դրա վրա աւելացած տաճկահայ փախստական՝ հարիւր հազարաւոր ժողովրդական զանգւածները։ Փոխադրութեան ո՞րպիսի միջոցներով նա պիտի կարողանար տեղափոխել ահագին պաշարն ու գոյքը։ Եւ վերջապէս ո՞ւր պիտի տեղաւորէր այդ ահագին զանգւածները, պոկելով նրանց իրենց տուն ու տեղից։ Այս առաջարկն, իհարկէ, հաւանութիւն չգտաւ, նրան նոյնիսկ հակաճառողներ եղան, բայց նորից լռութիւն տիրեց, ինչեւ որ տեղից բարձրացաւ Երեւանի քաղաքագլուխը՝ Տօշեանը, մի երիտասարդ մարդ եւ դրեց իր հետեւեալ առաջարկը։
― Այն սարսափները որ դուք պատմում եք, վէպերի մէջ միայն գոյութիւն ունեն։ Հարիւր հազարաւոր ժողովուրդ տեղահանել ու լեռները քշել, այդ միունոյն է, թէ նրան գլխովին սովի ու բնաջնջման մատնել։ Չմտածւած առաջարկներով ժողովուրդ փրկել չենք կարող։ Ժողովրդի գոյութեան փրկութիւնը պահանջում է հեռատեսութիւն ու տակտ եւ ոչ թէ անիրագործելի առաջարկներ։ Մեր ժողովուրդը պիտի մնա իր տեղում, մենք էլ պիրի մնանք մեր տեղում։ Եւ եթէ տաճիկները Երեւան մտնելու լինեն, մենք նրանց ընդառաջ պիտի գնանք եւ հպատակութիւն պիտի յայտնենք։ Լաւ է, որ ժողովրդի մի մասը իր հարկի տակ մորթոտւի, քան ամայի լեռներում սովի ու ոչնչացման դատապարտւի։
Քաղաքագլխի այս առաջարկը միանգամայն համապատասխանում էր ժողովրդականների ահագին մեծամասնութեան տրամադրութեանը։ Ուստի, երբ ճառախօսը աւարտեց իր համարձակ խօսքը, շատ կողմերից լսւեցին հաւանութեան բացականչութիւններ, համր լեզուները բացւեցին, բարձրացան տեղերից մի քանիսը եւ հաստատեցին առաջարկի հնարաւոր միակ ելքը։ Ճիշտ է, եղան մի երկու հակաճառողներ իրենց ըմբոստ առաջարկներով, բայց նրանք խեղդւեցին դժկամութեան շշուկի մէջ, եւ ժողովը ընդունեց համապատասխան բանաձեւ։
Օրը մթնում էր, ծանր շունչը հետզհետէ կախւում էր գլուխների վրայ․ ժողովը փակւեց, ժողովականները ցրւեցին եւ նրանք տարան իրենց հետ հայ ժողովրդի ճգնաժամը լուծող բանաձեւը։ Դա համակերպման բանաձեւն էր։ Այդ ժողովի յաջորդ օրը, մայիսի 19-ին, կիրակի, տեղի ունեցաւ մեծ համախմբում Սկետինգռինգում, նրա հրապարակը լցւեց խուռն բազմութեամբ․ հրապարակի ու բազմութեան կենտրոնում դրին մէկ սեղան եւ դարձրին ամբիօն, եւ ահա այդ ամբիօնի վրա մէկիկ-մէկիկ սկսեցին բարձրանալ ճառախօսներ՝ մէկը լավ խօսող, միւսը վատ, մէկը գրական ոճով ճառող, միւսը ժողովրդական, մէկը տաճկահայ բարբառով, միւսը ռուսահայ, մի խօսքով մարդիկ տարբեր խաւերի, ծագումի, կրթութեան եւ հասկացողութեան, բայց այդ վայրկեանին մի միտք ու մի կամք արտայայտող։ Երկու հիմնական հարց էր տրւում, շեշտւում, ծեծւում էին ճառախօսների կողմից եւ երկուսն էլ ընդունելութիւն էին գտնում բազմութեան կողմից։
― Քաղաքը լցւած է դասալիքներով, աջ ու ձախ վխտում են զինւորական տարիքի եւ զինւորական հագուստով մարդիկ, պէտք է դուրս բերել ամենքին, դուրս բերել ամենքին անխտիր, լինեն հարուստ, թէ աղքատ, կրթւած, թէ անկիրթ, պաշտոնիա, թէ մշակ։ Զէնքն է, որ պիտի փրկի մեզ, զէնքով է որ պիտի կասեցնենք մօտեցող վտանգը։
― Ազգային խորհուրդը թոյլ է, նա կտրուկ միջոցների չի դիմում, հէնց նրա ձեռքի տակ է, որ շատերը գլուխ են պահում, հարկաւոր է մի ուժեղ ձեռք, երկաթէ կամքի տէր մի մարդ, որից բոլորը սարսափեն, որը լինի անխնայ, անողոք ու նոյն իսկ դաժան եւ որը գնդակահարել տայ նրանց, որոնք խոյս կտան զինւորութիւնից։
― Ի զէն հայեր, ― աղաղակում էր կրակոտ շնչով ճառախօսներից մէկը։
― Դիկտատոր, դիկտատորը կփրկի, ― կոչ էր անում մէկը ուրիշը։
Եւ ահա այս երկու հասկացողութիւնները իբրեւ երկու նշանաբաններ, կրկնւում էին ճառողների բերանում եւ տիրական դառնում։ Ահագին բազմութիւնը միահամուռ աղաղակով տւեց իր քւէն այդ երկու առաջարկներին եւ անցաւ այն անձնաւորութեան ընտրութեանը, որին նա պիտի տար իր լիազօրութիւնը։ Այս հարցի վրա բազմութիւնը երկար կանգ չառաւ, կանգ չառաւ, որովհետեւ անհատին հերոսացնողն էլ, աստւածացնողն էլ ինքն էր․ ինքն էր, որ գտնում էր այդ մէկին, թելադրում էր նրան իր կամքը եւ ապա գնում նրա յետեւից։ Գտաւ նա այդ մէկին հէնց իր միջից, դա 2-րդ Հայկական հեծեալ գնդի գնդապետ Զալինովն էր, հայերէն չգիտցող մէկ հայ, սակայն խիստ կարգապահութեան հետեւող, լավ զինւորականի անուն հանած մարդ, որը երկու օր առաջ վերադարձել էր Ալէքսանդրապօլի ճակատից իր գնդի մնացորդներով։ Ահա գնդապետ Զալինովին էլ առաջարկեց դիկտատորութեան լիազօրութիւն հայ դեմոսը։ Բայց գնդապետ Զալինովը յայտնեց, որ ինքը նախ պիտի տեսնւի Ազգային խորհրդի հետ եւ վաղը միայն կգայ իր պատասխանը տալու։
Նոյն բազմութիւնը յաջորդ օրը, մայիսի 20-ին, նոյն հրապարակի վրա, նոյն ճառախօսների մասնակցութեամբ սպասում էր գնդապետ Զալինովին։ Նա եկաւ, թէեւ մի փոքր ուշ, բարձրացաւ սեղանի վրայ, բոլորի հայացքը բեւեռւեց նրա վրայ եւ նա բարձր ձայնով, համոզող խօսքերով յայտնեց, որ ներկայ հայ զինւորական ուժերի վրայ յոյս դնել չի կարելի, որ չի կարելի վստահել մանաւանդ այն դասալիքներին, որոնք թողել են շարքերն ու տուն դարձել։ Որ պատերազմը մեզ համար արդէն տանուլ տւած է, մանաւանդ որ մենք չունենք պաշար ու ռազմամթերք, ուստի ինքը հրաժարւում է ընդունել իր վրա դիկտատորութեան լիազօրութիւններ եւ խորհուրդ է տալիս ներկայ եղող ժողովրդին հանգիստ մնալ, բռնել խաղաղութեան տանող ճանապարհը եւ հետեւել Ազգային խորհրդին, որը ինչ որ հնարաւոր է, անում է հայ ժողովրդի համար։
Գնդապետ Զալինովի յայատարարութիւնը անսպասելի էր այդտեղ խռնւած բազմութեան համար․ շատերի վրա լքող ազդեցութիւն թողեց նրա յայտարարութիւնը, շատերն էլ դժկամութիւն յայտնեցին նրա դէմ․ տիրեց մի ծանր ու տարտամ դրութիւն այդ դրութեանը նպաստում էր մանաւանդ տեղացող անձրեւը։ Միւս կողմից օրը բոլորում էր իր շրջանը, եւ բազմութիւնը քաշւեց այն տպաւորութեան տակ, որ նա իր վերջին խօսքը դեռ չէր արտասանել, որ նա իր ասելիքը ունէր եւ կատարվելիք դերը եւ որ պայքարի նշանաբանը պիտի յաղթանակէր։
Մայիսի 21-ը հայ ժողովրդի տարեգրութեան մէջ կգրաւի մի փառաւոր տեղ եւ կը հանդիսանայ պատմական, գերազանցօրէն պատմական օր։
Այդ օրը տեղի ունեցաւ իսկական ժողովրդական շարժում, շարժում՝ ուժգին ու տիրական, ամրապնդւեց վերջնականապէս այն հոսանքը, որը վերջին օրերի ընթացքում հետզհետէ թափ ստանալով դառնում էր հակադիր ուժ՝ համակերպման ուղին բռնող հոսանքի դէմ, եւ իրական ձեւ ստացաւ նա ու գնաց արտայայտութիւն գտնելու այն դաշտերում, ուր չորս տարուց ի վեր կեանքի ու մահու պայքարն էր մղում մարդկութիւնը։
Օրը ամպամած էր ու թխպոտ, երկնքից, կարծէք, մի ծանր շունչ կանխւել էր իբրեւ սպառնալիք եւ ճնշում էր աշխարհը։ Երբեմն նոսր անձրեւ էր տեղում ու նորից կտրւում, եւ բնութիւնը եկել էր կատարեալ դարձնելու հոգեկան այն վիճակը, որ ապրում էր Երեւանը այդ օրերին։ Առաւօտ էր, ժողովուրդը նոր-նոր դուրս էր գալիս տներից եւ խռնւում քաղաքի գլխաւոր փողոցում, ինչպէս այդ յատուկ էր յղացումներով լի այդ օրերին։ Ամենքը տխուր էին, զուսպ ու մտահոգ։ Զբաղեցնողը Տաճկաստանի առաջխաղացումն էր։ Վտանգը հասել էր Երեւանի դռներին։ Երբեմն արեւը դուրս էր նայում ամպերի պատռւածքներից ու յետ քաշւում, նա բաւական ճանապարհ էր կտրել երկնակամարի վերելքով։ Եւ այս միջոցին տարածւում է մէկէն շշեցնող լուրը․
― Տաճիկները մոտենում են Սարդարաբադին։
Լուրը վայրկեանապէս անցնում է բերնէ բերան, նա աջ ու ձախ շանթահարում է ու անցնում։
― Դէպի Սկետինգռինգ։
Ահա այն մի զոյգ բառը, որ միաժամանակ անցաւ բերնէ բերան, եւ ժողովուրդը, կարծէք, թեթեւացած սրտով, դիմեց ծանօթ հրապարակը։ Շուտով այդտեղ հաւաքւեց բաւականաչափ բազմութիւն, բազմութիւն թէեւ ոչ նախկինների չափով, բայց վճռական հոգեպնդիչ դէմքով։
Մայիսի 21-ի միտինգը խիստ կարճատեւ եղաւ, կարճատեւ, գործնական եւ վճռող, այդ էր պահանջում վայրկեանը։ Երկար ճառերի, նոր համոզեցուցիչ խօսքերի ժամանակ չէր մնացել։ Ճառեր շատ էին խօսւել, մի ամբողջ շաբաթ էր, ինչ ճառում, խօսում էին այդտեղ, գործ էր պէտք, գործ, իրական գործ, այդ վճռական րոպէի առաջ եկել կանգնել էր մասսայական բնազդը՝ առողջ ու տիրական։
― Գալիս է․ ― անցաւ մի շշուկ բերնէ բերան, ու ամբոխը շարժւեց։ Երեւաց այդ օրերի ծանրութիւնը իր վրա վերցրած Ազգային խորհրդի գործոն անդամը, Վանի հերոսը, Արամը՝ բարձրահասակ ու թիկնեղ, բայց մռայլ ու ընկճւած, անձրեւը մաղում էր։ Նա մօտեցաւ մօտիկ ծածկոյթին, բարձրացաւ այդտեղ գտնւող մի նստարանի վրայ եւ ամբոխը շրջապատեց նրան։
― Թշնամին մեր դռանն է հասել, ― սկսեց նա իր ճառը, ― վաղը կամ միւս օրը նա կը մտնի Երեւան․ ի՞նչ կկատարւի այնուհետեւ, յայտնի է ամենքիդ։ Կրկնութիւններ անելու տրամադիր չեմ, եւ ոչ էլ ճառելու ժամանակ կայ։ Ես եկել եմ յայտնելու ձեզ, որ թշնամին մտել է Սարդարապատ եւ շարժւում է դէպի Էջմիածին։ Ու մեզ մնում է երկու բան, կամ զէնք վերցնել եւ դուրս գալ թշնամու դէմ եւ կամ մնալ ու կոտորւել ոչխարի պէս։ Որն ուզում եք, ընտրեցէք։ Ով ուզում է ապրել, թող առանց րոպէ կորցնելու վերցնի զէնքը, վերցնի նաեւ երեք օրւայ պաշար եւ իսկոյն եւէթ դիմի ուսուցչական սեմինարիայի շէնքը՝ ցուցակագրւելու եւ այնտեղից էլ ճակատ ուղարկւելու համար։ Ես իմ ասելիքը վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը, արէք, ինչ որ ձեր սիրտը ձեզ թելադրում է։
Արտասանեց վերջին խօսքերը Արամը եւ հաւանութեան աղաղակների տակ ցած իջաւ։ Տաճիկները կանգ չէին առնում, Ազգային խորհուրդը վճռել էր վերջին ճիգը թափել, մասսային առողջ բնազդը եկաւ գերազանցօրէն յաղթանակելու։
― Դէպի Սեմինարիա, ― յափշտակեց ու արձագանքեց այս զոյգ բառը ուշաբերւած բազմութիւնը եւ դիմեց դէպի Սկետինգռինգի ելքը, չուզելով լսել յաջորդ ճառախօսին, որը Վարդանանց պատերազի նախօրեակի համեմատութիւնն էր անում ներկա օրերի հետ։ Նա գնաց վճռական քայլերով, գործի շտապողականութեամբ, գնաց իր պարտքը կատարելու, ցեղի պատիւը փրկելու։ Մի ժամ էր անցել ընդամենը, Երեւանը միանգամայն կերպարանափոխվել էր։ Հատ-հատ, զոյգ-զոյգ, երբեմն երեքով ու չորսով՝ քաղաքացիներ տարբեր խաւերի ու հոսանքների, տարբեր տարիքի ու զբաղմունքի՝ ճամփորդի զգեստով, ոտներին փաթէթներ, հրացանն ուսերին եւ պաշարի պարկը շալակած շտապ դէպի սեմինարիայի շէնքն էին դիմում, որը գտնւում էր գլխաւոր փողոցի ծայրում։
Պատերին կպցւած էին յայտարարութիւններ ու կոչեր, տարբեր գոյների ու բովանդակութեան, որոնցով պաշտօնական մարմինները, զօրամասերի ղեկավարները եւ նոյն իսկ անհատներ կոչ էին անում գալ ու խմբւել ճակատ գնալու համար։ Ահա երկուսը այդ կոչերից։
ԿՈՉ
Երեւանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել։
Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպէսզի նրանք գան եւ կամաւորական խմբերի գլուխն անցած ընդառաջեն թշնամուն։
Ովքեր ցանկանում են ղեկավարել, առաջնորդի դեր ստանձնել, թող դիմեն Երեւանի Հայոց Ազգային խորհուրդ հէնց այսօրւանից։
21-ը մայիսի, 1918 թ․, Երեւան, Երեւանի Հայոց Ազգային խորհուրդ
ԿՈՉ
Հայրենիքի ներկայ գերագոյն վտանգն աչքի առաջ ունենալով, Ազգային խորհուրդը՝ ստիպողաբար կոչ է անում հայ զօրամասերից ինքնագլուխ հեռացած բոլոր զինվորներին, իրենց զէնքերով ու շորերով վերադառնալ իրենց զօրամասերը։ Վերջին վայրկյանն է, ուշքի եկէք։
21 մայիսի, 1918թ․, Երեւան, Երեւանի Հայոց Ազգային խորհուրդ
― Երեւանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել, ― յայտարարում էր Ազգային խորհուրդը, եւ գործը կատարւեց։ Գլխաւոր փողոցը, որ մինչեւ այդ զինւորականների, դասալիք զինւորների ու պարապ մարդկանց մի կատարեալ ցուցադաշտ էր հանդիսանում, դատարկւել էր։ Փողոցներում սովորական դանդաղ շարժումը այլեւս չկար, բոլորը վազվզում էին, բոլորը ինչ-որ իրարանցումի մէջ էին, մէկը այս կողմն էր շտապում, միւսը այն կողմը, մէկը մնաս բարեաւն էր ասում, միւսները արցունքոտ աչքերով բարի երթ մաղթում։․․․․
Այսպէս ուրեմն ժողովրդական շարժումը, որ տեղի ունեցաւ Երեւանում եւ այնտեղից էլ ծաւալւեց անմիջապէս շրջակայ գիւղերն ու գաւառամասերը, առաջ բերեց դասալիք զինւորների եւ կամաւորների այնպիսի հոսանք դէպի կռիւի դաշտ, որ կարիք զգացւեց, սահմանափակել այդ հոսանքը։ Ժողովրդական շարժումը իր դերը կատարեց, նա բարձրացրեց ընկճւած տրամադրութիւնը, ոգեւորութիւն առաջ բերեց մասսայի եւ զօրքի մէջ ու կռւողների նոր շարքեր տւեց։ Բայց հարկաւոր էին ղեկավար մարդիկ առաջ եկած ուժերին ուղղութիւն եւ ընթացք տալու, կռիւը վարելու եւ դժւարին կացութիւնը փրկելու համար։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ