Վերլուծական տեղեկանք #3: Եվրոպայի աջերի վերելքը

քաղաքական պատասխան և հանրային ազդակ

Վերջին տարիներին Եվրոպայում աջ ուժերի աճը դարձել է քաղաքական իրականության առանձնահատկություններից մեկը: Աջ կուսակցությունների առաջընթացը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով՝ միգրացիայի աճ, տնտեսական անհավասարության խորացում, ավանդական կուսակցությունների նկատմամբ վստահության անկում և անվտանգության պահանջարկի բարցրացում։

Ներածություն

Վերջին տարիներին Եվրոպայում աջ ուժերի աճը դարձել է քաղաքական իրականության առանձնահատկություններից մեկը: Աջ կուսակցությունների առաջընթացը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով՝ միգրացիայի աճ, տնտեսական անհավասարության խորացում, ավանդական կուսակցությունների նկատմամբ վստահության անկում և անվտանգության պահանջարկի բարցրացում։ Այս իրավիճակը հանգեցրել է հանրային պահանջների լուրջ փոխակերպման, ինչի արդյունքում քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ, փոխվում են իշխող ուժերը և հանրության սպասելիքները։

Եվրոպայի աջերի վերելքը

Ֆրանսիայում Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային համախմբում» կուսակցությունը վերջին տարիներին շարունակաբար ամրապնդել է իր դիրքերը: 2022թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Լը Պենը ստացել է ձայների 41.5%-ը (առաջինում՝ 23.2%), մինչդեռ 2017թ. նրա արդյունքը շատ ավելի համեստ էր՝ 21.3 առաջին փուլում և 33.9՝ երկրորդում։

Նման պատկեր է նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքներով. եթե 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Լը Պենի «Ազգային ճակատը» («Ազգային համախմբումը» այդպես էր կոչվում մինչև 2018թ. հունիս) ստացել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի 577 մանդատներից 8-ը, այն էլ՝ միայն երկրորդ փուլի արդյունքներով, ապա արդեն 2022թ. ընտրություններում Լը Պենի կուսակցության մանդատների թիվը 90 էր: 2024թ. արտահերթ ընտրությունների արդյունքներով «Ազգային համախմբումը» ստացավ 120 մանդատ, իսկ մյուս աջերի հետ միասին՝ 143։

Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը վերջին տարիներին գրանցել է նկատելի աճ՝ ինչպես համապետական, այնպես էլ տարածքային մակարդակներում: Համապետական ընտրություններին AfD-ն առաջին անգամ մասնակցել է կազմավորման հենց առաջին տարում՝ 2013թ. և ստացել ձայների 4.7%-ը՝ չկարողանալաով հաղթահարել նվազագույն շեմի արգելքը։ 2017թ. ընտրություններում կուսակցությունը ստանում է քվեների 12,6%-ը և 94 մանդատ Բունդեսթագում։ 2021թ. ընտրությունների նահանջից հետո (10.3% ձայն և 83 մանդատ), 2025թ. փետրվարի արտահերթ ընտրություններում կուսակցությունը գրանցեց պատմական արդյունք՝ ստանալով 20.8% ձայն և Բունդեսթագի 630 մանդատ 152-ը։

Տարածաշրջանային մակարդակում ևս AfD-ն շոշափելի աճ է գրանցել գրեթե բոլոր երկրամասերում։ Առավել ակնառու օրինակներն են Թյուրինգիան, Սաքսոնիան և Բրանդենբուրգը։ Թյուրինգիայում 2014թ. կուսակցությունը ստացել էր 10.6% ձայն, 2019թ.՝ 23.4%, իսկ 2024թ.՝ արդեն 32.8%։ Սաքսոնիայում 2014թ. AfD-ն ստացել էր 9.7%, 2019թ. կտրուկ թռիչք կատարել, ստանալով ձայների 27.5%-ը, իսկ 2024թ.՝ բարելավել արդյունքը՝ հասցնելով այն 30.6%-ի։ Բրանդենբուրգում 2014թ. արդյունքը եղել էր 12.2%, 2019թ.՝ 23.5%, իսկ 2024թ.՝ 29.2%

Իտալիայում աջ ուժերի հաջողությունները հիմնականում կապում են Ջորջիա Մելոնիի ղեկավարած «Իտալիայի եղբայրները» (Fratelli d’Italia, FdI) կուսակցության հետ։ Կուսակցությունն ավելի վաղ համարվում էր ծայրահեղ աջ, սակայն վերջին շրջանում տեղափոխել է դիրքերը դեպի կենտրոն՝ պահպանելով, սակայն, սկզբունքային դիրքորոշումները։ 2018թ. խորհրդարանական ընտրություններում այն ստացել էր ընդամենը 4.4% ձայն, բայց արդեն 2022թ. արտահերթ ընտրություններում կուսակցությունն իր ձայների տոկոսը հասցրեց 26-ի՝ դառնալով երկրի խոշորագույն քաղաքական ուժը։ Արդյունքում, աջակողմյան դաշինքի միջոցով ձևավորվեց նոր կառավարություն, և Ջորջիա Մելոնին դարձավ Իտալիայի առաջին կին վարչապետը։

Նիդերլանդներում աջ քաղաքական ուժերի առաջխաղացման հիմնական օրինակը Գերտ Վիլդերսի գլխավորած «Ազատության կուսակցությունն» է (Partij voor de Vrijheid, PVV)։ 2006թ. խորհրդարանական ընտրություններում նոր հիմնադրված PVV-ն ստորին պալատում ստացել էր ընդամենը 9 տեղ։ 2010թ. կուսակցությունն աճեց՝ ստանալով արդեն 24 մանդատ և մաս կազմելով կոալիցիոն կառավարության։ Սակայն հաջորդ ընտրություններում (2012թ.) կուսակցությունը կորցրեց իր դիրքերը՝ ստանալով 15 մանդատ ու հայտնվելով ընդդիմության դերում։ 2017թ. PVV-ն կրկին վերականգնվեց՝ հավաքելով 20 մանդատ, իսկ 2021թ.՝ 17 մանդատ։ 2023թ. արտահերթ ընտրություններում կուսակցությունն ապահովեց իր պատմական բարձրագույն արդյունքը՝ 37 մանդատ և դարձավ խորհրդարանի ամենամեծ քաղաքական ուժը` մաս կզմելով կառավարության։

Ավստրիայի Ազատության կուսակցությունը (FPÖ) վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ 2024թ. սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը դարձավ առաջին ուժը՝ հավաքելով 28.8% ձայն և առաջ անցնելով ավանդական կուսակցություններից։

Սլովակիայում 2023թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Ռոբերտ Ֆիցոյի ղեկավարած SMER-SD կուսակցությունը՝ ստանալով 22.9% ձայն և այլ աջակողմյան ուժերի հետ ձևավորելով կառավարություն։

Աջ քաղաքական ուժերի տեսանելի աճ են գրանցել նաև մի շարք այլ երկրներում, որոնց առանձին անդրադարձ չի կատարվել հոդվածում, սակայն որոնք արժանի են հիշատակման։ Դրանց շարքում կարելի է նշել իսպանական VOX-ը, պորտուգալական Chega-ն, Բելգիայի «Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցությունը, «Շվեդական դեմոկրատները» (Sverigedemokraterna), «Իրական ֆինները» (Perussuomalaiset), Էստոնիայի EKRE-ն և այլք։

Լիբերալների և սոցիալ-դեմոկրատների նահանջը

Եվրոպայի շատ երկրներում լիբերալ և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները վերջին տարիներին զիջում են իրենց դիրքերը։ Այս միտումը հաստատվում է ինչպես համապետական, այնպես էլ տեղական ընտրությունների արդյունքներով։ Օրինակ՝ Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցությունը, որը 2012թ. ապահովել էր նախագահական հաղթանակ, իսկ 2017-ին և 2022-ին գրեթե վերացավ քաղաքական դաշտից՝ ստանալով համապատասխանաբար 6.4% և 1.7% ձայներ նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) տարիներ շարունակ կորցնում էր իր ավանդական ընտրողին՝ հատկապես արդյունաբերական շրջաններում։ Չնայած 2021թ․ որոշակի վերականգնմանը և կոալիցիոն կառավարության մաս կազմելուն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները կորցրել են այն ազդեցությունը, որը ունեին դեռևս 10 տարի առաջ։

Բացի դրանից, Եվրոպական միությունում գործող ALDE խմբակցությունը, որն ընդգրկում է հիմնականում լիբերալ ուժերը, 2019թ․ եվրոպական խորհրդարանական ընտրությունների արդյունքում չկարողացավ զգալիորեն մեծացնել իր ներկայացվածությունը՝ մնալով 14%-ի սահմաններում։ 2024թ․ ընտրությունների արդյունքներով՝ Renew Europe խմբակցությունը կորցրեց շուրջ 20 մանդատ, ինչը վկայում է ձախողված մոբիլիզացիոն մեխանիզմների մասին։

Այս նահանջի պատճառները կարելի է բաժանել մի քանի փոխկապակցված խմբերի։ Նախ՝ գաղափարական տեսանկյունից, սոցիալ-դեմոկրատական և լիբերալ ուժերը վերջին տարիներին հաճախ չեն կարողանում հստակորեն տարբերակվել քաղաքական կենտրոնից։ Նրանք փորձում են հավասարակշռել աջ և ձախ պահանջները, բայց արդյունքում հաճախ ընկալվում են որպես անվստահելի կամ անորոշ դիրք ունեցող ուժեր։ Սա հատկապես նկատելի է միգրացիայի, ազգային ինքնության, անվտանգության և մշակութային հարցերում, որտեղ հասարակությունը սպասում է հստակ ու հետևողական քաղաքականություն։

Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (CEPS) և European Council on Foreign Relations-ի զեկույցներում նշվում է, որ սոցիալ-դեմոկրատական և լիբերալ ուժերը չեն կարողացել հանրությանը բավարարող պատասխաններ տալ միգրացիայի, բնակարանային ճգնաժամի, կենսաթոշակային համակարգերի և երիտասարդների գործազրկության հարցերին։ Արդյունքում՝ նրանց ընտրազանգվածի մի հատվածը կամ տեղափոխվել է աջ կուսակցությունների դաշտ, կամ մնացել է քաղաքականապես չեզոք։

2025թ․ YouGov-ի և European Council on Foreign Relations-ի համատեղ հարցումների համաձայն՝ եվրոպացի երիտասարդների միայն մոտ կեսն է լիարժեք հավատում ժողովրդավարական համակարգերին։ Իսկ նրանցից մի զգալի մասը (մոտ 20%) պատրաստ է դիտարկել այլընտրանքային՝ նույնիսկ ավտորիտար կառավարման մոդելներ։ Սա ցույց է տալիս, որ ավանդական կուսակցությունների հանդեպ վստահությունը նվազում է հատկապես երիտասարդների շրջանում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ միտումը շարունակական է լինելու։

Եվրոպական փորձագիտական շրջանակներում նշում են, որ սոցիալ-դեմոկրատական ուժերը հիմնականում չեն կարողացել ձևավորել նոր սոցիալական և տնտեսական օրակարգ՝ համապատասխան ժամանակակից իրականությանը։ Նրանք հաճախ չեզոք են թվում այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են անշարժ գույքի գների աճը, կենսաթոշակային անհավասարությունը, տեխնոլոգիական ոլորտում աշխատանքային իրավունքների կորուստը։ Բացի այդ, նրանք կորցրել են աշխատավոր դասի և արհմիությունների հետ ունեցած կապը, որոնք ավանդաբար եղել են նրանց հիմնական աջակցության աղբյուրները։

Այս ամենի հետևանքով առաջանում է գաղափարական վակուում, որից օգտվում են աջ ուժերը, որոնք կարողանում են ավելի պարզ, թիրախային և հուզական խոսք հասցնել հասարակությանը։ Հին կուսակցությունները կորցնում են ոչ միայն ձայներ, այլ նաև հանրային օրակարգի վրա ազդեցություն։

Աջ ուժերի աճին նպաստող հիմնական գործոններից են անվտանգության զգացողության կորուստը, ինչը խորանում է միգրացիոն ճգնաժամով, ինքնության պահպանության վերաբերյալ մտավախությունները, տնտեսական անհավասարության խորացումը և քաղաքական էլիտաների նկատմամբ աճող անվստահությունը: Հանրային այս մտահոգությունները դարձել են այն հիմքը, որի վրա աջ շարժումները կառուցում են իրենց քաղաքականությունը:

Հասարակական պահանջի ձևափոխումը

Եվրոպայում աջ ուժերի վերելքը չի կարող ճիշտ ընկալվել՝ առանց հասարակական պահանջների խորքային վերափոխման գործընթացը դիտարկելու։ Տասնամյակներ շարունակ Եվրոպայում գերիշխող էր բարեկեցիկ պետության մոդելը՝ հիմնված սոցիալական պաշտպանության, համերաշխության և բաց սահմանների գաղափարների վրա։ Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք ճգնաժամեր՝ հատկապես 2008թ. տնտեսական ճգնաժամը և 2010-ականների միգրացիոն ալիքները, արմատապես փոխեցին քաղաքացիների ընկալումները քաղաքականության, պետության և ինքնության վերաբերյալ։

Անվտանգության զգացողության կորուստ

Քաղաքական օրակարգում ավելի տեսանելի դարձավ անվտանգության հարցը։ Միջին վիճակագրական եվրոպացին այսօր աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին ավելի մտահոգ է փողոցային հանցագործության մակարդակով և ահաբեկչական սպառնալիքներով։ Բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ Եվրոպայի մի շարք երկրներում քաղաքացիները վստահ չեն, որ պետությունը կարող է ապահովել նրանց ֆիզիկական կամ մշակութային անվտանգությունը։

Eurobarometer-ի վերջին տվյալներով՝ եվրոպացիների մոտ 35%-ը առաջնային խնդիրների շարքում միգրացիայից առաջ նշում է ահաբեկչությունը և անվտանգության բացակայությունը։ Այս զգացողությունն օգտագործվում է աջ ուժերի կողմից, որոնք առաջարկում են խիստ սահմանային հսկողության, ներգաղթի սահմանափակման և ուժեղացված պատժիչ քաղաքականություն։

Միգրացիա և ինքնության խեղաթյուրում

Միգրացիայի թեման, հատկապես Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից եկող ալիքների հետ կապված, դարձել է աջ ուժերի քարոզչության առանցքային հարցերից։ Մշակութային և ազգային ինքնության հանդեպ հասարակական անհանգստությունները խորացել են՝ պայմանավորված ինչպես սոցիալ-տնտեսական մրցակցության, այնպես էլ արժեքային բախումների մտավախությամբ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ եվրոպացիներ միգրացիան ընկալում են ոչ միայն որպես տնտեսական մարտահրավեր, այլ նաև որպես քաղաքակրթական վտանգ։

Միգրացիայի հետևանքով ձևավորված բազմամշակութային համայնքների հանդեպ հասարակական վերաբերմունքը զգալիորեն փոխվել է։ Pew Research Center-ի 2024թ. տվյալներով՝ Գերմանիայում հարցվածների 55%-ը գտնում է, որ իսլամն անհամատեղելի է գերմանական մշակույթի հետ։ Նմանատիպ գնահատականներ գրանցվել են նաև Ֆրանսիայում և Նիդերլանդներում։ Այս սոցիոլոգիական ֆոնն իրավացիորեն ընկալվում է որպես աջերի ուժեղացման հող։

Տնտեսական անհավասարություն

Չնայած որոշ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը, քաղաքացիների մի մեծ հատված շարունակում է զգալ իրական եկամուտների նվազում, բնակարանային անհասանելիություն, ցածր կենսաթոշակներ և բարձր սոցիալական ճնշում։ Աշխատավոր դասի և աղքատ խավերի շրջանում աջ ուժերը կարողացել են դիրքավորվել որպես «իրական խնդիրներով ապրող» ուժեր։ Սոցիալ-դեմոկրատների չհաջողված տնտեսական բարեփոխումները, կամ ուղղակի անգործությունը, խորացնում են այդ ընկալումը։

Ըստ OECD-ի 2023թ․ զեկույցի՝ Եվրոպայում սոցիալ-տնտեսական անհավասարությունն աճել է՝ հատկապես բնակարանային ոլորտում։ Բրիտանիայում, Իսպանիայում և Գերմանիայում երիտասարդները համատարած դուրս են մնում անշարժ գույքի շուկայից, ինչը երկարաժամկետ անորոշություն է ստեղծում։ Այս անորոշությունը, զուգորդված ցածր աշխատավարձով, նպաստում է հակադիր խոսքի ընկալելիությանը։

Քաղաքական էլիտաների հանդեպ անվստահություն

Հարցումների համաձայն՝ քաղաքացիների զգալի մասն այլևս չի հավատում, որ ավանդական կուսակցությունները ներկայացնում են իրենց շահերը։ Transparency International-ի, Eurobarometer-ի և այլոց հրապարակած տվյալները վկայում են, որ եվրոպացիների մոտ 60%-ը վստահ չէ, որ քաղաքական վերնախավը աշխատում է հանուն հասարակության շահի։ Տարիների ընթացքում կուտակված սկանդալները, կոռուպցիոն գործերը և որոշումների վրա ազդելու անկարողության զգացումը խարխլել են հասարակական վստահությունը։

Այս ամենի արդյունքում աջ ուժերը դիրքավորվում են որպես թարմ այլընտրանք, որոնք իբր չեն կաշկանդվում նախկին սխալներով և խոստանում են «ազնիվ իշխանություն»։ Այս տրամադրությունները չեն դառնում միայն ընդդիմադիր հռետորաբանություն․ նրանք իրական ազդեցություն են ունենում ընտրությունների վրա՝ հատկապես միջին և աշխատավոր խավերի շրջանում։

Հեռանկարներ և բաց հարցը

Չնայած աջ ուժերի աճող ժողովրդականությանը, դրանց գաղափարական և կառուցվածքային ներուժի հարցը մնում է բաց։ Շատ քաղաքական վերլուծաբաններ նշում են, որ այս շարժումները, թեև արձագանքում են հանրային ակնհայտ դժգոհություններին, սակայն չունեն բավարար ինստիտուցիոնալ կարողություններ կամ գաղափարական խորություն՝ կայուն քաղաքականություն իրականացնելու համար։

Օրակարգային և ծրագրային անորոշություն

Աջ շարժումների մեծ մասը հստակորեն ձևակերպում է դիրքորոշումներ որոշակի խնդիրների շուրջ՝ միգրացիայի սահմանափակում, բյուրոկրատիայի վերանայում, ազգային ինքնության վերարժևորում։ Սակայն դրական և կառուցողական օրակարգի ճշգրտումը հաճախ մնում է ընդհանուր ձևակերպումների և նախնական խոստումների մակարդակում։ Նրանք չեն ներկայացնում տնտեսական և սոցիալական կառուցվածքային խնդիրների լուծման հստակ ճանապարհային քարտեզներ։

Տնտեսական և սոցիալական ոլորտներում որոշ ուժեր հանդես են գալիս ազատ շուկայական մոտեցումներով, իսկ մյուսները՝ պրոտեկցիոնիզմի քաղաքականության կողմնակից են։ Այս բազմազանությունը գաղափարական հակասությունների հիմք է դառնում, ինչպես կուսակցությունների միջև, այնպես էլ՝ դրանց ներսում։

Կադրային և ինստիտուցիոնալ սահմանափակումներ

Երկար ժամանակ քաղաքական մարգինալ դաշտում գտնված աջ ուժերը դեռևս չեն կարողացել կուտակել բավարար կառավարման փորձ, հաստատված կադրային բազա կամ հաստատուն ինստիտուցիոնալ ենթակառուցվածքներ։ Երբ նման ուժերը հասնում են իշխանության, հաճախ բախվում են գործադիր կառավարման դժվարությունների։ Կադրային առումով շատ աջ շարժումներ ապավինում են նորեկներին, որոնք չունեն պետական կառավարման փորձ։ Արդյունքում՝ կառավարական ճյուղերում հաճախ առաջանում է անկայունություն և որոշումների թերի իրականացում։

Ռեակցիոն բնույթ

Այս համատեքստում անպատասխան է մնում մեկ այլ հարց․ արդյո՞ք աջ շարժումները կկարողանան ռեակցիոն և ընդդիմադիր դիրքերից անցում կատարել դեպի համակարգային քաղաքականության ձևավորում։ Ներկայումս դրանցից շատերը դեռևս ձևավորման փուլում են՝ թե՛ գաղափարապես, թե՛ ինստիտուցիոնալ առումով։

Դիտորդներից շատերը նշում են, որ եթե նման ուժերը կարողանան ճշգրտել իրենց մոտեցումները ինքնիշխանության, սոցիալական պատասխանատվության և ազգային ռազմավարական քաղաքականության վերաբերյալ, ապա նրանց ներկայությունն ամրապնդվելու միտում ունի։ Հակառակ պարագայում՝ երբ օրակարգը մնում է ընդհատական կամ հակադարձ հռետորաբանության մակարդակում, այս շարժումների վերելքը կարող է կրել ժամանակավոր բնույթ։

Եզրակացություն

Աջ ուժերի վերելքը Եվրոպայում ռեակցիոն գործընթաց է միանգամից մի քանի մակարդակների վրա՝ համակարգային, հուզական, կառավարչական։ Այն ընդգծում է հասարակական մտքի փոփոխությունը, որտեղ ավանդական ինստիտուտներն ու պատկերացումները մարում են՝ տեղը զիջելով նոր տիպի քաղաքական ուժերին, որոնք դեռ լիարժեք չեն ձևավորվել։ Մյուս կողմից, այս շարժումները պատասխանն են հենց ավանդական ուժերի ու համակարգերի անկարողությանը, ինչպես նաև պարտադրվող քաղաքական գլոբալիզացիայի անորոշությանը, որի պայմաններում ժողովուրդներն ավելի ու ավելի հաճախ վերանայում են ինքնության, պետության և քաղաքական պատկանելության մասին պատկերացումները։

Social