ՀԱՊԿ շրջանակներում հայկական հատուկ ուժերի Ղազախստան ուղարկելու վերաբերյալ․

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարությունը

ՀԱՊԿ գործողություններին հայկական ուժերի մասնակցությունն ապտակ է 2020 թվականի պատերազմի հիշողությանը՝ պատերազմ, որտեղ վճռական պահին հայ ժողովուրդը չի ունեցել դաշնակիցներ, և ՀԱՊԿ անվտանգության երաշխիքները չեն գործել

  1. «Մարտական եղբայրությունը» խստիվ դատապարտում է, և բացարձակ անընդունելի է համարում հայկական հատուկ ուժերի մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններում: Սա խայտառակ որոշում է և խայտառակ գործողություն, որը սերունդների կողմից կարող է գնահատվել և դասվել 1956 թ.-ին Հունգարիայում և 1968 թ.-ին Չեխոսլովակիայում տեղի ունեցած զինված միջամտության հետ:
  2. Մենք գնահատում ենք սա որպես հայ ժողովորդին ստորացնելու, փչացնելու նպատակ ունեցող քաղաքականության մաս: Հայ ժողովուրդը իր նոր պատմության մեջ բազմիցս ապացուցել է իր ձգտումն ազատ, արդար, ժողովրդական, հակաբռնապետական կարգերի նկատմամբ, և հայ ժողովորդի բնույթից և շահերից որևէ կերպ չի բխում խառնվելն այլ ժողովուրդների ներքին գործերին: Մյուս կողմից՝ նպատակ է դրված հավելյալ թշնամանք և արհամարանք ստեղծելով հայ ժողովորդի հանդեպ, է՛լ ավելի ուժեղացնել մեր միակողմանի արտաքին կախվածությունը՝ ոչնչացնելով ինքնիշխանության և պատվի նույնիսկ մնացորդները:
  3. Ոչ միայն այսօր, այլև դեռ բավականին երկար հեռանկարում այս խայտառակ որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծելու հայ ժողովրդի համար՝ արտաքին հարաբերություններում: Երկար և լուրջ աշխատանք է պահանջվելու որևէ ապագա կառավարության կողմից այս խնդիրները լուծելու համար՝ հաղթահարելու համար արհամարական, իսկ որոշ դեպքերում՝ թշնամական վերաբերմունքը հայ ժողովորդի նկատմամբ:
  4. Համարում ենք, որ Ղազախստան հայկական ուժեր ուղարկելու որոշումը չի կարող արդարացվել որևէ «պրագմատիկ», գործնական հիմնավորումներով: Նախ՝ սին են այն բոլոր հույսերը, թե ի փոխհատուցում այս ստորացման, ապագայում կարող ենք ստանալ օգնություն մեզ համար կենսական հարցերում: Հակառակը՝ ինչպես վկայում է պատմական փորձն ու առողջ տրամաբանությունը, ստորացնելով և օգտագործելով, շարունակելու են սիրաշահել ոչ թե օգտագործված գործիքը, այլ մեր թշնամիներին և հակառակորդներին: Քաղաքական բացարձակ միամտություն է կարծել, որ նման ստորացման գնով ապացուցվող «հավատարմությունը» ստանալու է այլ փոխհատուցում՝ բացի էլ ավելի շեշտված արհամարանքից և ցինիզմից հենց «տիրոջ» կողմից: Երկրորդ՝ խոսակցություններն այն մասին, թե հնարավոր չէր մերժել առաջարկը նույնպես անհիմն են: Հնարավորությունը մարդունն է, և եթե սեղանին դրված է ոչ թե անձի և թիմի, այլ ժողովորդի հեռանկարի հարցը, ապա նույնիսկ ծայրահեղ դեպքում կան պատվավոր ելքեր: Իսկ եղածը ծայրահեղ դեպք էլ չի:
  5. ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում վտանգավոր նախադեպ է, որը վաղը կարող է հիմք ստեղծել այլ երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին զինված միջամտության: Եթե ստեղծվի նման իրավիճակ, Մարտական եղբայրությունն իրեն պարտավոր է համարում տոտալ դիմադրություն ցուցաբերելու որևէ արտաքին միջամտությանը:
  6. ՀԱՊԿ գործողություններին հայկական ուժերի մասնակցությունն ապտակ է 2020 թվականի պատերազմի հիշողությանը՝ պատերազմ, որտեղ վճռական պահին հայ ժողովուրդը չի ունեցել դաշնակիցներ, և ՀԱՊԿ անվտանգության երաշխիքները չեն գործել, չնայած՝ հաշվի առնելով ռուսական հատուկ ծառայութունների կողմից արձանագրված ահաբեկչական խմբերի ներկայությունը ռազմաճակատում՝ դաշնակցային միջամտության հիմքերն ապահովված էին: Իսկական ծաղրուծանակ է այս այս իրողությունից հետո Հայաստանի մասնակցելը ՀԱՊԿ մի գործոցությանը, որի նպատակն է ոչ թե արտաքին վտանգից պաշտպանելը, այլ ներքին գործերին միջամտելը:
  7. Մարտական եղբայրությունը կոչ է անում Հայաստանի բոլոր հանրային խմբերին համատեղ ուժերով քննարկել և գործնական ծրագրեր մշակել Հայստանի ՀԱՊԿ-ին անդամակցելու հեռանկարների խնդրի շուրջ: Եղբայրությունը նաև կոչ է անում հայ հանրության բոլոր ուժերին գիտակցել, որ հայ ժողովուրդն ինքնիշխանության պայքարի փուլում է, և բոլոր ուժերը, ծրագրերը և ջանքերը պետք է կենտրոնացնել այդ գիտակցության շուրջ: Պայքարը հեռու է ավարտից, և Հայաստանը հնարավորություն ունի շահելու իր իրական անկախությունը:

Երևան, 2022 01 08

Social