Վերլուծական տեղեկանք #2: Եվրոպայի ռազմականացումը

Եվրոպան պատրաստվում է պատերազմի դարաշրջանին

Վերջին շրջանում եվրոպական առաջատար պետությունները սկսել են նկատելիորեն ավելացնել իրենց ռազմական ծախսերը, ակտիվացնել ռազմական ոլորտի համագործակցության ուղղությունները և իրականացնել խորքային ռազմավարական վերափոխումներ։

Վերջին շրջանում եվրոպական առաջատար պետությունները սկսել են նկատելիորեն ավելացնել իրենց ռազմական ծախսերը, ակտիվացնել ռազմական ոլորտի համագործակցության ուղղությունները և իրականացնել խորքային ռազմավարական վերափոխումներ։ Եվրոպական և ամերիկյան առաջատար լրատվամիջոցներում, ինչպես նաև վերլուծական կենտրոններում ակտիվորեն քննարկվում են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախման հնարավոր սցենարները։ Եվրոպան ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի՝ չսահմանափակվելով միայն դիվանագիտական և քաղաքական մեթոդներով։

Ի՞նչ է նշանակում այս ամենը, և ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը, դեռ գերակայում է 1990-կանների մտայնությունները, թե «պատերազմը բարբարոսների համար է», իսկ «քաղաքակիրթ աշխարհը բոլոր խնդիրները լուծում է միայն բանակցությունների ճանապարհով»։

Ամփոփ տվյալներ

Եվրոպական ռազմական բյուջեների աճը

2025 թվականին ՆԱՏՕ-ն սահմանեց նոր ռազմավարական ուղենիշ՝ անդամ պետությունների պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի մակարդակին։ Այս պահանջը, որը տարիներ առաջ նույնիսկ չափազանցական էր թվում, այժմ դառնում է ընդունելի ու իրատեսական։ Գերմանիան պաշտոնապես հայտարարել է, որ մեծացնելու է իր ռազմական բյուջեն տարեկան 0,2 տոկոսով, Նիդերլանդները նպատակ է դրել հատել 3.5 տոկոսի շեմը։ Մեծ Բրիտանիան, իր հերթին, հայտարարել է միլիարդավոր ֆունտ ստեռլինգների պաշտպանական ներդրումների մասին՝ ներառյալ նոր զինագործարանների կառուցումը, բանակի արդիականացումը և ծովային հզորությունների ընդլայնումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, թե Ռուսաստանը հինգ տարվա ընթացքում կարող է պատրաստ լինել հարձակման, դառնում է այդ քաղաքականության փաստացի հիմնավորումը։

ԵՄ ռազմարդյունաբերական համակարգի վերակազմավորում

Միաժամանակ, ԵՄ-ն ձեռնամուխ է եղել ռազմարդյունաբերական համակարգի խորքային վերափոխման։ Հավանություն է տրվել «SAFE» հիմնադրամի գործունեությանը՝ 150 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ, որը կոչված է աջակցել այն անդամ պետություններին, որոնք ցանկանում են համատեղ գնումների միջոցով ներդրումներ կատարել ռազմաարդյունաբերության մեջ և ֆինանսավորել անհետաձգելի և լայնածավալ ներդրումները եվրոպական պաշտպանական տեխնոլոգիական և արդյունաբերական բազայում։ Դրա նպատակն է մեծացնել եվրոպական ռազմական արտադրական հզորությունները, ապահովել պաշտպանական սարքավորումների հասանելիությունը բոլորի համար։

Բացի SAFE-ից նախատեսվում են նաև մեգավարկային ծրագրեր՝ ԵՄ բյուջեի երաշխավորմամբ, որոնց միջոցով միությունը դառնում է անմիջական մասնակցություն ունեցող սուբյեկտ՝ անդամ պետությունների պաշտպանական վերազինման գործընթացում։ Նման միջոցառումներով ԵՄ-ն փորձում է միաժամանակ թե՛ արագ արձագանքել սպառնալիքներին, թե՛ բարձրացնել ռազմավարական ինքնուրույնության մակարդակը։ ԵՄ անդամ երկրները նույնպես գնում են ինքնավարությունը բարձրացնելու ճանապարհով։

Բունդեսվերի արտաքին դերակատարության ընդլայնում

Գերմանիայի զինված ուժերը՝ Բունդեսվերը, դուրս է գալիս նախկինում սահմանված ներքին պաշտպանական շրջանակներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Գերմանիան պատրաստվում է մշտական մարտական բրիգադ տեղակայել արտերկրում՝ Լիտվայում։ Մինչև 5000 զինծառայող ունեցող այդ ստորաբաժանումը համալրված է լինելու ծանր զրահատեխնիկայով և ունենալու է մշտական տեղակայման ենթակառուցվածքներ։ Միևնույն ժամանակ, Բունդեսվերը նախաձեռնել է հակադրոնային միջոցառումների լայն փաթեթ, ներառյալ օդային վերահսկման համակարգերի արդիականացումը, հատուկ վարժանքների անցկացումը և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ պաշտպանական պլանների մշակումը։

Մեծ Բրիտանիայի ռազմավարական վերափոխումները

Մեծ Բրիտանիան գնում է լայնածավալ պաշտպանական վերանայման և սեփական գլոբալ դերակատարության վերարժևորման։ Նախատեսվում է միլիարդավոր ֆունտ ստեռլինգների ներդրումներ կատարել բանակի արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման և պաշտպանական արդյունաբերության ուժեղացման համար։ Կառավարությունը հայտարարել է վեց ռազմական գործարանների կառուցման ծրագրի մասին։

Ռազմածովային ուժերը հանդես են եկել տասներկու հարձակողական սուզանավեր ձեռք բերելու առաջարկով։ Ռազմավարական փաստաթղթերում շեշտը դրված է նաև կիբեռանվտանգության և տեղեկատվական սպառնալիքների դիմակայման վրա։

Ֆրանսիայի ռազմականացման առանձնահատկությունները

Ֆրանսիան ևս շարունակում է ռազմավարական ինքնավարության օրակարգը։ Որոշվել է կառուցել նոր ավիակիր, որը դիտարկվում է ոչ միայն որպես տեխնոլոգիական նախագիծ, այլ նաև՝ պետական-քաղաքական ինքնության խորհրդանիշ։ Բացի այդ, բանակը աստիճանաբար ներդնում է Black Hornet դասի նանոդրոններ՝ դրանց համար ստեղծելով մասնագիտացված ուսումնական ծրագրեր։

Քաղաքացիական ներգրավվածություն և պաշտպանության համաժողովրդականացում

2025թ․ եվրոպական մի շարք երկրներում վերսկսվել են պարտադիր զինվորական ծառայության շուրջ քննարկումները։ Գերմանիայում քաղաքական ուժերն արդեն բարձրաձայնում են դրա անհրաժեշտության մասին՝ առաջարկելով նաև կանանց ընդգրկման տարբերակ։ Զուգահեռաբար ակտիվանում է պահեստազորի դերը․ զորավարժությունների և պետական ծրագրերի միջոցով փորձ է արվում ձևավորել լայն սոցիալական պատրաստակամություն՝ պաշտպանական հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար։

Ուկրաինային տրամադրվող որակապես նոր ռազմական օգնությունը

Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմն ընդգծում է արևմտյան ռազմական աջակցության բնույթի փոփոխությունը։ Եթե նախնական փուլերում խոսքը գնում էր սահմանափակ, հիմնականում պաշտպանական բնույթի օգնության մասին, ապա այժմ արևմտյան պետությունները հանում են Կիևին տրամադրվող սպառազինության հեռահարության բոլոր սահմանափակումները։ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը փաստացի ճանաչել են Ուկրաինայի իրավունքը հարվածել ռուսական տարածքում գտնվող ռազմական թիրախներին։ Բացի այդ, Գերմանիան և Ուկրաինան ստորագրել են 5 միլիարդ եվրոյի համատեղ արտադրության համաձայնագիր, իսկ ֆրանսիական ընկերությունները պատրաստվում են անօդաչու սարքերի արտադրություն հիմնել Ուկրաինայի տարածքում։

Գնահատականներ և միտումների վերլուծություն

Ռազմականացման նոր տրամաբանությունը՝ պատասխան իրական սպառնալիքին

Եվրոպայի ռազմականացման ընթացիկ ալիքը բնորոշվում է որպես համակարգային ու թիրախային պատասխան։ Եթե մինչև 2022թ․ մի շարք պետություններ դեռ խոսում էին դիվանագիտական լուծումների գերակայության մասին, ապա Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ի ցույց դրեց խաղաղության հռետորաբանության սպառվածությունը։ Պատերազմի հնարավորությունը այլևս զուտ հիպոթետիկ երևույթ չէ, այլ քաղաքական հաշվարկներում տեղ զբաղեցնող իրականություն։ Եվ եթե նախկինում ռազմական ծախսերի ավելացումը դիտվում էր որպես քաղաքական սխալ, ապա այժմ այն ընկալվում է որպես պատասխանատվություն՝ հանրության հանդեպ։ Այսպիսով, «հին Եվրոպայի» խաղաղասեր առասպելը վերաիմաստավորվում է՝ նոր պայմաններում։

Ներեվրոպական տարբերություններ, բայց ընդհանուր ուղղություն

Չնայած մոտեցումների տարբերությանը՝ եվրոպական երկրները ընդհանուր գիծ են պահպանում։ Մեծ Բրիտանիան առաջ է մղում իր ուժեղացված գլոբալ դերակատարությունը, Ֆրանսիան կենտրոնացած է ռազմավարական ինքնավարության ամրապնդման վրա, Գերմանիան՝ մինչև վերջերս համեմատաբար պասիվ, այժմ գնում է ինստիտուցիոնալ վերակազմավորման և երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած բարդույթների հաղթահարման ճանապարհով։ Սակայն բոլորի դեպքում հիմնարար շեշտադրումը նույն առանցքի վրա է՝ անվտանգության հարցերում կախվածությունը հասցնել նվազագույնի։ Ռազմական արդյունաբերության տեղայնացումը, նոր զինտեխնիկայի ներդրումը, «նոր սերնդի» զորքերի ձևավորումը վկայում են մեկ նպատակադրման մասին․ հենվել սեփական ուժերի վրա և պահպանել ռազմավարական ինքնիշխանությունը՝ նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակում։ Ընդ որում՝ սա ոչ թե դաշինքից հրաժարվելու ազդակ է, այլ դրանց ներսում վերադասավորման փորձ։

Պաշտպանության՝ որպես համաժողովրդական պարտականության վերաիմաստավորում

Սոցիալական հենքով եվրոպական պետություններում այժմ գրանցվում է մի գործընթաց, որը միայն թվացյալ է զուտ տեխնիկական՝ պարտադիր զինծառայության վերականգնման քննարկումները իրականում վկայում են պաշտպանական գիտակցության խորքային տեղաշարժի մասին։ Քաղաքացիներն այլևս դիտարկվում են ոչ թե որպես պասիվ դիտորդ, այլ որպես պաշտպանական համակարգի լիարժեք մաս, որը պետք է պատրաստ լինի վտանգի պահին մասնակցել երկրի պաշտպանությանը։ Պահեստազորայինների վերաինտեգրումը, ուսումնական բազաների ընդլայնումը և զորակոչի հնարավոր համընդհանրացումը ցույց են տալիս, որ եվրոպական անվտանգությունը այլևս միայն զինվորականների հարց չէ։

Ուկրաինան՝ Եվրոպայի «ժամանակային խրամատ»

Ուկրաինային տրամադրվող նոր տեսակի օգնությունը, այդ թվում հեռահար սպառազինությունը, Ուկրաինային փաստացի դարձնում է Եվրոպայի և Ռուսաստանի միջև «ժամանակային խրամատ»։ Քանի դեռ Կիևը դիմադրում է, եվրոպական պետությունները ժամանակ են շահում՝ զինվելու, վերակազմակերպվելու և իրենց անվտանգության համակարգերը վերադասավորելու համար։ Ուկրաինայի դիմադրությունը սեփական տարածքում նվազեցնում է ՆԱՏՕ-ի բեռը արևելյան սահմանների վրա։ Իսկ այն փաստը, որ հեռահարության սահմանափակումները հանվում են, ցույց է տալիս եվրոպական ռազմավարության փոփոխությունը․ զսպման դասական մոդելից անցում է կատարվում դեպի կանխարգելիչ ուժի կիրառման տրամաբանություն։

Վերլուծական եզրահանգումներ

Եվրոպական ռազմականացման գործընթացն իր ամբողջ ծավալով մատնանշում է մի հստակ իրողություն․ խաղաղությունը չի գոյանում միայն ցանկությամբ կամ խոստումներով։ Այն կայուն է միայն այն դեպքում, երբ հենվում է պատրաստակամության, կազմակերպվածության և ուժի վրա։ Տարիներ շարունակ «հին Եվրոպան» ընկալվում էր որպես խաղաղության հանգրվան, որը, իբր, առաջընթացի շնորհիվ հրաժարվել է պատերազմից։ Սակայն հենց այդ նույն Եվրոպան է այսօր վերափոխում իր զինված ուժերը, վերադառնում պարտադիր ծառայությանը, մոբիլիզացնում արդյունաբերական կարողությունները։ Ոչ թե որովհետև ծրագրում է պատերազմ սկսել, այլ որովհետև նպատակ ունի պատրաստ լինել հնարավոր ամենավատ զարգացումներին։

Հայաստանի հանրային միջավայրը ներկայումս ձևավորում է մի պատկեր, որը կտրուկ հակադրվում է եվրոպական ռազմավարական մտածողությանը։ Տարածված այն գաղափարները, թե «հայերը քիչ են, ուստի չպետք է պատերազմեն», թե «պայքարը անիմաստ է, կարևորը խաղաղությունն է»՝ չեն հանգեցնում խաղաղության ամրապնդմանը։ Դրանք ոչ թե խաղաղասիրության նշան են, այլ խոցելիության հստակ ազդանշան։ Այդ պայմաններում ձևավորվում է հանրային տրամադրություն, որը սպասում է, որ իր փոխարեն կռվելու են ուրիշները, կամ որ զիջումների միջոցով հնարավոր կլինի ապահովել անվտանգություն։ Այդպիսի տրամադրվածությամբ խաղաղությունն ավելի շատ հույս է, այն էլ սին։

Այսօր Եվրոպայում սկսել են վերանայել պաշտպանական ենթակառուցվածքները, ընդլայնել պահեստազորը, տեղայնացնել ռազմարդյունաբերությունը։ Այնտեղ, որտեղ նախկինում բանակը երկրորդական թեմա էր, այժմ այն դարձել է ազգային կյանքի առանցքներից մեկը։ Այդ ամենը ցույց է տալիս, որ անվտանգությունը սկսվում է ներսից՝ քաղաքական կամքից, հանրային ինքնագիտակցությունից և գործնական պատրաստությունից։ Դա չի նշանակում երկխոսության բացառում, սակայն համախմբված, պատրաստված և զինված լինելը դիտարկվում է որպես պայման այդ երկխոսությունն արժանի դիրքից սկսելու համար։

Հայաստանի համար եվրոպական այս գործընթացները պարտադիր ընդօրինակման մոդել չեն, այլ ուղղակի հիշեցում։ Որպես երկիր, որն արդեն բախվել է անմիջական վտանգին ու դրա ցավոտ հետևանքներին, Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ անպատրաստ լինելու «շքեղությունը»։

Երբ միջազգային հարաբերություններում կրկին առաջնային են դառնում ուժի և զսպման գործիքները, Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ շարունակել առաջնորդվել այն տրամադրվածությամբ, թե չկան բավարար ռեսուրսներ և հնարավորություններ, կամ ձևավորել կայուն և պաշտպանունակ ռազմաքաղաքական համակարգ՝ հաշվի առնելով առկա սպառնալիքները։

Խոսքը ոչ թե ուժի ցուցադրության, այլ դրա գոյության մասին է։ Երբ պետությունն ունի զսպման բավարար ներուժ, դրա կիրառման անհրաժեշտությունը հաճախ պարզապես չի առաջանում։

Social