ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ համառոտագիր
Ամբողջական ծրագիրը կհրապարակվի մոտ ապագայում

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԻՄՔ (քաղվածքներ)
- Ազգային հեղափոխություն կուսակցությունը` ազգայնական (ազգային-հեղափոխական) և անկախական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական կազմակերպություն է։
1.1. Մեզ համար ազգայնականությունը նշանակում է նախ` հետևողական և անզիջում նվիրում ու աննահանջ պայքար ի պաշտպանություն Հայաստանի անկախության և ինքնիշխանության։
1.2. Ազգային-հեղափոխությունը`
· հանրային համակարգերի շարունակական, ոլորտ առ ոլորտ և արմատական բարեփոխումն է,
· ազգային կյանքի շարունակական զարգացման, առաջընթացի և նորոգման գաղափարն է,
· ժառանգական կապն է մեր պատմության նոր շրջանում հայ ժողովրդի ազատագրման իդեալները ձևակերպած և հանուն այդ իդեալների պայքարած ազգային-հեղափոխական գործիչների հետ` Միքայել Նալբանդյանից, Գարեգին Նժդեհից, Հայկ Ասատրյանից մինչև արդի ժամանակները:
-
Ազգային հեղափոխություն կուսակցությունը ստեղծված է Մարտական Եղբայրություն միաբանության անդամների նախաձեռնությամբ` որպես Մարտական Եղբայրության մեջ մշակված գաղափարների և քաղաքական ծրագրերի իրականացման գործիք և Մարտական Եղբայրության բոլոր գաղափարակիցների քաղաքական համախմբման հարթակ:
-
Ազգային հեղափոխություն կուսակցությունը մերժում է անձնակենտրոն քաղաքական կազմակերպության մոդելը, որի փոխարեն ընդունում և զարգացնում է մեծ նպատակների հանուն տևական պայքարի համար միակ արդյունավետ` թիմային որոշումների և թիմային պատասխանատվության մոդելը:
-
Ազգային հեղափոխություն կուսակցության գաղափարախոսությունը հիմնավորվում է արևմտյան և նրա մասը կազմող հայկական փիլիսոփայական ավանդույթից՝ Դավիթ Անհաղթից, Անանիա Շիրակացուց, Մխիթար Գոշից, Հայկ Ասատրյանից, Յոհան Գոթլիբ Ֆիխտեից, Դեյվիդ Հյումից, Էդմունդ Բուրքից, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելից, Ֆրիդրիխ Նիցշեից, Մարտին Հայդեգերից փոխառած և վերաիմաստավորած մի քանի առանցքային դրույթներով։
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Ա. Բարեփոխման հիմքերը
-
2020թ. պատերազմի արդյունքից բխում է ռազմաքաղաքական ոլորտի ոչ թե սովորական, այլ արմատական բարեփոխման անհրաժեշտությունը։ Այն պետք է հիմնվի 2020թ. պատերազմի քաղաքական էության և ռազմական ընթացքի ճշգրիտ ու սթափ, այլ ոչ թե վախվորած ու միֆականացված վերլուծության վրա։
-
Քաղաքական իմաստով պարտության պատճառը պատերազմի քաղաքական էությունը չհասկանալն էր։ Պատերազմը ոչ թե Արցախյան, այլ Հայաստանյան էր՝ հանուն անկախության։ Հետևաբար՝ Արցախի կորստով կամ Արցախից հրաժարմամբ հարցը չի լուծվել և չի կարող լուծվել։
Ռազմաքաղաքական իմաստով ճակատագրական սխալ էր 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին դիմադրությունը դադարեցնելն ու պարտությունն ընդունելը։
- Ռազմական իմաստով պարտության պատճառներն էին՝ հետխորհրդային Հայաստանում բանակի կառուցման խորհրդային մոդելի կույր պատճենումը, որն իր հերթին մասն էր անվտանգության կեղծ երաշխիքների դիմացանկախությունը զիջելու շարունակական քաղաքականության՝ սկսած դեռ 1990-ականներից։
Բ. Բարեփոխման սկզբունքը, նպատակը և արտաքին պայմանները
-
Արմատական բարեփոխման հեշտ թվացող ճանապարհներից է մի փոխառյալ մոդելի փոխարինումը մեկ այլ փոխառյալ մոդելով, սակայն իրական ճանապարհը նոր Պաշտպանության համակարգի կառուցումն է՝ ելնելով սեփական փորձից, պայմաններից և միջավայրից։
-
Պաշտպանության ոլորտի բարեփոխումը երբեք պետք չէ շփոթել «զինվելու», պաշտպանական կառույցներ կառուցելու, բյուջեն ավելացնելու և այլնի հետ. դրանք բոլորը կարևոր գործիքներ են, որոնց ինչպիսին լինելը, սակայն, պետք է բխի Պաշտպանության համակարգի մոդելից և հայեցակարգից։
-
Արմատական բարեփոխման նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես պաշտպանության համակարգ, այլ հաղթող համակարգ կառուցելը՝ հանուն Հայկական ապագա Հաղթանակի և Վերածննդի։
-
Արմատական բարեփոխումը պետք է պարտադիր հաշվի առնի նաև միջազգային համատեքստը՝
· աշխարհակարգի շարունակվող ճգնաժամը,
· միջազգային հարաբերությունների՝ փաստացի պատերազմի և անկայունության դարաշրջան մտնելը, որից հնարավոր չէ փախչել՝ թաքնվելով ցանկալիի մտածողությունից բխող և հայկական քաղաքական ուժերի մեծ մասի կողմից առաջարկվող դատարկ կարգախոսների՝ «խաղաղության դարաշրջան», «արժանապատիվ խաղաղություն», «իրական խաղաղություն», «իրապաշտական խաղաղություն», հետևում։
Մինչ աշխարհում և տարածաշրջանում՝ բոլոր մակարդակներում, ծավալվում է ուժային պայքար, մեր ժողովրդին խաբեությամբ պահում են պարտվածի, խեղճի, աղետավորի կարգավիճակում։
Գ. Բարեփոխման աշխարհայացքային, պատմական և կրթական հիմքերը
- Արմատական բարեփոխումը պետք է սկսվի աշխարհընկալման արմատական փոփոխությունից։
Հատկապես պետք է ընդունվի ոչ թե լեգիտիմիստական, այլ ուժային աշխարհի ճշմարտությունը՝ բխած միջազգային հարաբերությունների ռեալիստական տեսությունից։
Բարի, անվտանգ և կայուն աշխարհի ուտոպիայի փոխարեն պետք է ընդունվի մշտավտանգ, հարափոփոխ, ուժային հարաբերությունների վրա հիմնված աշխարհի իրողությունը։
- Բարեփոխումն անպայման պետք է հաշվի առնի հայ ժողովրդի պայքարի բնույթը՝ հանուն անկախության և ազատության, քանի որ ազատագրական պայքարներն ունեն իրենց կանոնները, ինչը ենթադրում է կռիվ ավելի ուժեղի դեմ և սովորականից բարձր դիմադրողականություն։
Այն նաև պետք է հաշվի առնի հայ ժողովրդի վերջին մեկուկես դարերի պատմական փորձը, որը վկայում է, որ ռազմական հաջողությունները ձեռք են բերվել այն ժամանակ, երբ համադրվել են ժողովրդական՝ ազատագրական, և պրոֆեսիոնալ՝ կանոնավոր ուժի սկզբունքները։ Իսկ երբ փորձ է արվել հիմնվել զուտ պրոֆեսիոնալ՝ կանոնավոր ուժի սկզբունքի վրա, անխուսափելիորեն պարտվել ենք։
Ելնելով այդ սկզբունքից, ինչպես նաև վերջին շրջանի առավել ծավալուն ռազմական գործողությունների, օրինակ, ուկրաինական պատերազմի փորձից՝ պետք է ձգտենք բազմամակարդակ ԶՈՒ-ի կառուցմանը, որում իրենց դերը պետք է ունենան առավել պրոֆեսիոնալ ստորաբաժանումները, աշխարհազորը և գաղափարական-կամավորական խմբերը։
- Նոր Զինուժի կարևորագույն հենքը պետք է լինի բարձրորակ ռազմական կրթությունը, որը պետք է ներառի ոչ միայն նեղ մասնագիտականը, այլև ընդհանուր աշխարհայացքայինը՝ քաղաքական, գաղափարական, պատմական, բարոյական, տեխնիկական:
Նոր ռազմակրթական համակարգը պետք է ձգտի ոչ միայն կրթություն տալ, այլև Հայաստանում պարտադիր կերպով զարգացնել ռազմական տեսությունը։
ԶՈՒ Գլխավոր շտաբը պետք է դառնա ինտելեկտուալ կենտրոն ոչ միայն ռազմական առումով, այլև՝ երկրի մասշտաբով։
Ավելին՝ ռազմական տեսության և ռազմական պատմության տարրական գիտելիքը պետք է մտնի քաղաքացու նվազագույն կրթության մեջ, բայց հատկապես՝ քաղաքական վերնախավի։
Դ. Բարեփոխված բանակի ռազմավարությունը՝ ակտիվ պաշտպանություն
-
Հայաստանի ԶՈՒ-ն պետք է կարողանա արդյունավետ պաշտպանել փոքր, նեղ` օպերատիվ խորություն չունեցող, զգալի մասով անմարդաբնակ, բարդ ու բազմազան ռելյեֆով, սահմանների անբարենպաստ կոնֆիգուրացիայով տարածքը։
-
Սրանից բխում է, որ Հայաստանի ԶՈՒ-ի առջև դրված խնդիրներն անհնար է լուծել պասիվ պաշտպանությամբ, ընդհանրապես՝ զուտ պաշտպանությամբ:
Հայաստանի քարտեզի յուրահատկությունը պարտադրում է ակտի՛վ պաշտպանության մարտավարություն։
Ակտիվ պաշտպանության գլխավոր սկզբունքն է անընդհատ նախաձեռնողականությունը:
- Ակտիվ պաշտպանության կարևոր տարրերն են․
· Ըստ հնարավորության՝ ռազմական գործողությունների տեղափոխում թշնամու տարածք, ինչպես նաև՝ գործողություններ թշնամու խորը թիկունքի դեմ:
· Արագություն՝ իրավիճակն օպերատիվ վերլուծելու, արագ որոշումներ ընդունելու կարողություն քաղաքական և ռազմական մակարդակներում, շարժունակ խմբերի առկայություն բանակի կառուցվածքում և առաջնորդման համարձակ հոգեբանություն։
· Անսպասելիություն, ոչ կոնվենցիոնալ մեթոդներ՝ կետային հարվածներ, քաոսի ստեղծում թշնամու թիկունքում։
· Ճկունություն, որի հիմքում նաև Հայաստանի և միջավայրի աշխարհագրության հիմնատիպերի տարբերությունն է։
· Ինքնուրույնություն՝ ստորինից մինչև վերին մակարդակ։
· Դիմադրողականություն. հայկական ԶՈՒ-ն, ելնելով երկրի պաշտպանության խնդիրների յուրահատկությունից, պետք է կառուցվի բոլոր միջոցներով և մինչև վերջ դիմադրելու սկզբունքի շուրջ:
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (հիմքեր և սկզբունքներ)
-
Հայաստանի արտաքին քաղաքականությունը տասնամյակներ շարունակ կառուցվել և կառուցված է արտաքին հովանավորության ու միջնորդների վրա հենվելու տրամաբանությամբ, որով փորձ է արվել դիվանագիտությունը դարձնել ուժի փոխարինիչ, ոչ թե ուժի բազմապատկիչ։
-
«Ազգային հեղափոխություն» կուսակցության առաջարկները բխում են այդ մոտեցման այլընտրանքային փիլիսոփայությունից։ Դրա սկզբունքներն են.
· Միջազգային հարաբերությունների ռեալիստական փիլիսոփայություն. միջազգային հարաբերությունները հիմնված են ուժային գործոնի և ուժային կշռույթի վրա։
· Սրանից բխում է, որ այսօր հայ ժողովրդի առաջնային նպատակն է նորից վերածվել ուժային գործոնի՝ վերականգնել ուժին ուժով պատասխանելու կարողությունը, առանց որի հնարավոր չէ խոսել միջազգային հարաբերություններում ինքնիշխան սուբյեկտ լինելու մասին։
· Անվտանգության երաշխիքի հենքը սեփական ներուժն է, ոչ թե լեգիտիմությունը։
· Արտաքին կողմնորոշումների բացառում. արտաքին հարաբերությունները որևէ երկրի հետ որոշվում են ընդհանուր շահերի առկայությամբ, ոչ թե գաղափարախոսությամբ, համակրանք-հակակրանքով և այլ գործոններով։
· Չկան հավետ դաշնակիցներ և հավետ թշնամիներ. դաշնակիցները որոշվում են ըստ տվյալ իրավիճակի նպատակահարմարության և կախված են տվյալ պահի մեր ուժից ու պայքարունակությունից։
- Նշյալ սկզբունքներից զատ, արտաքին քաղաքականությունը պայմանավորվում է նաև մի քանի կարևոր հիմնարար գործոններով, որոնցից են աշխարհագրությունը, պատմությունն ու ազգային ինքնությունը, միջազգային հարաբերությունների դինամիկան և այլն։
Ներկայիս Հայաստանի պարագայում այդ հիմնարար գործոններից են հատկապես.
· Խորհրդային Հայաստանի սահմանները։ Ներկայիս Հայաստանի սահմանները գծված են 1921 թ.-ի ռուս-թուրքական պայմանագրով` համաձայն այդ պայմանագրի կողմերի շահերի և նպատակների, այնպես, որ այստեղ հնարավորինս դժվար լինի անկախ, անվտանգ և կենսունակ պետություն ձևավորելը, ինչպես նաև՝ որպեսզի հայ ժողովուրդը մշտական կախվածության մեջ լինի ռուս-թուրքական դաշինքի անդամ պետություններից` Ռուսաստանից, Թուրքիայից, նաև՝ Ադրբեջանից:
· Ադրբեջանի խնդիրը. խորհրդային Հայաստանի տարածքն իր չափով և կոնֆիգուրացիայով հատկապես անհամակշռության մեջ է իր արևելյան հարևան Ադրբեջանի հետ: Սահմանները գծված են այնպես, որ Ադրբեջանը գերակա ուժային դիրք ունի Հայաստանի նկատմամբ: Եթե նույնիսկ չլինեին այլ հանգամանքներ, միայն ուժային-տարածքային այս անհամակշռությունը բավական է Ադրբեջանի հետ հարաբերություններում լարում մտցնելու համար:
· Հայ ժողովրդի նկատմամբ գերիշխանության հավակնությունները։ Հայ ազգի նկատմամբ նախկինում գերիշխող ուժերի մեջ ցայսօր մնացել է հայ ժողովրդին որպես ենթակա կամ հովանավորյալ ընկալելու «հոգեբանական» գործոնը, ինչն արտահայտված է Ռուսաստանի, Թուրքիայի, նաև` Ադրբեջանի քաղաքականության մեջ:
· Օտարամոլ վերնախավերը։ Հայկական օտարակենտրոն վերնախավերի ավանդական «դիվանագիտությունը» դարերով ապավինում է մեծ տերություններին՝ որպես «Հայկական հարցի» (վերջին շրջանում՝ նաև Արցախի հարցի) «լուծման» բանալի: Հենց այս օտարակենտրոն «դիվանագիտական» մարտավարությունն է հանգեցրել հայ ժողովրդի մեծագույն կորուստներին և ողբերգություններին, այդ թվում` Մեծ Եղեռնին, իսկ մեր օրերում՝ ռազմական պարտությանը:
· Հանուն անկախության պայքարի կիսատությունը։ Հայ ժողովրդի պայքարը հանուն անկախության, երբեք չունենալով միասնական ծրագիր և իրապես համազգային համախմբում ու նպատակների հստակություն, հասավ կիսատ արդյունքի` Հայաստանի մի փոքր հատվածում հայկական անկախության վերականգնմանը: Փաստացի անկախ Հայաստանը դեռ կայացման փուլում է և դեռ ստիպված է դիմակայել իր նկատմամբ գերիշխանություն հաստատել ցանկացող ուժերին՝ լուծել տարրական անվտանգության հարցը:
· Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականությունը, որը հենց սկզբից կառուցված է եղել անվտանգության կեղծ երաշխիքների դիմաց անկախությունը մաս-մաս զիջելու սկզբունքի վրա, որը տարիների ընթացքում միայն խորացել է և դարձել 2020թ. պատերազմի ելքի պատճառներից մեկը։
Ոչինչ էականորեն չի փոխվել նաև հիմա, բացի, միգուցե, անվտանգության արտաքին ենթադրյալ երաշխավորների անուններից։ Այսօր էլ գործում է «անկախության զիջում՝ անվտանգության կարծեցյալ երաշխիքների դիմաց» քաղաքականությունը, որի մարմնավորումներից է 2025թ. օգոստոսի 8-ի Հռչակագիրը։
- Արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի միջազգային հարաբերությունների օրենքներին և առկա իրավիճակին։
Միջազգային հարաբերությունները հիմնված են պետությունների միջև ուժային հավասարակշռության վրա: Ամեն տվյալ ժամանակաշրջանի ուժային հարաբերությունների հիմամբ ձևավորվում են միմյանց փոփոխող աշխարհակարգերը, որոնք միջազգային հարաբերությունների երկրորդ կարևոր գործոնն են:
-
Ուժը բարդ և բազմաշերտ երևույթ է՝ բաղկացած հոգևոր, քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ տարրերից: Համեմատաբար ավելի փոքր պետությունների համար հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպման և ժողովրդական համախմբման ռեսուրսը, որը թույլ է տալիս հաջողությամբ դիմակայել ավելի խոշոր ուժերին: Համեմատաբար փոքր պետությունն ինքնին թույլ չէ և կարող է մեծ ուժ լինել, եթե ճիշտ կազմակերպի ու համախմբի իր կարողությունները:
-
Հատկապես աշխարհակարգերի ճգնաժամերի պահերին է բացահայտվում միջազգային քաղաքականության ուժային բնույթը և միջազգային իրավունքի փխրուն, մակերեսային էությունը:
Աշխարհակարգային ճգնաժամերի և անկումային փուլերում է վճռվում պետությունների և ազգերի ճակատագիրը հետագա տասնամյակների համար: Քաղաքականապես առավել կազմակերպված ազգերը շահում են ճգնաժամերից, իսկ մյուսները՝ տուժում:
-
Աշխարհակարգային ճգնաժամերը համեմատաբար փոքր պետությունների համար ոչ թե անցանկալի են, այլ ընդհակառակը՝ ցանկալի, քանի որ այդ ժամանակ է հնարավոր դառնում արագ շրջել և ամրապնդել ուժային հարաբերության փոփոխությունը և նոր կարգավիճակ ձեռք բերել միջազգային հարաբերություններում: Միայն քաղաքականապես տհաս ազգերն են վախենում ճգնաժամերից, իսկ հասունները նախապես և հետևողականորեն պատրաստվում են դրանց:
-
Արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակը միշտ պետք է լինի, օգտագործելով համեմատաբար կայուն ժամանակները, պատրաստվել տվյալ աշխարհակարգի ճգնաժամային փուլին՝ նախ՝ պաշտպանվելու, իսկ հնարավորության դեպքում՝ ծավալվելու նպատակով: Երկու դեպքում էլ՝ պատրաստվելով ուժային անմիջական մրցակցության:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գաղափարական հիմք
Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի ազատական տնտեսության փիլիսոփայության վրա՝ հստակ տարանջատվելով սոցիալ-շուկայական տնտեսական գաղափարախոսություններից և մոդելներից։
Նման համոզման հիմք են հետևյալ փիլիսոփայական մոտեցումները․
-
Ռեսուրսները ոչ թե տրված են բնության կողմից, այլ հայտնաբերվում են մարդու կողմից։ Հետևաբար՝ ռեսուրս միշտ կա, անհրաժեշտ է միայն դրանք հայտնաբերել։
-
Ռեսուրսները հայտնաբերվում են փորձի միջոցով՝ «գործողություն-արձագանք-նորից գործողություն» շղթայով։
-
Գիտելիքը մասնատված է և ապակենտրոնացված ու գտնվում է յուրաքանչյուր մարդու մոտ։
-
Գինը տեղեկատվական ազդակ է, որը կոորդինացնում է ապակենտրոնացված գիտելիքը։
-
Բանականության հետ միասին, որոշումների ընդունման համար անհրաժեշտ է օգտվել փորձից՝ սերունդների ժառանգականությամբ կուտակված և փոխանցված գիտելիքից։
-
Միայն ազատ շուկան է ի վիճակի մշակել, վերլուծել և տնտեսության մեջ օգտագործել ապակենտրոնացված ու փոփոխվող գիտելիքը։
Հետևաբար ռեսուրսների հայտնաբերման և տնտեսության մեջ կիրառման համար, անհրաժեշտ է հնարավորինս ազատ տնտեսական համակարգ, որովհետև ազատության մեջ է մարդու վարքագիծը ձեռք բերում անսահման ստեղծագործականություն, այսինքն՝ անսահման փորձի հնարավորություն, կատարելագործման հնարավորություն իսկ միլիոնավոր մարդկանց մասնատված գիտելիքը, նաև ազատ ձևավորված գնի ազդակների միջոցով՝ համատեղման ու վերլուծման հնարավորություն։
Տնտեսության մեջ կատարվելիք քայլեր
- Տնտեսության ապակարգավորում։
· Հնարավորինս շատ ոլորտներ պետք է թողնել ազատ շուկայի կարգավորմանը՝ կրճատել լիցենզիաները, պարտադիր պահանջները, վերահսկողությունը։
· Սա թույլ կտա պակաս ծախսատար դարձնել բիզնես սկսելն ու զարգացնելը, էժանացնել ապրանքներն ու ծառայությունները, նվազեցնել կոռուպցիան, զսպել մենաշնորհները։
· Թե՛ փոքր ձեռնարկությունները, և թե՛ մեծ ընկերությունները կստանան գործունեության առավել ազատ պայմաններ։
· Ցանկացած անհատ կկարողանա իր տնտեսական գործունեությունից եկամուտ ստանալ, առանց անհարկի ծախսերի և դժվարությունների։
- Հարկերի և մաքսատուրքերի նվազեցում։
· Հայաստանը պետք է հնարավորինս բարենպաստ լինի տնտեսվարման համար, ինչին հասնելու համար պետք է ավելի արդյունավետ դարձնել նաև հարկային համակարգը։
· Կնվազեցվեն հարկերի չափերը և տարատեսակները։ Կպարզեցվի հարկերի հաշվարկման կարգը։
· Զգալիորեն կնվազեցվեն նաև մաքսատուրքերը։
- Պետական ապարատի և գործառույթների կրճատում։
· Պետք է կրճատել պետության գործառույթները՝ հսկող, կարգավորող մարմինները, ազատ տնտեսության համար ավելորդ գերատեսչությունները և ստորաբաժանումները։
· Պետությունը պետք է պաշտպանի ազատ կարգը։
- Արտաքին ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծում։
· Արտաքին ներդրողների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ նրանց հնարավորություն կտրվի փաստաթղթաշրջանառությունը վարելու անգլերեն, ներդրումային տեղեկատվությունը հասանելի կլինի աշխարհի ցանկացած կետում, կզարգացվեն դատական համակարգի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները։
- Ազատականացմանը զուգահեռ՝ մի շարք ռազմավարական ոլորտներում պետությունը պետք է ակտիվորեն միջամտի, օրինակ՝ ռազմարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ռազմավարական ոլորտներում, որոնք պետությանն անհրաժեշտ են, սակայն շուկային կարող են չհետաքրքրել։
Պետությունը պետք է մեծացնի ներդրումները հետազոտությունների և զարգացման (R&D) մեջ։ Սա նշանակում է ոչ միայն պետական բյուջեից ֆինանսավորման մեծացում, այլև խրախուսում և խթանների ստեղծում, որպեսզի մասնավոր հատվածը ևս մեծացնի ներդրումներն այդ ոլորտում։
Պետությունը պետք է ավելի արդյունավետ դարձնի բնական գիտությունների ասպարեզում բարձրագույն կրթությունը, որպեսզի մշտապես հիմք լինի հետագա հնարավոր տեխնոլոգիական ներդրումների համար։
Անհրաժեշտ է նաև պետական քաղաքականություն՝ արագացնելու բարձր տեխնոլոգիաների զարգացումը. արտաքին ներդրողների ներգրավում, ներդրումներ բնագիտական և տեխնիկական կրթության մեջ, աջակցություն նոր տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին ֆինանսավորման ներգրավում և բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաների որոնում։
- Էներգետիկ համակարգի, ինչպես նաև հանքարդյունաբերության մեջ հայկական մասնավոր կապիտալի մասնաբաժնի ավելացում։
Անհրաժեշտ է գիտակցել, որ արդյունավետ կառավարման պարագայում հանքարդյունաբերությունը կայուն կապիտալի աղբյուր կարող է դառնալ ամբողջ տնտեսության զարգացման համար։
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Էներգետիկան տնտեսության հիմնարար ճյուղերից մեկն է։ Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայից և անխափան աշխատանքից է կախված տնտեսության մյուս ճյուղերի զարգացման հնարավորությունը։ Էներգետիկ անվտանգությունը պետական քաղաքականության անբաժան մասն է։
Էներգետիկայի ոլորտում առկա բոլոր տեսակի խնդիրների հիմքում ընկած է զարգացման պետական ռազմավարության բացակայությունը։ Անհրաժեշտ է ներդնել էներգետիկ համակարգի զարգացման առաջիկա 10-30 տարվա ռազմավարություն, որը կապահովի ՀՀ էներգետիկ անվտանգությունը։ Այդ ռազմավարությունը հիմնված է հետևյալ նպատակների վրա՝
-
Միջուկային էներգետիկայի պահպանում և արդիականացում (նոր ավանդական միջուկային էներգաբլոկի կառուցում),
-
Մոդուլային միջուկային էներգետիկայի ներդրում, ինչը զարկ կտա ոլորտի գիտական մտքի զարգացմանը,
-
Ակումուլյացիոն կայանների պահանջների ներդրում և խթանում,
-
Էլեկտրաէներգետիկ համակարգի շուկայի ազատականացման պրոցեսի դադարեցում և վերադարձ պետական սակագնային կարգավորման քաղաքականությանը,
-
Բնական մոնոպոլիաների արդյունավետ կառավարման պայմանների ներդրում (էլեկտրաէներգետիկ և գազաբաշխման համակարգերի սեփականատերերը պետք է համակարգերը շահագործման հանձնեն երրորդ կողմերի),
-
Էներգաարդյունավետության և էներգախնայողության շահագրգռում,
-
Վերականգնվող էներգետիկայի անվտանգ և կայուն ինտեգրում (համակարգի հավասարակշռման և ճկունության բարձրացմամբ),
-
Պետական պատվերի ձևավորում՝ ուղղված գիտա-կրթական համակարգին, մասնավոր ընկերությունների և պետության համատեղ ներդրումներ գիտական լաբորատորիաներում, որոնք կզբաղվեն ժամանակակից էներգետիկայի հիմնախնդիրների ուսումնասիրմամբ՝ ջրածնի այրում, կուտակիչներ, միջուկային տեխնոլոգիաներ և այլն,
-
Տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության և տրանզիտային դերակատարության զարգացում (ԻԻՀ–ՀՀ–Վրաստան ուղղությամբ),
-
Էներգահամակարգի հուսալիության բարձր ռեզերվայնություն՝ առնվազն +20% արտադրող հզորություններով,
-
Էլեկտրաէներգիայի արտահանումը հասցնել ներքին սպառման 30%-ի։
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանի իրավական համակարգը խորհրդային հիմքերի վրա կառուցված և արևմտյան համակարգերից կուրորեն փոխառված ու վատ գործադրվող նորմերի համակցություն է, որը չի կապվում անկախ պետական քաղաքականության հետ։ Նորմատիվ դաշտում առկա են ներքին հակասություններ ու լեզվական անորակություն, գերակշռում են իմպերատիվ կարգավորումները՝ առանց գործադրման արդար և անաչառ, կայուն քաղաքականության, իսկ տնտեսական ազատությունը ճնշվում ու սահմանափակվում է փոխառված և Հայաստանի շահերին հակասող օրենսդրությամբ, ինչպես նաև դրա հատվածական ու անհետևողական գործադրմամբ։ Դատական համակարգն ախտահարված է հիմնարար խնդիրներով՝ ոչ պրոֆեսիոնալիզմ, ձևի ու ընթացակարգի գերակայություն բովանդակության նկատմամբ, բարեխղճության ճգնաժամ, կոռուպցիոն իներցիա, արդարադատության ուշացում ու իմաստազրկում, վճիռների անարդյունավետ կատարում։ Մասնավոր (քաղաքացիական) իրավունքը բավարար մեխանիզմներ չի տալիս բարոյական հիմնարար նորմերի պաշտպանության համար (ազնվություն, թափանցիկություն, բարեխղճություն, խոստումը պահելու մշակույթ)։ Քաղաքացիական իրավունքին բնորոշ են օտարերկրյա համակարգերից ընդօրինակված և վատ թարգմանված նորմերը, պայմանագրային ազատության ճնշումը, իսկ քրեական իրավունքի նորմերին (հանցակազմերին)՝ չափազանց ընդհանրացվածությունն ու վերացարկվածությունը, հանցակազմերի ու պատժաչափերի անհամապատասխանությունը ժամանակակից մարտահրավերներին և ՀՀ հանրային շահին։
«Ազգային հեղափոխությունը» միտված է կառուցելու Հայաստանի ազգային առանձնահատկությունները հաշվի առնող՝ ինքնաբավ, հարակա և ինքնակատարելագործվող իրավունքի ու արդարարության համակարգ, որը պայմաններ կստեղծի անհատի, հանրության և ազգի ներուժի առավելագույն իրագործման համար, ինչը գործարկելու հարցում առաջնային ենք համարում հետևյալի իրականացումը՝ որպես իրավական համակարգի համապարփակ ռեֆորմ.
· արագ, արդյունավետ և պրոֆեսիոնալ դատական համակարգի կայացում, այդ թվում՝ մասնագիտացված դատարանների (առևտրային, ֆինանսական, աշխատանքային) ստեղծմամբ, դատավարական նորմերի արմատական վերանայմամբ, վերաքննության արդյունավետ համակարգի կայացմամբ, դատական պաշտպանության իրավունքի չարաշահման դեպքերի կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ,
· տնտեսական կարգավորման հնարավոր առավելագույն ազատականացում՝ անհրաժեշտ նվազագույն, թիրախային, տարբերակված կարգավորմամբ, սակայն՝ նորմերի հավասար, համահարթ և արդյունավետ գործադրմամբ,
· մասնավոր իրավունքի համապարփակ ռեֆորմ՝ միտված գործարար հարաբերությունների նկատմամբ կիրառվող կարգավորումներն անհատների նկատմամբ կիրառվող նորմերից հստակ սահմանազատելուն (առաջինների դեպքում՝ պայմանագրային ազատության բացարձակ կիրառմամբ և իմպերատիվ միջամտությունների հնարավոր նվազեցմամբ)՝ պաշտպանելու գործարքները, այդ թվում՝ բանավոր և հասարակ գրավոր ձևով կնքված (բացառությամբ անշարժ գույքի և պայմանագրային հատուցման/օտարման արժեքի բարձր շեմը գերազանցող գործարքների), հստակ սահմանելու իրերի և իրային իրավունքի այլ ակտիվների առարկա հանդիսացող ակտիվների տիրապետման, օգտագործման և օտարման/տնօրինման պարզ և կայուն ռեժիմ՝ զերծ հակասություններից՝ մասնավոր իրավունքի դասական հայեցակարգերի հիման վրա, ճնշելու անբարեխիղճ վարքի, խարդախության և նենգության հնարավորությունը՝ իրավահարաբերության բարեխիղճ կողմին տրամադրելով բացարձակ պաշտպանություն,
· արմատապես վերափոխել քրեական և քրեադատավարական օրենսգրքերը՝ ՀՀ պետական խնդիրներին և մարտահրավերներին համապատասխան՝ մասնավորեցնելու և վերադասակարգելու համար հանցակազմերն ու պատժաչափերը՝ համաձայն հայկական միջավայրի և ՀՀ անկախ պետական քաղաքականության հրամայականների, մասնավորապես ստեղծելու համար համակարգ, որտեղ պետությունը ոչ թե ճնշում է և ծանրաբեռնում ազնիվ ու բարեխիղճ քաղաքացուն կամ բիզնեսին՝ կանխելու համար անօրինական վարքի հնարավորությունը, այլ արդյունավետ միջոցներ է կիրառում արդեն իսկ ի հայտ եկած անբարեխիղճ և օրինազանց վարքի դեմ՝ ապախրախուսելու համար այդպիսինի ի հայտ գալը. ճշգրտել և հստակեցնելու անձանց կալանավորման չափանիշները,
· Վարչական իրավունքի ոլորտում դադարեցնել Վարչական իրավախախտումների օրենսգրքի գործողությունը, վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանել համապատասխան վարքի կանոնը սահմանող օրենքներում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կրթական համակարգն անկախ պետականության ավելի քան երեք տասնամյակում մեծապես պահպանել է խորհրդային մոդելի նպատակներն ու մեթոդները, ինչի հետևանքով դպրոցը լիարժեք չի ձևավորում անկախ և ինքնիշխան քաղաքացի։ Այն չի ծառայում անկախ, ինքնիշխան Հայաստանի պետական և հասարակական նպատակներին։ Բարձրագույն կրթությունը մեծ մասամբ կտրված է տնտեսության ու արտադրության պահանջներից, իսկ գիտության ոլորտում բացակայում է հստակ պետական պատվերը և կիրառական ուղղվածությունը՝ հատկապես ազգային կարիքներին համապատասխան հումանիտար ու հասարակագիտական դպրոցների ձևավորման մասով, ինչի հետևանքով կրթություն–գիտություն–պետական նպատակներ կապը չի դառնում միասնական համակարգ։
Ծրագրի գլխավոր նպատակն է ձևավորել ֆիզիկապես և հոգեպես առողջ, բարձր արժեհամակարգով, բարձր մասնագիտական կարողություններով, ճկուն և բազմակողմանի զարգացած սերունդ, որը պատրաստ է ապրել և գործել արագ փոփոխվող աշխարհում՝ սեփական պետության շահերից ելնելով։
- Ֆիզիկական և հոգեկան առողջություն.
· արմատապես վերափոխել ֆիզիկական կրթության համակարգը,
· ամրապնդել երեխաների կապը բնության հետ։
- Արժեհամակարգ.
· ներդնել ազատասեր, աշխատասեր, ազնիվ, ընտանիքին ու ընկերությանը նվիրված անհատի դաստիարակության բաղադրիչներ,
· ձևավորել հայրենասեր, հայրենատեր, ինքնիշխան քաղաքացի։
- Հիմնարար կարողությունների զարգացում.
· խրախուսել հետաքրքրասիրությունը վաղ տարիքից,
· զարգացնել ինքնուրույն մտածելու և սովորելու ունակությունը,
· ապահովել բազմակողմանի զարգացում։
- Կրճատել դպրոցական կրթության տևողությունը և դասաժամերի քանակը.
· վերանայել դպրոցական կրթության կառուցվածքը,
· օպտիմալացնել դասաժամերի ծանրաբեռնվածությունը։
- Հիմնել էլիտար դպրոցներ
· Ստեղծել անկախ Հայաստանի ապագա էլիտայի ձևավորման հատուկ դպրոցներ
- Ներդնել Սփյուռքում ազգային կրթական համակարգ.
· կազմակերպել ազգային կրթության միասնական չափանիշներով գործող ցանց։
- Խրախուսել մասնավոր կրթական հաստատությունների զարգացումը.
· աջակցել մասնավոր դպրոցների, ԲՈՒՀ-երի և այլ կրթական հաստատությունների ստեղծմանն ու գործունեությանը։
- Ստեղծել առցանց որակյալ կրթական բովանդակություն.
· մշակել առցանց դասընթացներ,
· պատրաստել ուսումնական ուղեցույցներ։
- Վերափոխել բարձրագույն կրթության համակարգը.
· զարգացնել համաշխարհային միտումներին և պետության ռազմավարական կարիքներին համապատասխան մասնագիտությունները,
· բացել ԲՈՒՀ-երում դասախոսության հնարավորությունը գիտության, տնտեսության և արտադրության առաջատար մասնագետների համար,
· ինտեգրել տեսական և գործնական ուսուցումը,
· ներգրավել ուսանողներին մասնագիտական գործունեության մեջ,
· արմատապես փոխել ռազմական կրթությունն ու ռազմական գիտությունը՝ հայկական ռազմական փորձի, ժողովրդագրության, աշխարհագրության և ազգային հոգեբանության հիմքով։
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
-
Կայացնել գիտության պետական պատվերի համակարգը։
-
Ձևակերպել պետական կարիքները գիտության համար և ներդնել արդյունավետ պետական պատվեր։
-
Ընտրել ռազմավարական գիտական ուղղություններ և ապահովել հատուկ ֆինանսավորում։
-
Զարգացնել ֆունդամենտալ գիտությունը՝ որպես կիրառական ուղղությունների հիմք։
-
Ծառայեցնել գիտությունը անկախ Հայաստանի քաղաքական, պետական և հասարակական նպատակներին։
-
Հիմնել հումանիտար և հասարակագիտական ազգային գիտական դպրոցներ։
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամը միայն ծնելիության կամ արտագաղթի հարցը չէ. այն համակարգային է և վերաբերում է բնակչության տարածքային բաշխվածությանը, ուրբանիզացիային, տարածքների յուրացման մակարդակին, հաղորդակցության ցանցին և կառավարման կենտրոնացմանը։ Առանձին ռիսկ է նաև «երրորդ աշխարհի» երկրներից անվերահսկելի ներգաղթի հեռանկարը, որը կարող է ժամանակի ընթացքում հարցականի տակ դնել Հայաստանի մոնոէթնիկ կառուցվածքը։
«Ազգային հեղափոխության» առաջարկն է ձևավորել կենսունակ, ինքնավերարտադրվող և անվտանգության պահանջներին համարժեք համակարգ, որը միավորում է տարածքների բնակեցման հավասարակշռությունը, կառավարման և ենթակառուցվածքների արդյունավետ կազմակերպումը, մարդկային կապիտալի վերարտադրությունը և միգրացիայի կառավարելիությունը։ Այսպես.
· Փոխել բնակչության տարածքային բաշխվածությունը, սկսել երևանակենտրոնության հաղթահարումը՝ զբաղվածության և ֆինանսական հոսքերի զգալի մասը տեղափոխելով մարզեր։
· Կայունացնել գյուղական բնակչության առկա մակարդակը, մշակել և իրականացնել գյուղատնտեսության զարգացման ծրագրեր։
· Կազմակերպել մարզերի կենսունակացման քաղաքականություն՝ մարզերը դարձնելով ինքնուրույն, ինքնազարգացող և կենտրոնական գործառույթների մի մասն իրենց վրա վերցնող տարածքներ։
· Ստեղծել ժողովրդագրական կայուն վերարտադրության պայմաններ՝ ընտանիքի կայունության, ծնելիության խթանման, կանխարգելիչ առողջապահության և երիտասարդության սոցիալական վերելքի համադրված քաղաքականությամբ։
· Գործարկել կառավարվող միգրացիոն քաղաքականություն՝ աշխատաշուկայի պահանջների, անվտանգության և ինտեգրման չափանիշներով։
· Խթանել սփյուռքհայության ներգաղթը՝ ստեղծելով ներգաղթի կազմակերպման կառույց և արդյունավետ գործող համակարգ։
ՍՊՈՐՏ
Հայկական սպորտի գլխավոր խնդիրը ոչ թե առանձին թերություններն են, այլ ամբողջական համակարգի բացակայությունը։ Այսօր ոլորտը գործում է հատվածական՝ հենվելով խորհրդային ժառանգության, առանձին մարդկանց ջանքերի կամ պատահական ֆինանսավորման վրա, իսկ պետական աջակցությունը հիմնականում վերածվել է մեդալ ստացած մարզիկներին պարգևատրելու՝ գրեթե անտեսելով զարգացման ճանապարհը, մրցակցային միջավայրը և հնարավորությունների ստեղծումը։
Պետության սպառողական ու մեդալակենտրոն մոտեցման և մասնավոր ներդրումների գրեթե բացակայության (ֆուտբոլում՝ միայն մասնակի ակտիվության) հետևանքով սպորտը մնում է իբրև պետական բեռ և բարեգործության թիրախ։
«Ազգային հեղափոխությունը» սպորտի զարգացումը տեսնում է ինքնավար և ինքնավերարտադրվող սպորտային համակարգի ստեղծման մեջ, որը կհիմնվի «ժողովրդականացում → պրոֆեսիոնալ սպորտ → հաղթանակներ → նոր ժողովրդականացում» շղթայական տրամաբանության վրա, և որտեղ պետության դերը կսահմանափակվի կարգավորիչ, արբիտրաժային և մշտադիտարկման գործառույթներով։ Այդ համակարգի կայացման համար անհրաժեշտ է․
• ստեղծել ինքնաբավ համակարգի իրավական և ինստիտուցիոնալ հիմքեր,
• ստեղծել սպորտային արբիտրաժային դատարան՝ վեճերի արագ և պրոֆեսիոնալ լուծման համար,
• խթանել մասնավոր ներդրումները սպորտում և հարակից ոլորտներում՝ մասնավոր սեկտորը դարձնելով սպորտի ֆինանսավորման հիմնական աղբյուր,
• ակտիվորեն զարգացնել մասսայական սպորտը կրթական ու համայնքային մակարդակներում՝ նոր ծրագրերով, մարզիչների պատրաստման արդիականացմամբ, դպրոցական/ուսանողական/համայնքային կանոնավոր մրցաշարերով,
• սպորտը դարձնել քաղաքացու առօրյայի բնական մաս՝ հասանելի ենթակառուցվածքներով և հանրային ներգրավվածության խրախուսմամբ,
• կայացնել ակումբային համակարգը՝ որպես պրոֆեսիոնալ սպորտի հիմնական հենասյուն (ակումբներ, լիգաներ, մրցակցային առաջնություններ),
• կայացնել սպորտային ինդուստրիան՝ որպես տնտեսության ինքնուրույն ճյուղ (արտադրություն, ծառայություններ, ենթակառուցվածքների շինարարություն, մարքեթինգ, սպորտային տուրիզմ),
• վերանայել Սփյուռքի հետ սպորտային համագործակցության մոդելը՝ համակարգային ծրագրերով, ակումբային և մրցաշարային ձևաչափերով,
• Հայաստանը դարձնել տարածաշրջանային և միջազգային սպորտային կենտրոն՝ մրցաշարերի կազմակերպմամբ և սպորտային տուրիզմի զարգացմամբ։
