30 տարի Հաղթանակի և պարտության միջև
2023 թվականին լրանում է Արցախյան պատերազմում (1991-94) հայկական մեծ հաղթանակների (1993-ի փետրվարից մինչև հոկտեմբերը) 30 տարին:
Հենց այդ ամիսների ընթացքում՝ ուղիղ 30 տարի առաջ հայկական զորքերն իրականացրեցին Մարտակերտի շրջանի զգալի մասի (այդ թվում Մարտակերտ շրջկենտրոնի) ազատագրման, նաև՝ Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի օպերացիաները, որոնցով արմատապես փոխվեց իրավիճակը ռազմաճակատում:
Թվում է, թե այսօր ամենա անհարմար պահն է հիշելու այդ հաղթանակները: Թվում է, թե դրանք նվազագույն կապ ունեն այսօրվա իրականության հետ, անդառնալի անցյալ և աղոտ հուշ են միայն, որն ապրում է այդ տարիները տեսած ու հաղթնակի զգացումը վերապրածների մտքում միայն:
Իրականությունը, սակայն, այն է, որ հենց այսօր է ճիշտ ժամանակը հիշելու 30 տարի առաջ եղածը: Ավելին՝ չկա այսօր ավելի կարևոր բան հիշելու, խոսելու, վերապրելու: Որովհետև պարտության և հուսալքման տարիներին, չկա հոգեբանական ավելի կարևոր հենակետ, իմացության ավելի ճիշտ աղբյուր քան հետադարձ հայացքը հաղթանակի տարիներին:
1.
1993-ի հաղթանակները հեշտությամբ ձեռք չեն բերվել: Դրանք հետևեցին պատերազմի ծանրագույն շրջանին՝ 1992-ի հունիսից ծավալված ադրբեջանական հարձակման ընթացքում մենք, պարտություններ կրելով, կորցրեցինք Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի մեծ մասը:
1992-ի աշնանը ծանր մարտեր ծավալվեցին Լաչինի միջանցքի շուրջ, որոնց ընթացքում մի պահ մոտ էր թվում դրա գրավումը թուրքերի կողմից: Այս ամենի արդյունքում Լեռնային Ղարաբաղի մոտ 50 տոկոսն էր միայն մնում մեր վերահսկողության տակ (պետք է հաշվի առնենք, որ Հադրութի և Մարտունու շրջանների մի մասը թուրքերի վերահսկողության տակ էր դեռևս 1991-ից): Բնականաբար ունեցանք շատ զոհեր:
Է՛լ ավելի շատ էին վհատվածները, որոնք չէին հավատում այդ իրավիճակում հաղթանակի հեռանկարին, կամ այնպիսինները, որոնք հաշվարկում էին իրենց քաղաքական ծրագրերը՝ խաղադրույքը դնելով պարտության վրա:
Բայց կազմակերպված դիմադրությունը՝ հիմնված ժողովորդական շարժումից դուրս եկած ռազմական հրամանատարության պայքարի կամքի վրա ի վերջո շրջեցին իրավիճակը:
1993-ի փետրվարին հայկական զինուժը պաշտպանությունից անցավ հակահարձակման, և սկսվեց պատերազմի նոր փուլը:
Հաղթանակների այս փուլն էլ վերջնական թեթևացում չէր: Սկսած 1993-ի նոյեմբերից ԱՊՀ—ում իր մասնակցությունը նոր վավերացրած (1993-ի սեպտեմբեր) Ադրբեջանն անցավ նոր հարձակման ամբողջ ճակատով: Հիմնական ուղղություններն էին՝ Քելբաջարը, Հորադիզը, Աղդամը: Այս հարձակման ընթացքում թուրքերը մեծ տարածքային ձեռքբերումներ չունեցան, սակայն, ծավալված մարտերը շատ ծանր էին, և մարդկային կորուստները մեծ:
Հատկապես ծանր իրավիճակ ստեղծվեց Քելբաջարի ճակատում, որի զգալի մասը թուրքերը մի պահ կարողացել էին վերագրավել: Այսինքն՝ այսօր այդքան հեշտ թվացող հաղթանակներին նախորդել է, այլև հաջորդել է՝ ծանր պաշտպանական մարտերի, դիմադրության փուլեր, երբ շատ անգամ թվում էր, թե պարտությունն անխուսափելի է, իսկ հաղթանակն՝ անհնար:
Հաղթանակները երբեք չէին լինի, և դրանց արդյունքները հնարավոր չէր լինի պահպանել, եթե չլիներ դիմադրության համառ կամքը:
Ի դեպ, ռազմական տեսությունն էլ սահմանում է պարտությունը որպես դիմադրության կամքի ոչնչացում, այլ ոչ թե տարածքային կորուստ կամ այլ բան: Այսինքն՝ հնարավոր չէ հաղթանակ տանել այնքան ժամանակ, քանի դեռ չի կոտրվել հակառակորդի դիմադրության կամքը՝ անկախ տարածքային և մարդկային կորուստներից:
2.
Պարապությունից կամ ագրեսիվությունից ու չարությունից չէր, որ հայկական զորքը 1993-ին մտնում էր Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող Ադրբեջանի շրջաններ՝ Քելբաջար, Աղդամ, Ֆիզուլի և այլն, իսկ մինչ այդ՝ 1992-ին՝ Լաչին:
Դա կենսական անհրաժեշտություն էր, պատերազմի և պայքարի տրամաբանությունից բխող բնական և անայլընտրանք քայլ:
Հնարավոր չէր ապահովել ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի անվտանգությունը, հնարավոր չէր հաղթանակ տանել պատերազմում և հաշտություն պարտադրել թշնամուն՝ առանց այդ շրջանների խնդիրը լուծելու:
Այսօր, երբ նախնին ազատագրված տարածքները, այդ թվում Լաչինն այլևս մեր վերահսկողության տակ չեն, մենք սեփական մաշկի վրա ենք զգում, թե ո՛րն էր դրանց կարևորությունը Հայաստանի (ներառյալ Արցախը) համար:
Ի դեպ, այդ տարածքների մի մասը 2020-ին մենք զիջել ենք առանց դիմադրության, ինչպես Իլհամ Ալիևն էր հպարտանում՝ առանց «բիր գյուլլա» (մեկ գյուլա)՝ Քելբաջարը, Աղդամը, Լաչինը….:
Մենք այսօր ապրում ենք գրեթե ճիշտ նույն օրերը, ճիշտ նույն հոգեբանությամբ, ինչ 1988-91-ին: Նորից՝ դիմում ենք աշխարհի, միջազգային հանրության, առաջադեմ մարդկության, ՄԱԿ-ի, ռուսաց ցարի և ֆրանկաց նախագահի արդարամտությանը: Մենք այս ամենն անցել ենք, այն էլ բազմաթիվ անգամներ մեր պատմության մեջ, և ի վերջո հասունացել ենք սեփական ուժով հարցերը լուծելու տարբերակին: Կամ ավելի ճիշտ՝ թվում էր, թե հասունացել ենք….:
Պարզվեց (ո՜վ, զարմանք), որ կեղծիք է խաղաղությունը՝ չապահովված սեփական ուժերով: Ոչ մի զարմանալի կամ առավել ևս խորհրդավոր բան չկա, որ այսօրվա իրավիճակն այդքան հիշեցնում է 1988-91-ը:
Շատ բնական է, որ վերադարձնելով ռուսական զորքն Արցախ, որն այն լքել էր 1991—վերջին 1992-ի սկզբին, մենք կստանանք նույն իրավիճակն, ինչը եղել է մինչև 1992-ը, երբ ռուսական զորքը դեռ դուրս չէր եկել: Դա կանխատեսելու համար հանճարի ուղեղ պետք չէր ունենալ: 3 Ի՞նչ արեցինք, ինչպե՞ս կորցրեցինք մեր հաղթանակը, ե՞րբ սկսվեց կորուստը՝ ո՞ր կետից, ո՞ր թվականից: Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է ոչ թռուցիկ խոսակցություն, այլ ամբողջ գրքեր գրվեն, որպեսզի պատասխանները լինեն համարժեք, հիմնավորված ու կշռադատված:
Բայց այսօր ու այստեղ պետք է արձանագրենք կարևոր ելակետը: Հաղթանակի կորուստը, հաղթանակից հրաժարիմքը, պարտության ընդունումը չբերեց բաղձալի խաղաղության:
Չէր էլ կարող բերել: Այսօր մենք առավել հեռու ենք կայուն խաղաղության հեռանկարից քան երբևէ:
Չկարողանալով պահել մեր՝ այդքան ծանր գնով ձեռք բերած հաղթանակները, մենք ընդամենը վերադարձել ենք դեպի մեր հին՝ անկայուն, անապահով, անհեռանկար վիճակը, որն այդքան ծանոթ է հայ ժողովրդի պատմության վերջին մի քանի դարերին:
Այսօր, ինչպես և 30 տարի առաջ մեզ պետք է պայքարի և դիմադրության ոգի, գաղափարախոսություն և ծրագիր, որովհետև պատերազմը շարունակվում է, և ելքը վերջնականապես վճռված չէ:
Պարտությունը չի կարող ապահով հիմք լինել ազգի ապագայի: Միայն հաղթողներն են արդար և իրապես ապահով:
Հրանտ Տեր-Աբրահամյան,
«Մարտական եղբայրություն» միաբանություն